«Անալիտիկ» վերլուծական կենտրոնում այսօր նախատեսված էր քննարկում՝ «ՀՀ-ն ներկայացնելիս քաղաքական գործչի դիվանագիտական էթիկայի սահմանները» թեմայով: Բազմաթիվ հրավիրյալների բացակայության պատճառով քննարկումն, ըստ էության, վերածվեց նույն թեմայով մամուլի ասուլիսի՝ Diplomat.am կայքի հիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մասնակցությամբ:
Պարոն Նավասարդյանը մի քանի անգամ շեշտեց, որ դիվանագետը՝ որպես պետությունը եւ պետական իշխանությունը դրսում ներկայացնող անձ, պետք է մոռանա իր «ազատության» մասին. «Եթե դուք դիվանագետ եք, ուրեմն՝ ազատ չեք»: Երկար տարիներ Հայաստանը դրսում՝ որպես ՀՀ դեսպան ներկայացրած Արման Նավասարդյանն ասում է .«Դեսպանի աշխատանքը պետական ծառայություն է, որը պետք է արվի առանց որեւէ էմոցիաների, անձնական մոտեցումների եւ հետաքրքրությունների: Դեսպանը գնում է իր նշանակման երկիր եւ դառնում իր պետության խոսափողը այդ երկրում: Եվ նա իրավունք չունի իր պետության ուղեգծից շեղվելու ոչ մի սանտիմետր ոչ աջ եւ ոչ ձախ»:
Եվ որպես «դառը փորձ», նա բերեց Շառլ Ազնավուրի օրինակը. «Ես, պաշտելով Շառլին՝ որպես մեծություն, պետք է ասեմ, որ նրան դեսպան նշանակելը մեր արտաքին քաղաքականության մեծ սխալներից մեկին է»:
Ըստ պարոն դեսպանի՝ այն պահից, երբ դեսպանը մտնում է քաղաքական խաղերի մեջ, այլեւս իրավունք չունի աշխատելու. «Եթե դուք ունեք տեսլականներ, գաղափարներ եւ մտքեր, ապա պետք է հրաժարական գրեք եւ դառնաք ազատ քաղաքացի, ինչպիսին Արման Նավասարդյանն է, եւ խոսեք ինչ-որ ուզում եք: Իսկ եթե ուզում եք մնալ դեսպան, ապա ձեր անձնական խնդիրները, գաղափարները, հավանություններն ու հակակրությունները մի կողմ դնեք եւ աշխատեք»:
Կարդացեք նաև
Նա գտնում է, որ դիվանագետները պետք է հաշվետու լինեն ոչ միայն ԱԳՆ-ի, այլեւ խորհրդարանի առջեւ, եւ պետք է որոշակի հաճախականությամբ ներկայացնեն իրենց գործունեությունը՝ պատմեն, թե ինչ են արել դրսում՝ իրենց երկրի համար: Բայց պարոն Նավասարդյանը մի վերապահում ունի՝ а судьи то кто?՝ իսկ դատավորնե՞րը ովքեր են, կամ, տվյալ դեպքում՝ պատգամավորները:
Պարոն դեսպանը ասում է, որ եթե դեսպանների նկատմամբ չկա որոշակի վերահսկողություն, նրանցից չի պահանջվում հաշվետվություն՝ արածների եւ չարածների համար, ապա դժվար է խոսել դիվանագիտական էթիկայի մասին՝ ի՞նչ, ինչպե՞ս եւ որտե՞ղ խոսել, ի՞նչ, ինչպե՞ս եւ որտե՞ղ չխոսել:
Արման Նավասարդյանը համաձայն է, որ խոսքի ազատությունը եւ դիվանագիտական էթիկան իրար հետ հակադրվող եզրույթներ են, սակայն նաեւ նշում է, որ «խոսքի ազատությունը չի նշանակում, որ կարելի է գնալ «ափըռ-ցըփըռ» խոսել»: Նա ասում է, որ ցանկացած գործիչ, որը դրսում պետություն է ներկայացնում, պետության անունից է խոսելու, պետք է որոշակիորեն պատրաստված լինի. «Չի կարելի ամեն մարդու թողնել, որ գնա արտասահմանում հայտարարություն անի, իսկ եթե մարդն ուզում է հայտարարություն անել, մինչեւ այդ պետք է «լիկբեզ» անցնի»:
Այս համատեքստում, բնականաբար, հարց առաջացավ ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի մասին՝ ուղղված ՀՀ նախագահին՝ կազինոյում վերջինիս ենթադրյալ 70 մլն եվրո կորուստի մասին: Պարոն Նավասարդյանը դժկամությամբ պատասխանեց այս հարցին, ասելով, որ չի ողջունում տիկին Փոստանջյանի հարցը, սակայն դա պետք չէր այդքան երկար քննարկել՝ «ախր էնքան կարեւոր բաներ կան քաղաքականության մեջ, որ չի կարելի ամեն ինչ թողնել եւ մտածել Զարուհու ասածի մասին»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ