Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլազեւն ու «սուվերեն» Հայաստանը

Հոկտեմբեր 12,2013 14:48

ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն արձագանքում Գլազեւի գնահատականներին

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի՝ «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցի գնահատականներին, իհարկե, նախեւառաջ ճիշտ կլիներ, եթե տնտեսագետները փորձեին արձագանքել, համեմատական վերլուծություն ներկայացնեին ԵՄ ազատ շուկայի, ապա ՌԴ-ի եւ ՄՄ-ին անդամակցող երկրների միջեւ տնտեսական ցուցանիշների ու դրանց առկայության պայմաններում ՄՄ-ի  գործունեության հնարավոր ձեռքբերումների մասին:

Սակայն ռուս պաշտոնյայի հարցազրույցի բովանդակությունը արժանի է նաեւ քաղաքական գնահատականի, սակայն մինչ այժմ ոչ իշխանությունները, ոչ քաղաքական ուժերը չեն արձագանքել դրան, ինչը եւս անսպասելի չի կարելի համարել: Մինչդեռ Գլազեւի հարցազրույցն ամբողջությամբ Հայաստանի՝ որպես պետության, Հայաստանի իշխանության ու քաղաքական դաշտի, ինչպես նաեւ Հայաստանի հասարակության նկատմամբ բացարձակ արհամարհանքի բացահայտ դրսեւորում է:

Նախ Գլազեւն անթաքույց բացել է փակագծերը, թե ինչ «լծակներ» են գործի դրվել Հայաստանին ԵՄ Ասոցացման համաձայնագրից հետ պահելու հարցում, երբ նշել է, որ միասնական տնտեսական տարածքը հնարավորություն է տալիս ՄՄ ներքին շուկայական գներով գազ ստանալ, Եվրասիական տնտեսական տարածքում չեն գործի արտահանման տուրքերը, նավթը եւ նավթամթերքները Հայաստանին կտրվեն առանց մաքսատուրքերի, ինչպես նաեւ հիշատակում է էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկան:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության իրավունքի հարցը ԵՄ-ի հետ որեւէ փաստաթղթի շուրջ բանակցելուն, այստեղ արդեն ռուս պաշտոնյայի բառապաշարը անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Նախ, չգիտես, թե ում կողմից տրված լիազորություններով ու իրավունքով, ռուս պաշտոնյան փորձում է փրկել ՀՀ-ն ԵՄ-ի «ճնշումներից»: Պարզվում է՝ ՀՀ-ին առաջարկել էին դառնալ «ԵՄ-ի վագոն», իսկ Մոսկվան մեզ, փաստորեն, փրկել է Բրյուսելից, եւ ոչ թե ՌԴ-ն է ՀՀ-ին մղել ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացնել, այլ ԵՄ-ն, եւ որպեսզի պահպանի անկախությունը եւ ՌԴ-ի հետ բալանսավորված հարաբերությունները, ըստ ռուս պաշտոնյայի՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր այդ ճնշման ներքո համապատասխան քաղաքական որոշում կայացնել:

Հայաստանի սուվերենության պահպանմամբ «մտահոգ» ռուս պաշտոնյան տարածված համոզմունքի կապակցությամբ, թե ՄՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն ինքնիշխանության կորուստ կունենա՝ հակադարձում է. «Նման խոսակցություններ սովորաբար տանում են մարդիկ, ովքեր ցանկանում են համապատասխան երկրին քարշ տալ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի տիրապետության տակ», եւ բերում է Ուկրաինայի օրինակը…  Այս առիթով պարզապես հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Tert.am-ին տված հարցազրույցում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ ՀՀ ինքնիշխանության թեմայի շուրջ՝ նշել էր. «Այս պահի դրությամբ, որքանով ես եմ տեղեկացված, խնդրո առարկա համաձայնագիրը չի պակասեցնում մեր ինքնիշխանությունը եւ չի խանգարում այլ երկրների նկատմամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը»։

Իսկ այն, ինչ կատարվում է այս օրերին Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի կողմից, կարելի է տարբեր գնահատականներ հնչեցնել ՌԴ-ի հասցեին՝ չխնայելով որեւէ կոշտ ձեւակերպում: Նույն Գլազեւը բառացիորեն երկու օր առաջ, նպատակ ունենալով, իր իսկ լեզվով ասած՝ «քարշ տալ» Ուկրաինային դեպի ՄՄ՝ չբացառեց, որ ՄՄ անդամ երկրները կարող են վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հետ, եթե վերջինս չմիանա այդ կառույցին: Այս տեղեկատվությանն անմիջապես հետեւեց Ուկրաինայի արձագանքը, այստեղ արդեն ստիպված են, կարծես, ռուսներին հասկանալի լեզվով խոսել: Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց ռուսական գազից ամբողջովին հրաժարվելու հնարավորության մասին՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, քան 10 տարին:

Հետաքրքրականն այն է, թե ռուս պաշտոնյան ի՛նչ բացառիկ հեգնանքով է խոսում Հայաստանի կողմից այս կամ այն որոշումը կամ ընտրությունը կատարելու իրավունքի մասին, եւ այդ ամենը Հայաստանի հանդեպ ինչպիսի՛ «պատասխանատվության» եւ «հոգատարության» զգացումով է ասում. «… Իսկ այն, ինչ առաջարկվում է Հայաստանին ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, կուրորեն կատարել ԵՄ հրահանգները՝ չունենալով այդ հրահանգների կայացման վրա որեւէ կերպ ազդելու հնարավորություն, համաձայնեցնել օրենսդրական դաշտը ԵՄ-ի հետ, եւ պետք է կազմավորվի նաեւ վերազգային կոմիտե՝ մասամբ ԵՄ-ի ներկայացուցիչներից, մասամբ՝ Հայաստանի, որի հետ պետք է ամեն ինչ համաձայնեցնել»: Հետո նա ներկայացնում է ՄՄ-ի առավելությունները. «Ակնհայտ է, որ Մաքսային միության մեջ մտնելով՝ Հայաստանը պահպանում է ինքնուրույնությունը եւ հնարավորություն ունի թույլ չտալ որեւէ որոշման ընդունում, որը հակասում է իր հետաքրքրություններին, իսկ ԵՄ-ում կլինի Բրյուսելի դիկտատուրան»: Նա շատ պարզ բացատրում է, թե ինչ նկատի ունի՝ բերելով մեկ այլ ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի օրինակը եւ խառնվելով այլ երկրի ներքին գործերին. «ԱՄՆ դեսպանը չի դադարում վախեցնել Ուկրաինային, որ նա պետք է անդամակցի ԵՄ-ին, Յանուկովիչն ամեն շաբաթ ստիպված է լինում ընդունել եվրահանձնակատարներին: Եվրաչինովնիկներն ընդհանրապես Ուկրաինայից դուրս չեն գալիս, նրանք անընդհատ գտնվում են այնտեղ: Եվրոպական դեսպաններն են շատ ակտիվորեն «մշակում» Ուկրաինայի քաղաքական գործիչներին: Այսինքն՝ ահաբեկումներն ավելի շուտ նրանց կողմից են լինում»:

Թե ինչ փութաջանությամբ են գործում ՌԴ-ի «մշակած» գործիչներն ու փորձագետները, նրանց մասին հիշատակում է Գլազեւն արդեն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարզացրույցում նույն օրը՝ կարծիք հայտնելով, թե ՀՀ նախագահը ժամանակին հետ կանգնեց եւ կարգի հրավիրեց իր կառավարությունը. «Հայաստանին գրեթե խցկել են կոնվեյերի մեջ, բայց մեր փորձագետների օգնությամբ մենք օգնեցինք հայ գործընկերներին վերլուծել ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստը»:

Դե, իսկ այն, որ ռուս պաշտոնյան ՀՀ իշխանություններին եւ ԵՄ-ի հետ բանակցողներին մեղադրում է նրանում, որ նրանք ծանոթ չեն եղել ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստին, երբ նշում է՝ «հայկական բանակցողները նույնիսկ նեղություն չեն կրել կարդալ տեքստերը», վատ չէր լինի, իհարկե, եթե Հայաստանի կառավարությունը, ԱԳՆ-ն գոնե մամլո խոսնակների մակարդակով արձագանքեին այս անհեթեթ հայտարարությանը, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ պաշտոնյաներն են «բացահայտել» Ասոցացման համաձայնագրի տեքստի վտանգները ՀՀ իշխանություններին ու հիմա էլ հանրությանն են իրազեկում, թե ինչ ավերածություններից են փրկել Հայաստանը, որը, փաստորեն, այդքանը գիտակցելու ունակ իշխանություն էլ չունի…

Այսքանից հետո Կալինինգրադի մարզը Հայաստանի դեպքում որպես օրինակ բերելը չնչին հարց է թվում։ Դեռ պետք է շնորհակալ լինենք, որ Գլազեւը հարցազրույցում մեկ-երկու անգամ մեծահոգաբար, բայց ձեւականորեն հիշատակել է, որ Հայաստանը՝ «սուվերեն պետություն է»:

Կարող էր, չէ՞, դա էլ չասել…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    այս “հոդվածը” լավագույն կարելի է համալսարաններում մատուցել որպես մի հիանալի օրինակ, թե ինչպես է ժամանակակից “Ժուռնալիստիկան” ապականում, ձևախեղում բուն նյութը:

    Հ.Գ. 1 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ , ինչու՞ այդքան չեք սիրում Ռուսաստանը: Տպավորություն կա, որ Դուք ինչ-ինչ անձնական հարցեր ուենք և դա ցավոք համառորեն մատուցում եք այս թերթի միջոցով:

    Հ.Գ. 2 այս հոդվածը և ձեր խմբագրի այսօրվա առաջնորդողը լրիվ իրար հալկառակ ծայրեր են, երբ ձեր խմբագիրը ցույց է տալիս թե ինչ հիմար բան է “դավադրությունների” տեությունը, իսկ դուք, Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ռուսաստանի և ամն մի ռուս ոչ “դեմոկրատ” ռուսաստանցու հանդեպ ծայրից ծայր “դավադրությունների” “բացահայտմամբ” եք զբաղված

  2. Արսեն says:

    ՌԴ-ի չինովնիկների հայտարարություններիը և գործելաոճը վաղուց է հայտնի:Դրանց ամեն անգամ իր հաղորդումներում անդրադառնում է հայտնի վերլուծաբան Պոզները, զարմանալին մեր իշխանությունների լռությունն է,որոնք յուրքանչյուր անհեթեթ հայտարարությունում հնչող մտքի հետ կարծես թե համաձյն են:

  3. Համլետ says:

    Գլազևն ասում է այն,ինչին արժանի են՝ սկսած 1998 թվականից Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության շնորհիվ…Ինձ թվում է,որ նրա դաստիարակությունը թույլ չի տվել ավելի վարքաբեկիչ բառեր ասել մեր խաղամոլ՝ ինքն իրեն նախագահացու կարգած ու երկիրը կործանման եզրին հասցրած անձի մասին…Մի մոռացեք,որ աշխարհում լավագույններից մեկի,ՌԴ-ի հետախուզական ծառայություններն ինչ հականյութեր ունեն դրա ու իր խոնտայի բոլոր անդամների վերաբերյալ…Այդքան բանից հետո վայնասուն դնել,թե՝ յաման հասեք,մեզ ,,անմեղ,, տեղն անտեսեցին,վիրավորեցին,առհամարեցին,Կրեմլ քարշ տվեցին ու պայմանագիր ստորագրել ստիպեցին,օֆշոր տիկոյին ՌԴ Վարչապետը հավուր պատշաճի շան տեղ չդրեց ու “пошел на …” փոխանցեց,իր ապրանք գազի հաշվին՝ առանց պայմանագրի, որոշեց թալանել սեփական ժողովրդին և այլն և այլն…Արհեստական ,,վիրավորված ինքասիրություն,, խաղալը նման է մարմնավաճառի ,,ես կույս եմ,, ծիծաղելի աղաղակներին ու անբարո ճիչերին…Ամեն մարդու (երկրի) արժանապատվությունն իր ձեռքերում է:Արժանապատվության զգացում ունեցողը 15 տարի անընդմեջ չէր հանդուրժի մերօրյա թուրք-յանիչարների կողմից իրականացվող սպիտակ եղեռնն ու ուրիշներից պահանջեր հարգալից վերաբերմունք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031