Պատանեկության տարիներին ֆուտբոլ շատ էի սիրում՝ որպես գեղեցիկ, դրամատիկ ներկայացում, որպես մարդու ստեղծագործական մտքի լավ կամ վատ դրսեւորում: Այն պահից, երբ այդ հրաշալի խաղը սկսեց համադրվել ղումարբազության հետ, երբ կասկածներ առաջացան, որ խաղի արդյունքն այսպես թե այնպես կարող են կանխորոշել բուքմեյքերները, եւ այդ մոլագարության վրա բիզնես անող մարդիկ հնարավորություն ունեն փող աշխատելու, իմ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ նվազեց:
Ճիշտ է, այն ժամանակ էլ՝ 70-ական թվականներին, պարբերաբար խոսվում էր այն մասին, թե այս կամ այն թիմը կամ ֆուտբոլիստը «խաղը ծախել է», որ այս կամ այն դատավորը կաշառված է եւ այլն: Երեւի այդպիսի դեպքեր էլ են եղել: Բայց դրա շուրջ առասպելաբանություն հյուսել եւ ապրել դրանով, ես հրաժարվում էի եւ հիմա էլ եմ հրաժարվում:
Երեկ ես ուրախացել էի Բուլղարիայի հետ խաղում մեր հավաքականի հաղթանակով՝ նախեւառաջ այն պատճառով, որ այդպիսով հերքվեց դավադրության հերթական տեսությունը, թե իբր սեփական հարկի տակ մերոնք «խաղը ծախում են»՝ ինչ-ինչ «բուքմեյքերային խաղերի» պատճառով: Հետաքրքիր է, որ մեր միտքը մշտապես գնում է դեպի ինչ-որ «մութ ուժեր», երբ մենք չենք կարողանում որեւէ բան բացատրել:
Բա էլ ինչպե՞ս վարվենք, եթե Երեւանում պարտվում ենք Մալթային, իսկ հետո հյուրընկալվելիս հաղթում ենք Դանիային եւ Չեխիային: Ահա թե ինչպես: Նախ՝ պետք է ընդունել, որ կյանքում եւ մասնավորապես սպորտում կարող են լինել պատահականություններ (գնդակը, ինչպես ասում են, կլոր է), կարող են գոյություն ունենալ սովորական աչքի համար անտեսանելի հոգեբանական բարդույթներ, վերջապես՝ իրենց դերն են խաղում խաղացողների եւ մարզիչների բացթողումները: Մի խոսքով՝ ամենեւին պարտադիր չէ՝ երբ հանդիպում ես ինչ-որ մի անբացատրելի երեւութի, դրա մեջ տեսնել դավադրություն, քո թշնամիների կախարդանքը, նավսը, թուղթուգիրը:
Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան ըստ Պիղատոսի» վեպում Հրեաստանի մարզպանը, վերլուծելով Քրիստոսի խաչելության եւ հարության հետ կապված փաստերը, իր «նախաքննության» ժամանակ սկսում է հերթով բոլորին՝ ընդհուպ մինչեւ Հերովդեսը, կասկածել դավադրության մեջ: Քանի որ Պիղատոսը չի հավատում Տիրոջ հարությանը, նա մեծ ճիգերով փորձում է ռացիոնալ բացատրություններ գտնել, բայց չի կարողանում: Եվ ի վերջո այդ վեպում նա թեեւ քրիստոնյա չի դառնում, բայց ընդունում է, որ կա անքննելին:
Իսկապես, մեր կյանքում շատ է անքննելին: Բայց մենք ապրում ենք իրական, ոչ թե կախարդական աշխարհում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դավադրության տեսությունն ու կրոնը եղբայրներ են, երկուսն էլ չհասկանալուց է:
Նույն ընտանիքից են նաև հոկտեմբերի 27ի «իրական կազմակերպիչները», ընտությունների կեղծումն ու ալան֊թալանը։
Հարգելի Արամ! Ձեր հոդվածը ոչ մի կերպ չի հերքում խաղ ,,ծախելու,, տեսակետը: Դե ասենք, էս մեկն էլ հալալով են խաղացել (խաղացրել!) որ համը դուրս չգա!
Դուք դրան չեք հավատում, լավ է իհարկե: Բայց ուրիշները հաճույքով կասկածում են, որովհետեւ մեր իրականությանն այն ավելի է համապատասխանում: Այսինքն՝ ըտենց բաներ են առնում ու ծախում հիմա: Խնդիրն այստեղ է միայն, այսինքն հավատի մեծ դեֆիցիտ կա եւ պիտի հարցնել, թե ինչու է այդպես?
եթե անգամ եկեղեցին է ծախված ու իր դռները ընտրովի է բացում սրա նրա առաջ, մյուսները ինչի չծախվեն որ….էս տեսակ կեղտոտ բարքերի պայմաններում ես հավատում եմ ամեն ինչին….
Փորձենք չփշրել հավատացողների հավատը, լավին ասենք լավ, անկախ վատի շաաատ լինելուց: