Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց անցյալ տարվա հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա 4 ընկերներին բռնարարքների ենթարկելու գործով դատական հերթական նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ դատական նիստում լրացուցիչ ցուցմունք տված ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի հարցաքննությունը մնացել էր կիսատ: Այսօր Բաբլոյանը պատասխանեց միայն մեղադրանքը պաշտպանող Արմեն Մարուխյանի, դատավոր Դավիթ Հարությունյանի հարցերին եւ հրաժարվեց պատասխանել տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցերին:
Ամբաստանյալը նորից պնդեց, որ ինքը ծեծի է ենթարկել տուժող Գարիկ Սողոմոնյանին, երբ նա գնացել է Նորայր Հայրապետյանի ուղղությամբ, որը խոսում էր տուժող Գարիկ Սողոմոնյանի հետ, այդ ժամանակ տեսել է, թե ինչպես «կեպիով տղան» (հետագայում պարզվեց, որ Վահե Ավետյանի մասին է խոսքը) հայհոյելով փորձում է մոտենալ Նորայրին: Ամբաստանյալը հայտնեց, որ ինքը մտել է տուժող Գարիկ Սողոմոնյանի եւ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի մեջտեղը եւ քանի որ Գարիկն իրեն հայհոյել է՝ ինքը հարվածել է նրան: Դատավորի հարցին, թե ինչո՞վ է հարվածել, նա ասաց, որ աջ ձեռքով: «Ես տուժողներից Գարիկի հետ եմ եղել, որեւէ մեկը չի մոտեցել մեզ, նրան քթի կոտրվածքը ես եմ պատճառել»,- ասաց նա եւ ապա շարունակեց, որ Գարիկ Սողոմոնյանն էլ հարվածել է իր աչքին, ձեռքին եւ ձախ աչքը արյունահոսել է: Նկարագրելով իր եւ Գարիկ Սողոմոնյանի վեճը, ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն ասաց. «Խփել եմ դեմքին, նա ոչ սթափ վիճակում էր, ասել եմ՝ թող ստից փախիր: Դեմքը բռնել է, պպզել, ասել է՝ դուք ձեր հալը կտենաք, ու գնաց դեպի ամառային սրահի կողմը»:
Կարդացեք նաև
Թե մեղադրողի, թե դատավորի հարցերին, թե ինչպիսին էր «կեպիով տղայի» եւ Նորայրի միջեւ եղած հեռավորությունը, ամբաստանյալն ասաց, որ չի հիշում: Մեղադրողին հետաքրքրում էր, թե ամբաստանյալը ինչու որոշեց ցուցմունք տալ, երբ դատաքննությունն արդեն ավարտվել էր: Ամբաստանյալն ասաց. «Որովհետեւ իմ ընկերներն իրենց կատարած գործողությունների մասին ցուցմունք տվեցին, ես էլ որոշեցի իմ կատարած գործողությունների համար ցուցմունք տալ»:
Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին առնվազն տարօրինակ թվաց այն, որ ամբաստանյալը մի դեպքում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, զղջում է կատարվածի համար, սակայն հրաժարվում է պատասխանել տուժողների ներկայացուցիչների հարցերին:
Ամբաստանյալին ուղղվել են տուժողների ներկայացուցչի հետեւյալ հարցերը, մասնավորապես՝ երբ ռեստորանային համալիրում լսեցիք ձայներ, դուրս եկաք, նկատեցի՞ք հայհոյանքները, Գարիկ Սողոմոնյանի հայհոյանքները ում էին ուղղված՝ ձե՞զ, թե՞ Նորայրին, ի՞նչ նկատի ունեիք, երբ ցուցմունք տալուց ասացիք՝ ստից խփելով չէի կանխատեսում նման հետեւանքներ, ի՞նչ կապ ունեք Ռուբեն Հայրապետյանի հետ, դուք ֆուտբոլի ակադեմիայո՞ւմ եք եղել դեպքի օրը: Ամբաստանյալը չպատասխանեց այդ հարցերին:
Մեղադրող Արմեն Մարուխյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ հետաձգել դատական նիստը մեղադրական ճառին պատրաստվելու համար, այն, ինչը կանխատեսել էինք մեր նախորդ հրապարակմամբ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ, երբ ամբաստանյալները հանդես չէին եկել ինքնախոստովանական ցուցմունքներով, մեղադրող կողմը ապացուցված համարելով մեղադրանքը՝ միջնորդել էր 13 տարվա ազատազրկում բոլոր 6 ամբաստանյալների նկատմամբ:
Մեղադրական ճառով դատախազը հանդես կգա հոկտեմբերի 18-ին:
Ի դեպ, այս գործով երկրորդ մեղադրողը՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ