Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի հայերը «բաստուրմա-սուջուխ» չեն ուզում, ծխախոտ են ուզում

Հոկտեմբեր 12,2013 14:35
cxaxot

Որովհետեւ Եվրոպայում այն շատ թանկ է, Հայաստանում՝ մատչելի, ինչն էլ նպաստում է, որ մեր երկրում ծխողների թիվը շատ դանդաղ տեմպերով պակասի

Եվրոպայում բնակվող հայաստանցի հայերին երբ հարցնում ես՝ ի՞նչ բերեմ, ավանդական հայկական լավաշի, «բաստուրմա-սուջուխի» ու կոնյակի անուն չեն տալիս, ասում են՝ եթե կարող ես, մի քանի տուփ ծխախոտ բեր: Եվրոպական շատ երկրներում ծխախոտի գինը բավականին բարձր է, անգամ տեղացի քաղաքացիների համար, եւ ընտանիքում եթե կինն էլ, տղամարդն էլ ծխող են, ապա լուրջ հարված է ընտանեկան բյուջեին: Ծխախոտի բարձր գինը պայմանավորված է ծխախոտային ապրանք արտադրողների վճարած բարձր հարկերով: Արտադրողների համար բարձր հարկեր սահմանելով՝ այդ երկրի իշխանությունների նպատակը երկրում ծխողների թիվը նվազեցնելն է: Մասնագետների վկայությամբ՝ այսօր ծխախոտի դեմ պայքարի աշխատող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը «մարդու գրպանին կպնելն է»: Հայաստանում առայժմ պայքարի այս ձեւը չի կիրառվում, եւ ծխախոտը, այլ երկրների համեմատ, շատ մատչելի է մեր քաղաքացիների համար: Մի շարք դեպքերում չեն գործում նույնիսկ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի պահանջները: Այսօր մատների վրա կարող ենք հաշվել կազմակերպություններ, որ հետեւում են սահմանափակ տարածքներում ծխելու արգելքին, չնայած որ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան վավերացրել ենք դեռ 10 տարի առաջ, որով ստանձնել ենք մի շարք պարտավորություններ: Դրանք մեր երկիրն իրականացնում է ծխելու  դեմ պայքարի պետական ծրագրերով:

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: Թե այս 10 տարիների ընթացքում որքանով են պակասել ծխողները, Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ այն արդյունքները, ինչ էլ որ այսօր ունենք, կարելի է ձեռքբերում համարել: Մեր այն դիտարկմանը, թե փողոցներում ծխող մարդիկ կարծես թե շատացել են, եւ ծխախոտով ավելի շատ անչափահասների կարելի է տեսնել, պարոն Բազարչյանը նկատեց, որ ճիշտ է, Հայաստանում մեծահասակ տղամարդկանց 50 տոկոսը ծխում է, սակայն արտաքին տպավորությունը ամենեւին չի արտացոլում վիճակագրության պատկերը. «Երբ Կանադայում ծխախոտին առնչվող օրենքները մտան ուժի մեջ, մարդիկ փողոցներում ավելի շատ սկսեցին հանդիպել ծխող մարդկանց, քանի որ օրենքը արգելեց սահմանափակ տարածքներում ծխել»: Ըստ պարոն Բազարչյանի՝ երեք անգամ տարբեր տարիներին արված հետազոտությունները փաստում են, որ մեր երկրում նվազել է ծխող մարդկանց թիվը՝ չնայած որ Ա. Բազարչյանի կարծիքով՝ մարդիկ մտածում են, թե այդ թվերը «նկարված» են. «Ծխող դեռահասների թիվը նվազել է, հետազոտությունների հեղինակը ես եմ եղել՝ 2010-ին: Միակ ահազանգող ցուցանիշն այն է եղել, որ հարցման ենթարկված 15 տարեկան տղաները նշել են, որ բարերում, սրճարաններում հնարավորություն են ունեցել առանց որեւէ խնդրի նարգիլե ծխելու, այսինքն՝ նշել են, որ որեւիցե խնդիր՝ նարգիլե պատվիրելու հետ կապված, չեն ունեցել: Խանութից ձեռք բերելու հետ կապված էլ նրանք որեւէ խնդիր չեն ունեցել: Հարցվածների 70 տոկոսն ասել է՝ ո՞վ կարող է մեզ արգելել եւ հարցնել, թե ինչու են գնում: Իսկ 30 տոկոսի դեպքում մերժումը եղել է: Կան հիմնախնդիրներ, որ լուրջ ահազանգ են, բայց ինչ վերաբերում է ավելանալուն, ապա չի ավելացել»:

Ա. Բազարչյանի տվյալներով՝ վերջին երեք հետազոտությունները փաստում են, որ  15 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ ծխելու ցուցանիշը 57-58 տոկոսից նվազել է՝ դառնալով 51. «Ես չեմ ուզում ասել՝ դա մեծ տեղաշարժ է, բայց այն, որ կասեցված է, ավելացում չկա, դա մեծ ձեռքբերում է: Կանանց մոտ ծխախոտի օգտագործումը նույնն է մնացել վերջին 9-10 տարում, բայց դարձել է ավելի տեսանելի, որովհետեւ որոշակի կարծրատիպեր քանդվել են»:

Հարցին, թե ինչո՞ւ է ծխելու դեմ պայքարը դանդաղ տեմպերով առաջ գնում, եւ արդյոք դրան չե՞ն նպաստում ծխախոտի ցածր գնով պայմանավորված՝ այդ ապրանքի հասանելի լինելը, օրենքների անկատարությունը եւ այլն, պարոն Բազարչյանն ասաց. «Նախ այն լեգալ պրոդուկտ է, եւ այդ լեգալ պրոդուկտը ձեւավորել է վարքագիծ, եւ այդ վարքագիծը կախվածության ֆոնի վրա է ձեւավորել: Օրենքի պահանջները չկատարելը նույնպես խոչընդոտ է հանդիսանում ավելի լավ արդյունքներ ունենալու համար: Անկասկած, այդ խնդիրները կան, դրանք կան նաեւ Խորհրդային Միության այլ երկրներում:

Մենք կարող ենք համեմատականներ տանել նաեւ Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ, որոնց թվում կան այնպիսիները, որ ծխելու դեմ պայքարի հարցում դրական արդյունքների չեն հասել՝ մի շարք գործոններով պայմանավորված: Եվ այս ոլորտի մասնագետները գիտեն, որ կան Արեւմտյան Եվրոպայի երկրներ, որտեղ դժվարանում է այդ խնդիրը, որտեղ դիսցիպլինար օրենքներ մտցնելը դժվար է»: Մեր երկրում, պարոն Բազարչյանի ներկայացմամբ, հատկապես շատ բարդ խնդիր է դեռահասներին ծխախոտի վաճառքի հարցը. «Ամենաթույլ կետերից մեկը մեզ մոտ  դեռահասներին ծխախոտ վաճառելն է»:

Ինչ վերաբերում է փակ տարածքներում ծխելու արգելքին, ապա Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով՝ պետք է խստացվի օրենսդրությունը ոչ թե ծխողի նկատմամբ, այլ տվյալ կազմակերպության, որտեղ օրենքը խախտվում է: Ներկայումս օրենքը ենթադրում է, որ կտուգանվի ե՛ւ ծխողը, ե՛ւ տվյալ կազմակերպությունը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրականում նույնիսկ զարգացած երկրներում է շատ լուրջ պայքար գնում հասարակական վայրերում ծխել-չծխելու խնդրի շուրջ. «Այդ հարցը շատ սուր է դրված, հասարակությունը ծանր է ընդունում մի դեպքում՝ համատարած արգելքները, մյուս դեպքում ծանր է ընդունում ոչ համատարած արգելքները: Բայց որպես բժիշկ եմ ասում՝ հասարակական վայրերում 100 տոկոսով պիտի արգելվի ծխելը:  Օրինակ՝ եվրոպական երկրներ էլ կան, որտեղ լուրջ քննարկվում է փակ տարածքներում ընդհանրապես չլինեն ծխելու եւ չծխելու վայրեր, որովհետեւ երբ ստեղծվում են ծխել-չծխելու տարածքներ, շատ դժվար է լինում օրենքով վերահսկելը»:

Նշենք, որ ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագրով եկող տարվանից ծխախոտի տուփերի կեսից ավելին ծածկված կլինեն սարսափազդու նկարներով:

Ներկայումս տուփի մինչեւ 30%-ն է փակվում առողջապահական նախազգուշացնող հայտարարություններով:

ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    երբ ես եվրոպական միության լիարժեք անդամ Բուլղարիայում էի, տպավորություն ստացա, որ այնտեղ նույնիսկ շներն ու կատուներն են ծխող: բնակչությունը ծխում էր համատարած:

    իհարկե, պետք է մի բան մտածել ու այդ չարիքը վերացնել Հայաստանից: Դա ավելի շուտ երևի ընտանիքների խնդիր է, ու դրանով պետք է համառորեն զբաղվեն ընտանիքի անդամները

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031