«Մենք նպատակ ենք դրել մշակելու ապագա հայկական պետության, պայմանականորեն անվանում ենք նոր որակի հայկական պետության, ռազմավարական ծրագիրը: Այն, ըստ մեր փաստաթղթի, կոչվում է նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայացակարգ»,- հոկտեմբերի 12-ին Նախախորհրդարանի կազմած «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի» նախագծի միջազգային հարաբերություններ բաժնի քննարկման ընթացքում հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ծրագիրը չի կարող իրականացվել 1 – 2 տարում, այն պահանջում է ամբողջ ազգի ջանքերի համախմբումը: Նա նաև պարզաբանեց՝ ի՞նչ է նշանակում «Նոր որակի հայկական պետություն».
«Նոր որակի պետություն ասելով՝ մենք հասկանում ենք այնպիսի պետություն, որը կկարողանա ապահովել մարդու և ազգի ազատ ու ստեղծագործ զարգացումը, համախմբել հայությանը իր հայրենիքի, իր հայրենի պետականության շուրջ և ներառելով համազգային ցանցային համակարգի մեջ նրան վերածել տարածաշրջանային, հետագայում նաև համաշխարհային գործոնի»:
Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենք հանրությանն են ներկայացնում իրենց առաջին նպատակը. «Այս ոլորտի հրատապությունը բոլորս էլ հասկանում ենք, այն կապված է հատկապես սեպտեմբերի 3-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հայտնի հայտարարության հետ: Իհարկե՛, մենք ոչ թե խոսելու ենք բուն հայտարարության և նրա հետևանքների մասին, այլ այն նոր հայեցակարգի մասին, այն կոնտեքստի մասին, որտեղ պետք է որևէ միջազգային որոշում Հայաստանի Հանրապետությունում դիտարկվի»:
Կարդացեք նաև
Միջազգային մակարդակում ռազմավարական հայեցակարգի գլխավոր նպատակն է Հայաստանի՝ որպես ավանդական և ոչ ավանդական դերակատարների միջև կամրջող խաչմերուկի դերի նորովի վերաստանձման, ինչպես նաև՝ նրան միջազգային հարաբերությունների օբյեկտի վերածման ապահովումը: Նախախորհդարանը նաև նպատակ է դրել հաղթահարել միջազգային հարաբերությունների ասպարեզում ցեղասպանության հետևանքները:
Ծրագրի իրականացման հիմնական ուղիներն են պետության ու ազգի համախմբումն ու բազմապատկումը, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը, տարածաշրջանների մեջ երկխոսությունների ապահովումը:
Հայեցակարգի սկզբունքներն են հայակենտրոնությունը և Հայաստանակենտրոնությունը, ազգային շահերի գերակայությունը, համահայկականությունը, նախաձեռնողությունը և նորարարությունը, հավասակշիռ բազմավեկտորությունը և ցանցայնությունը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ