Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի ասուլիսը:
Ներկայացնելով Միջին Արևելքում տիրող իրավիճակը` նա ասաց. «Ցավոք, Միջին Արևելքը հայտնվել է բավականին խորը ճգնաժամի մեջ: Եվ այնտեղ` տարբեր երկրներում, բավականին կազմակերպված ապրում են հայկական համայնքներ:
Մեր հակառակորդները, հատկապես Անկարան, որոշակի առումով նաև Բաքուն, բավական ակտիվացել են միջին արևելյան և արաբական երկրներում: Ինչպես գիտեք, սիրիական պատերազմի նախօրյակին արտակարգ մերձեցում կար Դամասկոսի և Անկարայի միջև, հսկայական թափանցվածություն կար Թուրքիայի կողմից Սիրիայի մեջ: Եվ այդ արտակարգ մերձեցումը շատ արագ վերածվեց արտակարգ թշնամանքի: Այսօր բավական լարված թշնամական հարաբերությունների մեջ են Անկարան և Դամասկոսը պաշտոնական առումով, որովհետև Անկարան և՛ ֆինանսավորում, և՛ զինում է Սիրիայում պատերազմող հակակառավարական ուժերին»:
Շահան Գանտահարյանը մի փոքր ներկայացրեց նաև Սիրիայում ապրող հայության ընդհանուր համապատկերը. «Պետք է հստակ իմանալ, որ ամեն տեղ դրությունը նույնը չէ: Դամասկոսի արվարձաններում են մարտերը ընթանում, ծովեզրյա Սիրիայում միջադեպեր, ընդհարումներ, բախումներ չկան, Հյուսիսային Սիրիայում, որտեղ ապրում է նաև հայկական համայնքը, քրդերը որոշակի ընդհարումներ ունեցան ինչպես կառավարական, այնպես էլ հակակառավարական ուժերի հետ, նրանք այդպիսով փորձում են այնտեղ իրենց ինքնուրույնությունը, ինքնավարությունը պահպանել: Ամենաթեժ կետը Հալեպն է, որը շրջափակված է, և Հալեպի վրա է պետք կենտրոնանալ, որովհետև սիրիահայերի ճնշող մեծամասնությունն այստեղ է: Հալեպը և իր շրջակայքը առավելապես գտնվում են թուրքական ազդեցության տակ:
Կարդացեք նաև
Իսկ Լիբանանը` իբրև անմիջական հարևան, ազդվում է Սիրիայի իրադարձություններից: Այժմ Լիբանանում, հատկապես Հյուսիսային Լիբանանում, որոշ միջհամայնքային բախումներ կան, որոնք, բարեբախտաբար համալիբանանյան բախման վերածվելու միտում չունեն, սահմանափակ միջադեպեր են: Այժմ կենտրոնացումը Սիրիայի վրա է»,- ասաց Շ. Գանտահարյանը:
Խոսելով թուրքական գործոնի մասին` պարոն Գանտահարյանը հայտնեց, որ այն այսօր բավականին նվազել է: Նա, մասնավորապես ասաց. « Անկարան, զգալով, որ իր շահերը վտանգված են Լիբանանում, որոշեց հեռացնել իր ուժերը Հարավային Լիբանանից, թուրքական զորամիավորումն այլևս մեկնել է: Թուրքիան նաև փակեց իր մշակութային և լեզվական դասընթացների կենտրոնը, որը բացել էր Բեյրութում` նկատելով, որ իր շահերը վտանգված են Լիբանանում:
Իսկ Հայաստանը, ինչպես գիտեք, բանակցություններ է անցկացնում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ստանձնած Իտալիայի հետ, որպեսզի հայկական զորախումբ գնա և տեղակայվի Հարավային Լիբանանում: Ամփոփելով` կարող ենք ասել, որ այսօր տարածաշրջանում նկատվում է թուրքական գործոնի նահանջ և որոշակի ակտիվություն Երևանի կողմից»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ