Diplomat.am կայքի հիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած «ՀՀ-ն ներկայացնելիս քաղաքական գործչի դիվանագիտական էթիկայի սահմանները» թեմայով քննարկման ժամանակ, «Առավոտ»-ի հարցին ի պատասխան, անդրադարձավ նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակմանը. «Վահանին գիտեմ շատ վաղուց, եւ հիմա չեմ ուզում խոսել պրոֆեսիոնալիզմ եւ դիլետանտիզմ թեմայով, որովհետեւ կարծում եմ, որ Վահանը կարող է աշխատել եւ լա՛վ աշխատել՝ իր բարոյակամային եւ անհատական հատկությունների շնորհիվ: Ընդհանրապես, նա պայծառ անձնավորություն է, էրուդիցիա ունի: Բայց այն, ինչ կատարվում է նրա նշանակման շուրջ՝ ինձ հասկանալի չէ»:
Պարոն Նավասարդյանը, մասնավորապես, նկատի ուներ տարբեր տեղերում հնչող այն մեկնաբանությունները, որ եթե ԱԳՆ-ի մոտեցումները չհամապատասխանեն Վահան Հովհաննիսյանի կամ Դաշնակցության մոտեցումներին, ապա Վահան Հովհաննիսյանը դա չի հանդուրժի: Այս կարգի մեկնաբանությունները եւ դիտարկումները զարմացրել են պարոն Նավասարդյանին, քանի որ՝ «դեսպանը իրավունք չունի ունենալ իր անձնական տեսլականը, պատկերացումները, դեսպանը պետք է լինի իր պետության խոսափողը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև