«Ադրբեջանում տեղի ունեցած միջոցառմանը ես ընտրություն անունը չէի տա: Շատ մեծ երեւակայություն պիտի ունենաս`ընտրություն որակելու համար Ալիեւի կլանի վերարտադրությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի ամիս առաջ էր սահմանադրական փոփոխություններ կատարել`հանելով նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումը`Իլհամ Ալիեւի համար ապահովելով հավերժ նախագահելու հնարավորություն: 85 տոկոս ձայն հավաքած Իլհամ Ալիեւի ընտրությունները ԱՊՀ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները դրական գնահատեցին: Իսկ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի դիտորդները ճիշտ հակառակ կարծիքն արտահայտեցին:
Տիկին Զոհրաբյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից միակն է, որտեղ հանված է երկու անգամից ավել նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական նորմը հանված է. «ԵԽ-ն շարունակում է աչք փակել հակաժողովրդավարական այդ երեւույթի վրա: Այսինքն, ըստ էության, ԵԽ անդամ Ադրբեջանը սահմանադրական նորմով հռչակված է սուլթանատ կամ միջնադարյան խանություն, որտեղ իշխանությունը փոխանցվում է կլանից կլան`ցմահ»: Ու եթե միջազգային հանրությանն այս երեւույթը շարունակում է չհուզել, տիկին Զոհրաբյանը նկատում է, որ կրկին ու կրկին հանգում ենք այն խնդրին, ինչի մասին քանիցս է խոսվել`միջազգային հանրությունն ուղղակիորեն աչք է փակում Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական եւ հակաժողովրդական վիճակի վրա`մեկ պարզ պատճառով`Ադրբեջանից կա նավթային կախվածություն: Քանի որ երկակի ստանդարտների կիրառումը նորույթ չէ, ուստի մեր զրուցակիցն ասում է, որ իր համար նաեւ անակնկալ չէր, որ ԵԽ-ի, ոչ Եվրոպայի պառլամենտի, ոչ էլ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունների գնահատականները. «Բազմիցս եւ բոլոր միջազգային հարթակներում խոսվել է այդ մասին, որ այո, ցավոք, Ադրբեջանին հաջողվել է իր խավիարային քաղաքականության մեջ ներքաշել եվրոպացի պատգամավորների, փորձագետների: Եթե Ադրբեջանցիների խավիարոտ ձեռքը հասնում է մինչեւ Օբամայի վարչակազմ, ուրեմն, այստեղ արդեն լուրջ քննարկելու խնդիր ունի հենց միջազգային հանրությունը: Այնպես որ, ինձ համար այդ արդյունքը կանխատեսելի էր: Ավելին, երեւի մի քիչ համեստություն են ցուցաբերել կլանի ներկայացուցիչները` Ալիեւի օգտին 99 տոկոս արդյունք չգրելու համար: Բայց եթե անգամ նման արդյունք լիներ, ես վստահ եմ, որ միջազգային հանրության կողմից լինելու էր այդ լղոզված գնահատականը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ