Երեւան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված Ռաֆիկ Նուբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2013թ. հունիսի 1-ին զորամասի մարզական ավանում ածելիով ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ անելով՝ իր առողջությանը վնաս է պատճառել, ինչի պատճառով 2013 թվականի հունիսի 6-ից մինչեւ հուլիսի 12-ը ստացել է ստացիոնար բուժում: Այդ ընթացքում նա ժամանակավորապես չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ նա հուլիսի 14-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը եւ հուլիսի 18-ին բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի ռազմական ոստիկանության բաժին: Ռաֆիկ Նուբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով( «Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը») եւ 363 հոդվածի 1-ին մասով («Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»):
Նախկինում չդատված Ռ. Նուբարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվելու է հոկտեմբերի 15-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ