Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը, որին, օրենքով սահմանված կարգով համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
«Առաջարկված նախագծում ներկայացված են ինչպես նախորդ 4 տարիներին իրականացված ծրագրերի ամփոփ տվյալները, այնպես էլ ծրագրեր, որոնք առաջիկա 4 տարիների մեր գործունեության ուղենիշը պետք է լինեն»,- անդրադառնալով ներկայացված նախագծին՝ նշել է խորհրդի նախագահի տեղակալ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհուրդը որոշել է տասնօրյա ժամկետ սահմանել նախագիծն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար, որից հետո, մինչև Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնելը, ծրագիրը նաև հանրային քննարկման կներկայացվի:
Ներկայացնելով օրակարգի երկրորդ՝ Երևան քաղաքի բյուջեի կազմման գործընթացի վերաբերյալ հարցը, Վահե Նիկոյանը խորհրդի անդամներին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել նաև բյուջեի ձևավորման գործընթացում և այս հարցի վերաբերյալ նույնպես առաջարկություններ ներկայացնել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն