Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով ընթերցել է համաժողովի պատվիրակներին ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Բացման խոսքով հանդես է եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախ ողջունել է ներկաներին Երևանում գտնվելու առիթով՝ առանձնացնելով համաժողովի աշխատանքը Երևանի 2795-րդ տարեդարձին զուգակցելու հանգամանքը:
<<Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Հայաստանը իրականացնում է համաեվրոպական այս կարևոր կազմակերպության նախագահությունը: Մեզ համար ուրախալի է, որ տեղական ժողովրդավարությունը հռչակվել է իբրև Հայաստանի նախագահության առաջնայնություններից մեկը, ինչը հիմք հանդիսացավ, որ մենք նախաձեռնենք մայրաքաղաքային հիմնախնդիրներին նվիրված այս համաժողովը: Որպես Կոնգրեսում հայաստանյան պատվիրակության անդամ, կարող եմ վստահ ասել, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կոնգրեսի հետ ունի համագործակցության լավ ավանդույթներ, ինչն անշուշտ առավել արդյունավետ է դարձնում Հայաստանում տեղական ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները>> -, նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև ընդգծել է հանգամանքը, որ համաշխարհային զարգացումների ներկա տեմպերն օրեցօր նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում քաղաքային իշխանություններին, ինչը պարտադրում է լինել առավել ճկուն և անընդհատ կատարելագործել մունիցիպալ կառավարման համակարգը և ընդգծել, որ որքան մեծ է քաղաքացիական հասարակության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, այնքան արդյունավետ է այն ու եղած մարտահրավերներն էլ՝ հեշտ հաղթահարելի: Տարոն Մարգարյանը հատկանշել է նաև, որ փորձի փոխանակումը քաղաքային տնտեսությունների առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ լուծումներ է ենթադրում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսին, Նախագահ Հերվիգ Վան Շտաային` աջակցության համար, Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին՝ խորհրդաժողովին մասնակցելու համար և Կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին` համաժողովի կազմակերպման ու անցկացման համար: Բացման խոսքով հանդես է եկել նաև՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամը, ով անդրադարձել է եվրոպական խոշոր քաղաքների կառավարման մոդելներին, գրեթե բոլոր քաղաքներին բնորոշ խնդիրներին և դրանց համակողմանի լուծման տարբերակներին: Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, համաժողովի մասնակից այլ քաղաքների պատվիրակներ:
Տեղի են ունեցել նաև քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին: Համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես են եկել Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն