Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հրավիրված հետխաղային մամուլի ասուլիսին ներկայացավ խիստ նյարդայնացած: Դեռ ասուլիսը չսկսված, նա լրագրողներից ու լուսանկարիչներից պահանջեց հեռվից աշխատել:
Մասնագետն իր թիմի կրած պարտության համար մեղադրում էր աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում իրենց խաղերը սպասարկող մրցավարությունից՝ հայտարարելով, որ նրանք տեսնելով, որ Բուլղարիան վտանգավոր է ցանկացած մրցակցի համար, սուլում են իրենց դեմ: Aravot.am-ի հարցին, թե Սոֆիայում սադրանքների պատճառով մեր ֆուտբոլիստներին ցույց տված կարմիր քարտերը նրա կարծիքով արդա՞ր էին ու ի վնաս բուլղարացիների՞, մասնագետը նախ մի փոքր անակնկալի եկավ ու խուսանավեց՝ ասելով, թե հարցեր տվեք այսօրվա հանդիպման մասին, իսկ այն խաղից մեկ տարի անցել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ