Հոկտեմբերի 12-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` «Անպետք» ֆիլմը` ինքնասպանությունների դեմ պայքարի միջոց» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասաններ Գեորգի Հովակիմյանը, Արա Սարգսյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Խոսելով ասուլիսի նպատակի մասին` Արշակ Զաքարյանն ասաց. «Ասուլիսը հրավիրել ենք ոչ թե ֆիլմը ներկայացնելու (ֆիլմն ինքն իրեն կներկայացնի), այլ նրանում արծարծված թեմայի մասին խոսելու համար: Մեզ հուզում են ինքնասպանության դեպքերը, որոնք գրեթե ամեն օր են լինում: Եվ մենք, օգտագործելով մեր մասնագիտությունը, փորձում ենք պայքարել դրա դեմ: Եթե մեր ֆիլմը գոնե մեկ մարդու հետ պահի ինքնասպանության դիմելու քայլից, ես կհամարեմ, որ ֆիլմը հասել է իր նպատակին: Սա կարծեք թե ազգային ֆիլմ է, որովհետև ժողովուրդն է ֆինանսապես օգնում նրա կայացմանը: Ես սա եմ համարում ազգային կինո: Հայտարարությունը տեղադրելուց հետո, երկու օրվա ընթացքում 245000 դրամ հավաքվեց: Հիմա արդեն մոտ 600000 դրամ է հավաքվել, գումար են ուղարկում շատ տարբեր տեղերից: Ճիշտ է, այս գումարը դեռ բավարար չէ ֆիլմն ավարտելու համար, և ես պատրաստվում եմ վաճառել մեքենաս, բայց ամեն ինչ արվում է, որպեսզի ֆիլմը ավարտին հասցնենք»:
Արշակ Զաքարյանը խոսեց նաև այն հիմնական դրդապատճառի մասին, որը մղում է մարդուն ինքնասպանության. «Ես կարծում եմ, որ մարդը հասնում է ինքնասպանություն գործելու գիտակցությանը այն ժամանակ, երբ ինքն իրեն անպետք է համարում իր ընտանիքի, իր շրջապատի, իր միջավայրի համար»,- համոզված է ռեժիսորը: «Անպետք» ֆիլմում անպետքի կերպարը մարմնավորող Գեորգի Հովակիմյանը, կարևորելով այսպիսի ֆիլմերի անհրաժեշտությունը, ասաց. «Այս նախաձեռնությունը շատ տեղին է, որովհետև երբ ինչ-որ դեպք առաջին անգամ է լինում, ասում են` դա ողբերգություն է: Իսկ երբ որ շարունակական է դառնում, մի տեսակ վերածվում է սովորության: Մենք կարծես սովորել ենք, որ մարդիկ ինքնասպան են լինում: Եվ ցավալին այն է, որ այդ մարդկանց կողքին չկա մեկը, որը կկարողանա սթափեցնել, ասել նրան, որ դու անպետք չես: Այս ֆիլմը հենց դրա մասին է»:
Դերասան Արա Սարգսյանն էլ թեման շատ արդիական համարեց և նախընտրելով խոսել ֆիլմում իր մարմնավորած կերպարի մասին` ասաց. «Եթե լինեն իմ կերպարի նման սրտացավ մարդիկ, անտարբերությանը վերջ տրվի, ես համոզված եմ, որ ինքնասպանությունների թիվն էլ կկրճատվի»: Ֆիլմի ռեժիսոր Ա. Զաքարյանը նշեց, որ «Անպետք»-ը կարճամետրաժ ֆիլմ է, և գաղափարն այն է, որ մարդուն հասցնեն այն գիտակցությանը, որ ինքն անպետք չէ: «Ի վերջո, անպետք մարդ չկա»,- վստահ է ռեժիսորը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ