Հատված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ ՀՈՎԱԿԻՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ հարցազրույցից
-Հայաստանում կան հազարավոր հասարակական կազմակերպություններ, որոնցից շատերը զբաղված են գենդերի քարոզով: Սրանք տարբեր շրջաններում կազմակերպում են ներկայացումներ ու քարոզում սեռափոխություն: Ի դեպ, այդ նույն հասարակական կազմակերպությունները մեզ նաեւ ասում են՝ իրավունք չունես առանձնահատուկ պաշտել քո Առաքելական եկեղեցին, ու պարտադրում՝ հավասարություն դնել դրսից ներմուծված աղանդի եւ մեր հոգեւոր հարստության միջեւ:
-Սկսեմ վերջից. նման տեսակետն ինքնին մարդու իրավունքի ու խղճի ազատության մեծագույն ոտնահարում է: Հայ ժողովուրդը Հայ Առաքելական եկեղեցու զավակ է, ինչպես նաեւ Եհովայի վկան, որը վաղ թե ուշ վերադառնալու է: Այնպես որ նման կարծիք պարտադրողները զուր տեղը ժամանակ ու ռեսուրս են վատնում: Նրանք այդպես դրամ են վաստակում, բայց պետք է հիշեն՝ ձախողելու են:
Ինչ վերաբերում է առաջին օրինակին, վստահ եմ, երբ հայ աղջիկն իրեն տրված դերը կատարելուց հետո վերադառնում է տուն, իր ընտանիքում նա նույն մեղմ, քնքուշ հայուհին է: Որքան էլ դուրսը բազմաբնույթ ծրագրեր իրականացնի, միեւնույն է, նման մտածողությունը հարիր չէ մեր ժողովրդի մենթալիտետին:
Ի դեպ, մի տեղեկատվություն էլ ես ձեզ փոխանցեմ. Հոլանդիայից Հայաստան է եկել մի կազմակերպություն, որը աջակցում է տեղական այն կառույցներին, որոնք պայքարում են նման այլասերված երեւույթների դեմ: Սա փաստում է այն մասին, որ Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնց հետ մենք պետք է ակտիվորեն համագործակցենք:
Իհարկե, Եկեղեցու դռները բաց են բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են համագործակցել ու իրենց փորձով, գիտելիքներով միանալ համընդհանուր ազգանպաստ գործին: Գուցե այս գործընթացը մի փոքր դժվար է ընթանում, բայց կարեւորն այն է, որ սկսվել է, կան խնդիրներով մտահոգ մարդիկ, որոնք մեզ նաեւ կոնկրետ ծրագրեր են առաջարկում: Եկեղեցին սպասում է նաեւ իր այն զավակներին, որոնք քննադատաբար են վերաբերվում մեզ, որոնք տարբեր պատճառներով նեղացած, հեռացած են:
Ի դեպ, ասեմ, որ առաջիկայում, հոկտեմբերի 20-ին կազմակերպում ենք հույսի, սիրո ու հավատարմության ուխտերթը՝ Երեւանից մինչեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը համախմբման խորհուրդ ունի:
Լավ թե վատ՝ սա՛ է մեր երկիրը, ցեխ շպրտելու, եկեղեցի, պետություն քննադատելու փոխարեն՝ համախմբենք մեր ներուժն ու զորացնենք մեր հայրենիքը: Իսկ եթե քննադատություն, ապա ոչ թե մաղձով ու չարությամբ լեցուն, այլ միայն օգնող ու առողջացնող: Համոզվա՛ծ եղեք, եթե մենք միասնանանք, ոչ մի ուժ մեզ չի կարող հաղթել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում