«Քաղաքային իշխանությունների հիմնական խնդիրն է ունենալ բավարար հմտություններ քաղաքացիներին հուզող խնդիրները լուծելու առաջադրանքը լավ կատարելու հարցում»,-«Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր քաղաքային իշխանության համար» խորագրով ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովի բացման խոսքում այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վորմիշամին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսեց այն մարտահրավերներից, որոնց մեր օրերում դիմակայում են քաղաքային իշխանությունները:
Պարոն Վորմիշամին նաև կարևորեց մայրաքաղաքներին հատուկ կարգավիճակների հաղորդման հարցը, ինչը էական նշանակություն ունի հատկապես երիտասարդ մայրաքաղաքների համար: Նա խոսեց ներառական և մրցակցային մոտեցումների մասին ու մանրամասնեց. «Այսօր ԵԽ անդամ երկրների համար լուրջ մարտահրավեր է արդյոք մայրաքաղաքների զարգացմանը բավարար առաջնահերթություն է ներկայացվում, արդյոք հաշվի են առնվում բնակչության այն խավերին, որոնք վտանգված են նրանց՝ հաշվի չառնելու տեսանկյունից»:
Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան նշեց. «Մենք բարեփոխումներ իրականացնելիս խնդիրների առաջ կանգնեցինք: Օրինակ, երբ հասարակական տրանսպորտի բարեփոխումներ էինք իրականացնում, տեղական շահերի հետ կապված ցույցերի էին գնում: Ի վերջո կարողացանք առաջ տանել այս բարեփոխումը: Առողջական համակարգում բարեփոխումներ իրականացնելիս ևս բազում լուրջ հասարակական դիմադրության առաջ կանգնեցինք»:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանը, խոսելով մայրաքաղաքի հիմնախնդիրների մասին, նշեց. «Նախ պետք է իրականացվի ոռոգման համակարգի արդիականացում, քանի որ առանց ոռոգման հնարավոր չէ կանաչ զանգվածներ ապահովել: Անհրաժեշտ է, որ ոռոգման համակարգը տեղափոխվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո»:
Նշենք, որ համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև մայրաքաղաքների անվտանգության, ընդդեմ ուրբանիզացման, հանդուրժող և ներառական հասարակությանը և այլ թեմաներին վերաբերող հիմնախնդիրներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ