Այսօր` հոկտեմբերի 11-ին, «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցավ ՀՃՊՀ-ի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանի ասուլիսը, որի ժամանակ վերջինս, կիսվելով երեկ նույն համալսարանում կայացած արհմիության նիստից ստացած իր և մյուս դասախոսների տպավորություններով, ասաց. «Արհմիության երեկվա նիստի քննարկումների արդյունքում մեզանից շատերի մոտ ձևավորվեց այն կարծիքը, որ մեր բուհը` որպես կազմակերպություն, կանգնած է լուրջ ֆինանսական խնդրի առջև: Եվ այդ պատճառով է, որ ռեկտորը ստիպված մասսայական կրճատումներ է իրականացնում` փորձելով այդպիսով լուծել այդ ֆինանսական խնդիրը: Բայց մեզ համար ամենաանընդունելին, ամենավիրավորականն այն է, որ դա կատարվում է, այսպես կոչված, բարեփոխումների շղարշի ներքո, այսինքն` քողարկված ձևով: Դրա հետ մեկտեղ, փորձ է արվում արհեստական եղանակով պակասեցնել դոցենտների և պրոֆեսորների քանակը: Դրա նպատակը նույնն է` ամեն կերպ միջոցներ խնայել, քիչ աշխատավարձով աշխատեցնել դասախոսներին: Մեզ մոտ այսպիսի տպավորություն է ստեղծվել, բայց դա պարզելու համար պետք է համալսարանում իրականացվի աուդիտ, այսինքն` պետք է ստուգել ֆինանսական մուտքերն ու ելքերը, ինչը իրավասու է անելու Կառավարման խորհուրդը: Երեկ, ի դեպ, մենք այդ հարցով դիմեցինք համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանին, որը նույնպես ներկա էր նիստին»:
Հարցին, թե դասախոսների բողոքը ուղղվա՞ծ է արդյոք Արա Ավետիսյանի անձի դեմ, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Ռեկտորի անձի հետ կապված որևէ խնդիր չկա: Պարզապես, մենք տեսնում ենք, որ մեր բուհը քայքայման շեմին է, սա քայքայման սկիզբն է: Ոչ մեկ չի համաձայնի 70-80 հազար դրամ աշխատավարձով աշխատել: Ամենայն հավանականությամբ, մենք կսկսենք նոր ստորագրահավաք, նամակ կուղղենք պարոն Աշոտյանին և պարոն Նիկոյանին: Նամակում կարտացոլվեն մեր պահանջները, ամենայն հավանականությամբ, կխնդրենք քննարկել Արա Ավետիսյանի` ՀՃՊՀ-ում ռեկտոր մնալ-չմնալու հարցը»:
Հետաքրքրությանը, թե ի՞նչ փաստարկներ է բերում ռեկտորը իր կատարած փոփոխությունների վերաբերյալ, Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ Ա. Ավետիսյանի բերած փաստարկները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, և հավելեց. «Նրա երեկվա բացատրությունը մոտավորապես նման է նրան, որ ասեն, թե քառանիվ մեքենան երեք անիվով ավելի լավ կգնա, քան չորս»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ