Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորած աշխատավայրը» դեռեւս անհայտ է

Հոկտեմբեր 12,2013 14:05

 Ակումբի գտնված նախագահն ու հիմնադիրը պարզաբանում են

«Եթե  մենք  ուզենայինք թռնել, ապա հիմա Դուբայում եւ Աֆրիկայում «զագառ»  ընդունելուց կլինեինք»,-ասում է  «Հայասա» սպորտային ակումբ հասարակական կազմակերպության  հիմնադիր Գոռ Քերոբյանը:

«Առավոտի» խմբագրությունը բողոքներ էր ստացել տասնյակ քաղաքացիներից, ովքեր պնդում էին, որ իրենք խաբեության զոհ են: Բանն այն է, որ  «Հայասա» սպորտային ակումբ  հ/կ-ն հայտարարել էր աշխատանքային ընդունելություն: Քաղաքացիներին ասել էին, որ հասարակական կազմակերպության նոր  մասնաճյուղը գործելու էր հոկտեմբերի 6-ից:  Աշխատանքային պայմանագիրը կնքելու ժամանակ՝ որպես աշխատանքի անցնելու պայման, մարդիկ վճարել էին 12 000-ական դրամ: Աշխատանքային առաջին օրվանից երկու օր առաջ, ըստ նախնական  պայմանավորվածության,  աշխատակիցներն  այցելել էին տվյալ կազմակերպության՝ Երեւանում գործող կադրերի բաժին, որտեղից իրենց պետք է գործուղեին աշխատավայր՝ ծանոթանալու տեղանքին (մինչ այդ նրանք չէին եղել աշխատավայրում): Բողոքող  աշխատակիցները պնդում են՝ այդ օրը  կազմակերպության ներկայացուցիչները  «կորել են». չեն ժամանել  նշված վայր եւ  չեն պատասխանել  իրենց հեռախոսազանգերին,  իսկ իրենք ոչ միայն  մնացել են առանց  աշխատանք, այլեւ զուր տեղը վճարել են 12 000-ական դրամ:

Այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցեցինք   «Հայասա» սպորտային ակումբ հ/կ նախագահ Լուսինե Պետրոսյանի եւ ակումբի հիմնադիր Գոռ Քերոբյանի հետ: Նրանց հետ զրուցել ենք առանձին-առանձին:

Թե՛ ակումբի հիմնադիրը, թե՛ նախագահը հավաստիացում են՝ իրենք չենք կորել, չեն խաբել մարդկանց, ավելին՝ իրենք նույնպես իրենց խաբված են զգում, իրենք եւս զոհ են: Նրանց անակնկալի են բերել իրենց հովանավորները, ովքեր զբաղվում էին սպորտային ակումբի համար նախատեսված տարածքի վարձակալությամբ եւ կոսմետիկ վերանորոգմամբ (տարածքը հովանավորներն էին հատկացրել):

Ըստ նրանց՝ սպորտային ակումբի համար նախատեսված   տարածքի մի մասում վերանորոգում է իրականացվել, ետնամասում եւս պետք է շինարարական աշխատանքներ տարվեին:  Սակայն ակումբի աշխատանքային մեկնարկից՝ հոկտեմբերի 6-ից  երեք օր առաջ ( մինչդեռ բողոքակիրների տրամադրած աշխատանքային պայմանագրերով՝ աշխատանքային օրը սկսվելու էր ոչ թե հոկտեմբերի 6-ից,  այլ  1-ից) հովանավորները զանգում եւ տեղեկացնում են, որ հովանավորությունն  անորոշ ժամանակով հետաձգվում է: Հենց այդ ժամանակ էլ սպորտային ակումբի հիմնադիրն ու նախագահը որոշում են դադարեցնել ակումբի նախապատրաստական աշխատանքները: «Սա կարելի է համարել թյուրիմացություն: Կոպիտ ասած՝ մարդիկ փոշմանել են եւ չեն ցանկացել մեզ հովանավորել»,- ասում Լուսինե Պետրոսյանը: Մեր հարցին, թե ովքե՞ր էին նրանց հովանավորում, ակումբի նախագահը չցանկացավ պատասխանել, հիմնադիրը՝ եւս: «Ես չգիտեմ՝ տարածքի հովանավորման հարցը կլուծվի այս տասը օրվա ընթացքում, թե ոչ: Իսկ այժմ  չեմ ուզում նշել անունները, որպեսզի    սկանդալ չառաջանա:  Մենք եւս հայտնվել ենք շատ վատ վիճակում, հեշտ չէ այսքան մարդու առաջ պատասխանատու լինելը»,-ասում է  է «Հայասա» սպորտային ակումբ հ/կ նախագահ Լուսինե Պետրոսյանը: Հավելում է՝ հովանավորները որեւէ բացատրություն չեն տվել, թե ինչու են հրաժարվել հովանավորությունից, միայն նշել են՝ ժամանակի խնդիր է: Նրանք նույնիսկ ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել, ավելին՝  ակումբի համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքների դիմաց  (200-ից 300 000 դրամ) վճարել է  «Հայասա»  սպորտային ակումբը՝ աշխատակիցներից գանձված 12 000-ական դրամների միջոցով, որոնք անցնում էին կազմակերպության դրամային ֆոնդ:

Ըստ Լուսինե Պետրոսյանի՝  12 000-ական դրամը գանձվել է  պարտադիր կերպով՝ որպես անդամավճար, այդպիսով, ցանկացած աշխատող մեկ տարի շարունակ շաբաթը մեկ անգամ  հնարավորություն կունենար օգտվել ակումբի՝ ֆիտնես, լող, պար եւ այլ ծառայություններից: Լուսինե Պետրոսյանը հավաստիացնում է՝ իրենք պատրաստվում են բոլորին անխտիր վերադարձնել գանձված գումարները: Մի մասին՝ մոտ 40 հոգու, արդեն վերադարձրել են, նաեւ չեղյալ հայտարարել աշխատանքային  պայմանագրերը,  իսկ  մյուսներին գումարները կվերադարձվեն հոկտեմբերի 16-ին: «80 հոգուց գանձված 12 000-ական  դրամն այնքան էլ մեծ գումար չէ, որ վերցնեինք, այս ամենը  հորինեինք  ու  թաքնվեինք: Եթե մտադրվել էինք փախչել, ինչո՞ւ  պետք է վերադարձնեինք մեր  աշխատողների մի մասի  գումարը, իսկ մեր գրասենյակն էլ   շարունակեր գործել»,- ասում է Լուսինե Պետրոսյանը:  Իսկ Գոռ Քերոբյանը հավելում է. «Ինչպես աշխատողները, այնպես էլ մենք,  խաբված ենք զգում մեզ, քանի որ նյութական վնաս ենք կրել»:

Հարցին, եթե իրենք կրել են նյութական վնաս, բայց պատրաստվո՞ւմ են մարդկանց վերադարձնել իրենց 12000-ական դրամները, ապա դրանք ի՞նչ  միջոցներով են հատկացվելու. չէ՞ որ մի մասն արդեն  ծախսվել է կազմակերպչական աշխատանքների դիմաց, պատասխանում է. «Դեռեւս պարզ չէ, թե ինչ միջոցներով կհատկացնենք գումարը: Հովանավորները մեզ ասել էին, որ ամենաուշը  հոկտեմբերի 10-ին ստույգ պատասխան կտան, բայց դեռեւս ոչինչ պարզ չէ»:

Հարցին՝ եթե հովանավորները հրաժարվեն փոխհատուցումից, ապա ո՞վ է կրելու ամբողջ պատասխանատվությունը, Լուսինե՞ն, Գոռ Քերոբյանը պատասխանում է. «Եթե կարիք լինի, ես էլ  իմ գրպանից գումար կտամ, կօգնեմ: Քաղաքը փոքր է, վաղը  մենք կրկին  կտեսնենք իրար, պետք է երես ունենանք իրար նայելու,  ոչ թե գլուխներս կախ քայլենք: Բայց ամեն ինչ պարզ կլինի հովանավորների հետ վերջնական հայտարարի գալուց հետո»:

Հարցին՝ նախքան նրանց հետ վերջնական հայտարարի գալը հնարավո՞ր չէր աշխատանքները սկսել թեկուզ քիչ թվով աշխատակիցներով, պատասխանում է.  «Ոչ, հնարավոր չէր, մենք շատ քիչ տարածք կունենայինք: Բացի այդ՝ արդեն ինտրիգային կլիներ, եթե աշխատողների մի մասն աշխատեր, մյուս մասը՝ ոչ»:

Իսկ ի՞նչ սկզբունքների հիման վրա են նրանք աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր այժմ գործազուրկ են, սպորտային ակումբի նախագահը պատասխանում է՝  իրենց դիմել են 1000-ից ավելի մարդիկ, որոնցից միայն  80-90-ին են աշխատանքի ընդունել, այդ   թվում՝ նաեւ թռուցիկ բաժանողների: Աշխատանքի ընդունելիս հաշվի են առել  դիմողների կենսագրական տվյալներն (CV-ները) ու գիտելիքները:  Սակայն արդեն իմանալով, որ  իրենց  չեն հովանավորելու, ինչպես ակումբի նախագահն է ասում՝ հայտնվում են սթրեսային իրավիճակում: Ըստ նրա՝ բոլոր աշխատակիցներին  տեղեկացնում են, որ ակումբը չի գործելու, իսկ շատերի հետ անձամբ են հանդիպում: «Հնարավոր է՝  երկու-երեք հոգու չենք տեղեկացրել, թյուրիմացություն է եղել»,-ասում է Լուսինե Պետրոսյանը:

Այժմ ինչ փուլում են բանակցությունները հարցին էլ  «Հայասա»  սպորտային ակումբի հիմնադիրը  պատասխանում է. «Չեմ կարող Ձեզ նման մանրամասներ ներկայացնել: Դա մեր ներքին խոհանոցն է: Բայց էնպես չի եղել, որ ասել են կհովանավորենք ու վերջ, ինչ-որ փաստեր, որոնք վստահություն են ներշնչել, անշուշտ եղել են»:

Մեր հաջորդ հարցին՝ իրենց եւ  իրենց հովանավորողների միջեւ  գրավոր համաձայնություն  եղե՞լ է, Լուսինե Պետրոսյանը պատասխանում է. «Ոչ, միայն բանավոր համաձայնության ենք եկել  (քմծիծաղ է տալիս)»: Լուսինե Պետրոսյանը նաեւ  ասում է՝  այժմ գիտակցում է,  որ իրենք սխալ են վարվել գործին գրավոր ընթացք չտալով եւ քանի որ պայմանագիր չեն կնքել,  ինչ-որ պահանջներ չեն կարող ներկայացնել հովանավորներին:

Նույն հարցը հնչեցրինք նաեւ ակումբի հիմնադրին:  «Ես  չգիտեմ՝ Լուսինեն իրենց հետ գրավոր  համաձայնություն կնքել է, թե ոչ»,-պատասխանում է Գոռ Քերոբյանը:   Այն հարցին՝ մի՞թե նա որպես ակումբի հիմնադիր այդ մասին  չի հետաքրքրվել Լուսինե Պետրոսյանից, պատասխանում է. «Այո, հարցրել եմ, բայց կցանկանայի այդ թեման շրջանցել»:

Մեր զրոււյցի ժամանակ պարզվեց, որ ակումբի համար վարձակալած  «անհայտ» տարածքը գործում է: Այն դիտարկմանը՝ ինչու աշխատակիցներին նախօրոք չեն ասել իրենց ապագա աշխատավայրի ստույգ հասցեն, պատասխանում է. «Մեր հովանավորները չէին ուզում, որ աշխատակիցները նախօրոք իմանային ստույգ հասցեն: Չեմ ուզում մանրամասնել, թե ինչու»:  Իսկ Գոռ Քերոբյանը նշում է՝ մինչեւ հոկտեմբերի 4-ը ապագա բոլոր աշխատակիցներին  տեղեկացրել են սպորտային ակումբի իրավաբանական հասցեն, սակայն նման խառնաշփոթից հետո չեն ցանկանում նշել այն:

Գոռ Քերոբյանը հավաստիացնում է՝ տարածքն իրականում կա, ինքն անձամբ այցելել եւ տեսել է այն: Մեր առաջարկին՝ միասին գնալ, տեսնել տարածքը, համոզվել, որ այն իրականում գոյություն ունի, պատասխանոմ է.  «Չենք կարող, ավելի ճիշտ՝ ես կուշտ եմ այդ տարածքից, Լուսինեիի հետ խոսեք»: Իսկ ակումբի նախագահն ասում է. «Ես կոնկրետ չեմ կարող ասել՝ գնացե՛ք, տեսե՛ք: Եթե ակումբը գործեր, ես սիրով Ձեզ կտանեի այնտեղ: Ես եւս այնտեղ չեմ այցելել, նոր մասնաճյուղում իրականացվող շինարարական եւ տեխնիկական  աշխատանքների վերահսկմամբ զբաղվել  է հիմնադիրը՝  Գոռ Քերոբյանը»:

Մեր կանխատեսմանը, եթե պայմանագրերը ձեռքերին բողոքաբերները դատական գործ հարուցեն իրենց դեմ, իրենք պատրա՞ստ են, սպորտային ակումբի նախագահը պատասխանում է. «Կարծում եմ՝ չարժե այս ամենի պատճառով դիմել դատարան, մենք օրենք չենք խախտել»:

Նա նաեւ հավելում է՝ դեռեւս բանակցություններ են վարում աշխատակիցների  եւ հովանավորների հետ, գուցե վերջիններս համաձայնեն  հովանավորել: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց պահանջներին՝ կապված բարոյական վնասի փոխհատուցման հետ,  սպորտային ակումբի հիմնադիրն ասում է. «Կային մարդիկ, ովքեր անդամավճար չէին վճարել, քանի որ կար տարիքային եւ  աշխատանքային  սահմանափակում, ըստ որի՝ իրենք ազատված էին անդամավճարից, սակայն նրանք  եկել  ու ասում էին՝  խաբում եք մեզ, որ փողերն առնեք, թռնեք: Կային նաեւ մարդիկ, ում գումարը վերադարձրել էինք, բայց նրանք եւս շարունակում են բողոքել: Այնինչ մենք նույնիսկ ընդառաջեցինք այդ մարդկանց՝ նրանց գումարը վերադարձնելով առձեռն՝ առանց ապրանքագիրը պառտելու, անգամ անդամագրերը ետ չենք պահանջել»: Նա նաեւ հավելում է՝ որոշ մարդիկ իրեն  սպառնացել են,  որ գրասենյակը կվառեն,  որոշ մարդիկ էլ գումարի դիմաց իրենց գրասենյակից գույք են  պահանջել:  «Ամեն դեպքում՝ դա իրենց գործն է՝ դատի տան, թե ոչ»,- ասում է Գոռ Քերոբյանը: Հավելում է՝ իրենք տարածքի եւ հովանավորների անունները կնշեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Մինչ սպորտային ակումբը բանակցություններ է վարում իր հովանավորների հետ, մոտ 90  մարդ գործազուրկի կարգավիճակում է: Հավանաբար  շուտով նրանք ստիպված կլինեն փնտրել մեկ այլ աշխատանք՝ հույս ունենալով, որ կրկին անգործ չեն մնա:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031