Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը քննարկել է «Զվարթնոց»-ի հին ուղևորային համալիրի հարցը և փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրենսդրական նախագծերը

Հոկտեմբեր 11,2013 16:33

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Օրակարգում եղել է երկու հարց՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Առաջին հարցի քննարկմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի այն ենթահանձնաժողովների նախագահներն ու ներկայացուցիչները, որտեղ հարցը դրվել է քննարկման (ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների ենթահանձնաժողովներ):

Հարցը քննարկվել է նաև ՀԽ տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում, որի արդյունքները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը:

Ենթահանձնաժողովների նախագահները հայտնել են, որ հարցի վերաբերյալ բուռն քննարկումներն են տեղի ունեցել` մասնագետների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդգծվել է շենքի ճարտարապետական և մշակութային բարձր արժեքը, բացասական կարծիք է հնչել այն պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու փաստի վերաբերյալ և առաջարկ ներկայացվել դիմել մշակույթի նախարարություն շենքն այդ ցանկում կրկին ներառելու նպատակով: Ենթահանձնաժողովները բացասական կարծիք են հայտնել շենքը քանդելու վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի շարք առաջարկներ շենքի ամրացման և դրա օգտագործման հետ կապված:

Հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու համար Հանրային խորհրդին անհրաժեշտ են նաև ուսումնասիրել հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը և լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, որից հետո հարցը վերջնականորեն կդրվի քննարկման Հանրային խորհրդի լիագումար նիստին և կկայացվի որոշում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը,  որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ներկայացրեց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

Քննարկման ընթացքում ներկաները համակարծիք են եղել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգը, որը նախատեսում է նաև գրանցամատյանում հաշվառելու համար գանձվող տարեկան վաթսուն հազար դրամ տուրք, բացասական ազդեցություն կունենա դատիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծին դեմ է Փաստաբանների պալատը, որի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիսանում է նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության ենթահանձնաժողովի նախագահը:

Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը կվերանայի այդ որոշումը և հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, հարցը քննարկման կդրվի Հանրային խորհրդի լիագումար նիստին, որին կհրավիրվի նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի  պատասխանատու

Անի Գասպարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031