«Շատ հոգատար էր, բոլորին օգնում էր»
Անուշավանի մայրը՝ Աշխենը:
«Ամեն առավոտ, ժամը 6-ին գնում էր ու աղբյուրից սառնորակ ջուր էր բերում: Գիշերվա ուշ ժամին կողքս էր, ցերեկը կողքս էր, որտեղ էլ լիներ, գալիս – հասնում էր օգնության: Հետս անտառ էր գալիս, հատապտուղներ էինք հավաքում, չէր թողնում, որ ամանը ես վերցնեի, ինքը շալակում, բերում էր»,- Աղավնի տատիկն այսպես է հիշում իր 14 թոռներից ամենասիրելիին՝ Անուշավանին:
«Փոքր էր դեռ, մի օր սարում էինք, մութ էր արդեն, մեկ էլ տեսնեմ՝ Անուշավանը տանը չի: Ման եկա, դրսում էլ չկար, ձայն տվեցի, մեկ էլ տեսնեմ՝ ձորի տակից գոռում ա՝ տատի՜, տավարն եմ բերում: Գիշերվա կեսին գնացել, բերել էր, որ հանկարծ կենդանիներին մի վնաս չլինի»,- արցունքները սրբելով՝ պատմում է Անուշավանի տատիկը:
Կարդացեք նաև
Անուշավան Կիրակոսյանը ծնվել է 1990թ. սեպտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում: Մայրը՝ Աշխենը, պատմում է, որ Անուշավանը 10 տարեկան էր, երբ նրանք ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան: Որդին սկզբում դժվարություններ է ունենում ուսման մեջ, բայց կարճ ժամանակ անց շատ լավ տիրապետում է ռուսերենին եւ դպրոցում սովորում է բարձր առաջադիմությամբ:
«Ուսուցիչներն Անուշավանին շատ էին սիրում, շատ ակտիվ էր դպրոցում: Բոլոր միջոցառումներն ինքն էր կազմակերպում: Ուսուցիչներն ասում էին, որ բոլոր հանձնարարություններն անթերի է կատարում եւ մեծ պատասխանատվությամբ»,- հիշում է մայրը:
Անուշավանի հորեղբոր աղջիկն, ով Անուշավանի հետ միասին նույն դասարանում է սովորել, պատմում է, որ եղբայրը դասարանի լավագույն առաջադիմություն ունեցող երկու տղաներից մեկն էր, եւ դասարանի բոլոր աղջիկները ցանկանում էին նրա կողքին նստել: «Անուշավանը շատ հոգատար եղբայր էր: Մի օր ռուսերենի դասին նոր ուսուցիչ էր եկել, ինչ-որ բան եղավ, սկսեցինք ծիծաղել երկուսով: Մեզ նկատողություն արեց դասատուն ու անկյուն կանգնացրեց: Անուշավանը շատ նեղվել էր, ասում էր, որ ինքը երկուսիս փոխարեն կկանգներ անկյուն, մենակ թե ես նստեի»,- հիշում է քույրը՝ 22-ամյա Աշխենը:
«Ամեն առավոտ գալիս էր մեր տուն,- հիշում է հորեղբոր կինը՝ Լիլիկը,- քույրերի հետ միասին գնում էին դպրոց: Ձմռանն էլ ամբողջ ճանապարհին ձնագնդի էին խաղում: Շատ համերաշխ էին»:
Մայրը հիշում է, որ որդին տոներից ամենից շատ սիրում էր Ամանորը եւ միշտ եղեւնին ինքն էր զարդարում. «Սիրում էր նաեւ նվերներ գնել, բոլոր տոներին մի բան գտնում էր նվիրելու: Ծաղիկներ էր շատ սիրում: Դաշտից ծաղիկներ էր քաղում, գեղեցիկ փնջեր կապում ու նվիրում էր ինձ, քույրերին, ընկերուհիներին»:
Ընտանիքի անդամները պատմում են, որ Անուշավանը 12 տարեկանից թեքվանդո է պարապել եւ Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած մրցաշարի ժամանակ արծաթե մեդալակիր է դարձել. «Ամբողջ օրը պարապում էր: Նույնիսկ, եթե 1-2 րոպե ազատ ժամանակ էր ունենում, անպայման պետք է պարապեր»:
«Մինչեւ բանակ գնալն ուզում էինք, որ բուհ ընդունվեր, բայց չուզեց, ասաց՝ գնամ, ծառայեմ, հետո: Ծառայության ժամանակ էլ ասում էր՝ պա՛պ ջան, հենց բանակից հասնեմ տուն, գնալու ենք Երեւան, ընդունվեմ ինստիտուտ ու զբաղվեմ սպորտով,- պատմում է Անուշավանի հայրը՝ Սուրենը, եւ ավելացնում: -Մենք երկար ժամանակ ապրում էինք Ռուսաստանում, բայց Անուշավանը չուզեց փոխել քաղաքացիությունն ու էնտեղ մնալ, ասում էր՝ պետք ա ծառայեմ: Վերադարձանք Հայաստան, դպրոցն այստեղ ավարտեց, 2008-ին զորակոչվեց ծառայության»:
Անուշավանի հարազատներն, ընկերներն ու հարեւանները հատուկ ջերմությամբ են խոսում նրա մասին ու նշում են, որ շատ համեստ, ընկերասեր ու աշխատասեր երիտասարդ էր:
«Շատ հոգատար էր, բոլորին օգնում էր, բոլորի օրհնանքը նրա վրա էր: Հրաշք եկավ, հրաշք էլ գնաց»,- կարոտով ասում է Աղավնի տատը:
Անուշավան Կիրակոսյանը զոհվել է 2010-ի հունիսի 16-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Առավոտ» օրաթերթ