«Սարսափելի տեսարան է, երբ դու տեսնում ես մարդուն անկողնուն գամված, ընտանիքը միջոցներ չունի, չկա դեղամիջոց, ընտանիքի անդամները հյուծված վիճակում են՝ անբուժելի հիվանդ հարազատի խնամքը հոգալու հետեւանքով եւ այլն»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպես նկարագրեց իրավիճակը իրավաբան Վիոլետա Զոփունյանը, որը, մի հետազոտություն անցկացնելու համար այցելել է կյանքի վերջին փուլում գտնվող անկողնային հիվանդներին: Ըստ նրա, մեր երկրում` պալիատիվ (ամոքիչ ) բուժօգնության ներդրման համար շատ կարեւոր է հասարակության վերաբերմունքը:
Անբուժելի հիվանդի կյանքի վերջին օրերն առանց ցավի անցկացնելու համար մեր երկրում ներդրվում է պալիատիվ բուժօգնությունը: Ըստ մասնագետների, Հայաստանում 3200-3600 մարդ ամեն օր ունի պալիատիվ բուժօգնության կարիք:
Պալիատիվ բուժօգնության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովում է, որն առաջին ընթերցմամբ անցել է: Օրենսդրական փոփոխություններով նախատեսված է ֆինանսական կարգի մշակում, հստակ չափորոշիչներ, թե ով է պալիատիվ բժշկության մասնագետը, եւ ինչ կրթություն պետք է ստանա:
Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Տեր-Գրիգորյանի ներկայացմամբ, օրենքի երկրորդ ընթերցումը նախատեսված է մինչեւ տարեվերջ:
Հարցին, թե ինչո՞ւ Վրաստանում պալիատիվ բուժօգնությունն արդեն ներդրված է եւ քաղաքացիները լիարժեք օգտվում են բուժօգնության այդ տեսակից, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվություն չունի եւ այնտեղ էլ խնդիրներ կան:
Կարդացեք նաև
Պալիատիվ բուժօգնության բուժման մեթոդում ներառված են թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ, որոնք ցավազրկող մեծ ազդեցություն ունեն: Մեր երկրում առայժմ խնդիրներ կան թմրանյութերի հասանելության հետ կապված: Ըստ Սուրեն Քրմոյանի,
եկող տարի ակնկալում են, որ թմրամիջոցների հասանելիության հետ կապված խոչընդոտները վերացված կլինեն, ֆինանսական հիմքերը դրված կլինի, ծառայությունների հասանելիությունը` ընդլայնված:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը, որը նաեւ անզգայնացնող բժիշկ է, հարցին, թե կա՞ այսօր այդ բուժօգնությունը եւ ի՞նչ արժե, քանի դեռ հստակ որոշված չէ եւ օրենքը մշակման փուլում է, պարոն Կարապետյանն ասաց, որ իրենց բուժհիմնարկում կա այդպիսի ծառայությունը, որը վճարովի է, սակայն պարոն Կարապետյանը չհստակեցրեց, թե ինչ արժե այն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ