Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետի տարիներին փառատոնը մեկ շաբաթ էր տեւում, իսկ ազգային պետականության օրոք գոյատեւում է». Գ. Գինոսյան

Հոկտեմբեր 11,2013 20:24

Ճարտարագիտական համալսարանը արդեն 35 տարի է նախաձեռնում է ազգագրական երգ ու պարի ամենամյա փառատոն: Այս տարի երթ համերգը կավարտվի Ազատության հրապարակում: Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Մասունք», «Նուբար», «Սասնա Ծռեր», «Սասուն», «Վան», «Վերադարձ», «Տավրոս» հայտնի երգ-պարի  խմբերը, «Հավասի» աշուղական երիտասարդական ասամբլեան, ինչպես նաեւ կլինեն լարախաղացներ: Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Նուբար» խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը` հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենց մասնակցությունն են ունեցել մարզերը.«Մասնակցում էին տարիքով մարդիկ, բերում էին իրենց ֆոլկլորը եւ մեկը մյուսից սովորում: Իսկապես տոնակատարություն էր եւ երեւույթ քաղաքի կյանքում»:

«Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ 35 տարի առաջ, երբ սկսեց սկզբնավորվել փառատոնը, մինչեւ այսօր իրականում ոչ մի լուրջ պետական մոտեցում չկա. «Նույնիսկ Խորհրդային տարիներին, այն իրականացվում էր Ճարտարագիտական համալսարանի ռեկտորատի աջակցությամբ: Փառատոնի անցկացումը բերեց նրան, որ տասնյակ  ազգագրական խմբեր ի հայտ եկան Հայաստանում եւ յուրաքանչյուր գյուղ  փորձում էր ինքն էլ ձեւավորել իր խումբը, հասցնել մայրաքաղաք եւ հանձնել հանդիսատեսի դատին: Գալիս էին համշենահայերը. Ջավախքից էին գալիս, այսինքն` փրկվում էր ոչ միայն հայաստանյան հայ ազգագրական մշակույթը, այլ  ողջ հայության մշակույթը: Սովետի տարիներին, երբ իբրեւ  ոտնահարվում էր ազգայինը, այս փառատոնը մեկ շաբաթ էր տեւում, իսկ ազգային պետականության օրոք, այս տոնը ընկած է մի քանի նվիրյալների ուսին. Այսօր այն ոչ թե զարգանում, այլ գոյատեւում է»,-ներկայացրեց Գինոսյանը` նշելով, որ եղել են նաեւ տարիներ, երբ փառատոնը անցկացվել է մեկ օրում, այլն էլ մի քանի ժամով:

Լուսինե Նազարյանն էլ հավելեց, որ այս երեւույթները կապված են ֆինանսի հետ, քանի որ այսօր մարզերից չեն կարողանում մեկ շաբաթով գալ մայրաքաղաք եւ մասնակցություն ունենալ: «Վերջին երկու տարին փորձեցինք 2 օրով անցկացնել փառատոնը, իսկ այս անգամ, մեր ջանքերը բազմապատկելով փորձեցինք փառատոնի բացումը համընկեցնել Երեւանի տոնի հետ: Այսօր խմբերի համար մեկ օրով մայրաքաղաք գալ եւ  երկու ժամով փառատոնին մասնակցություն ունենալն էլ է խնդիր»,-ասաց Նազարյանը:

Նրա փոխանցմամբ` հոկտեմբերի 14-ին, ՀՊՃՀ-ի 1-ին մասնաշենքի դահլիճում կանցկացվի հայկական ժողովրդական գործիքների վարպետաց դասեր, դասախոսություններ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրում, իսկ հոկտեմբերի 16-17-ը` բուն փառատոնը ՀՊՃՀ-ի մեծ դահլիճում:

Միջոցառումների մուտքն ազատ է:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031