Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ասաց, որ արդարացման դատավճիռ չի սպասում:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի գործով դատավճիռը պետք է հրապարակվի երկուշաբթի օրը, իսկ Սարգիս Գեւորգյանը մեղադրվում է այդ գործով:
Սարգիս Գեւորգյանի խոսքերով՝ «Այս իշխանության գործելաոճը բոլորիս հայտնի է, եւ դժվար թե դատավորները կգնան զրկանքի: Նրանք ունեն հնարավորություն անտեսեն բոլոր հիմքերը, բայց ամեն դեպքում կարող են եւ հակառակն անել»: Ըստ Սարգիս Գեւորգյանի, եթե դատավորը արդարացման դատավճիռ կայացնի, կզրկվի պաշտոնից:
Կարդացեք նաև
Տիգրան Առաքելյանը նախորդ դատական նիստում պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից: Մեր հարցին՝ այդ որոշումն ինչքանով եք ճիշտ համարում՝ Սարգիս Գեւորգյանն ասաց. «Որքան գիտեմ, անձը չի կարող հրաժարվել համաներումից, այն պարտադիր կիրառվում է: Վստահ եմ, որ Տիգրանն ուզում էր ասել, որ հրաժարվում է համաներումից, այդ նույն ազատությունից, միայն թե իրականացվի դատաքննություն, պարզվեն գործի իրական հանգամանքները եւ ապացուցվի իր անմեղությունը»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ասում են, որ Տիգրան Առաքելյանը հրաժարվում է համաներումից նաեւ իր ընկերների՝ Ձեր եւ Դավիթ Քիրամիջյանի համար, որովհետեւ Դուք մեկ անգամ արդեն օգտվել եք համաներումից եւ այն հիմա չի տարածվելու Ձեր վրա: Այս առնչությամբ Սարգիս Գեւորգյանը պատասխանեց. «Դժվար թե այդպես լիներ, որովհետեւ եթե մենք զգայինք, որ Տիգրանը դրա համար է հրաժարվում, մենք անպայման նրան կկանգնեցնեինք»:
Լուսանկարները՝ Սարգիս Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ