Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տոնավաճառից շատ բնակիչներ հեռանում էին առանց հարմար աշխատանք գտնելու. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 11,2013 22:32

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Սյունիքի մարզի աշխատանք փնտրող բնակիչների համար կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ: Կապանի մշակույթի կենտրոնում մարզի բոլոր տարածաշրջաններից 40-ից ավելի գործատուներ հանրությանը ներկայացրեցին մոտ 230 առկա եւ 30 կանխատեսելի աշխատատեղեր:

PrevPhoto
NextPhoto

Սակայն տոնավաճառի սրահ ժամանած աշխատանք փնտրողների մեծ մասը հեռանում էր հիասթափված՝ առանց իր մասնագիտությանը համարժեք  աշխատատեղ գտնելու: Կապանցի Նելլի Դանիելյանը բուժքրոջ գործ գտնելու ակնկալիքով էր եկել տոնավաճառ, սակայն Կապանի եւ Մեղրու բժշկական կենտրոնները հիմնականում բժիշկ մասնագետների կարիք ունեին եւ ներկայացված թափուր աշխատատեղերը զուտ բժիշկների համար էր: «9 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, բայց արդեն 10 տարուց ավելի է չեմ աշխատում, աշխատանք չեմ կարողանում գտնել ինձ համար: Էստեղի թափուր աշխատատեղերից ոչ մեկն էլ չի համապատասխանում ինձ», -ասաց նա:

Թերեւս, ներկայացված աշխատատեղերը բազմազան էին ու բազմաթիվ. թարգմանիչ, եռակցող, փականագործ, հորատող, տնտեսագետ, առաքիչ, ադմինիստրատոր, մորթող, կաշի մաշկող,  վարորդ առաքիչ, ակնաբույժ, հոգեբույժ, հաշվապահ եւ այլն: Ներառված էին գրեթե բոլոր ոլորտները: Որոշ կազմակերպություններից առաջարկվող աշխատատեղերով հետաքրքրվողներ ու դիմումատուներ եղան, իսկ որոշ տաղավարներ այդպես էլ դատարկ մնացին տոնավաճառի ընթացքում:  Մեղրու, Գորիսի ու Սիսիանի գործատուների առաջարկները մեծ մասամբ անարձագանք էին մնում, քանի որ սրահի այցելուները հիմնականում կապանցիներ էին եւ հեռավորության պատճառով ստիպված էին լինում հրաժարվել առաջարկվող աշխատատեղերից: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»  ՓԲԸ  ակնաբույժի, էնդոկրինոլոգի, հոգեբույժի եւ եւս 3 բժշկի կարիք ունի, սակայն դիմորդներ այդ թափուր աշխատատեղերի համար չգտնվեցին:

Մեղրեցիները որոշ մասնագետ-բժիշկների բացակայության պատճառով մինչեւ օրս ստիպված են լինում մեկնել Կապան կամ Երեւան:  Սիսիանի «ԱՎԱԼ ԹԵՐԻԴ» ՍՊԸ, որը զբաղվում է տրիկոտաժի ապրանքների արտադրությամբ, իսկ ապրանքները հիմնականում արտահանվում են Ռուսաստան՝ ձեւարարի ու կարող բանվորների  թափուր աշխատատեղ էր ներկայացրել: Իսկ Կապանում գործող  «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ ներկայացրել էր 25 թափուր աշխատատեղ, եւ տարբեր մասնագիտությունների համար դիմողներ կային: Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը ներկայացնող տաղավարը ոչ միայն հելյունագործ կանանց համար թափուր աշխատատեղեր էր առաջարկում, այլեւ ցուցադրելու էր բերել  Գորիսի գործազուրկ կանանց ձեռքի աշխատանքները, որոնք արտահանվում են տարբեր երկրներ եւ հետաքրքրություն են առաջացրել նաեւ տոնավաճառի այցելուների շրջանում:

«Գորիսում հելյունագործության ոլորտում 82 կին է ներգրավված: Նրանք ամսական 50-120 հազար դրամի եկամուտ են վաստակում եւ կարողացել են բացարձակ լավ որակով ապրանքներ ստանալ, որոնք պիտակներ ունեն եւ ձեռքբերված  միջազգային սերտիֆիկատի շնորհիվ այդ  55 կենդանատեսակների ձեռքի աշխատանքներն  արտահանում ենք միջազգային շուկաներ՝  Կանադա, Դանիա, Նորվեգիա, Դուբայ: Շուկաների հարցը լուծված է, պահանջարկը  շատ մեծ է եւ մենք այժմ  խնդիր ունենք հնարավորինս շատ կանանց ներգրավել հելյունագործության խմբին: Գորիսի գյուղական համայնքներն արդեն ներգրավել ենք, ուզում ենք Կապանն ու Սիսիանն էլ ներգավենք: Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի հետ համատեղ Կապանում էլ խումբ կձեւավորենք: Սրանք պոտենցիալ աշխատատեղեր են», – ասաց Ռուզաննա Տոռոզյանը:

Մինչ այս պետական բյուջեով  եւս 10 աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպվել հանրապետությունում,  Սյունիքում կազմակերպված տոնավաճառը 11-րդն էր եւ վերջինն այս տարվա համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում  աշխատատեղերի խնդրի հետ մեկտեղ կա նաեւ աշխատողների խնդիր, քանի որ ոչ բոլոր աշխատատեղերն են հարմար աշխատողների համար: Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անցկացվում են  նաեւ եռամյա դասընթացներ, որոնց շնորհիվ աշխատանք փնտրողները կարող են վերապատրաստվել, վերաորակավորվել եւ դիմել առկա աշխատատեղերում աշխատելու համար:   «Մարդիկ պետք է ակտիվ լինեն, ընդգրկվեն ակտիվ ծրագրերի մեջ, ոչ թե գնան դեպի նպաստներ»,- ասաց նա եւ աշխատանքի տոնավաճառը լավագույն հարթակը համարեց գործատուի եւ աշխատանք փնտրողի ծանոթության եւ տեղեկատվության փոխանակման համար:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    “…այդ 55 կենդանատեսակների ձեռքի աշխատանքներն արտահանում ենք միջազգային շուկաներ”
    Միգուցե պետք չէր այդքան ուղղակի մեջբերել խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031