Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հայության համախմբվածությունը և մեր համատեղ ներուժը կարող են բազմապատկել մեր մրցակցային առավելությունները»

Հոկտեմբեր 11,2013 15:49

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:

Մինչ այդ, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դիտել է նաև Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը:

Նախարարության աշխատակազմի, համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչների, Հայաստան-Սփյուռք զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը շնորհավորել է Սփյուռքի նախարարության հիմնադրման հոբելյանի առթիվ, խոսել նախարարության առջև դրված խնդիրների, անցած ուղու և ձեռքբերումների, այդ կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետագա ծրագրերի մասին:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախարարությունն առաջիկայում կյանքի կկոչի ազգային նպատակների, համահայկական իղձերի իրագործմանն ուղղված ավելի մեծ ծրագրեր և որոշ ժամանակ հետո իր աշխատանքի արդյունքներով կդառնա այնպիսի կառույց, ինչպիսին ցանկանում է տեսնել յուրաքանչյուր հայ: Սերժ Սարգսյանը նախարարությանը մաղթել է նորանոր ձեռքբերումներ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համազգային այդ դժվարին առաքելության իրագործման ճանապարհին:

«Հինգ տարի առաջ Սփյուռք–Հայաստան կապերին նոր որակ հաղորդելու նպատակով ստեղծվեց պետական կառավարման այս մարմինը՝ Սփյուռքի նախարարությունը, որի խնդիրն էր համագործակցելով մեր դիվանագիտական ծառայության, ասել է թե՝ Արտաքին գործերի նախարարության և սփյուռքյան կառույցների հետ, նպաստել հայապահպանությանը, օժանդակել հայրենադարձությանն ու նպաստել Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հայ ժողովրդի: Եվ ուրախ եմ, որ այս ժամանակահատվածում Սփյուռքի նախարարությունը դարձել է այդ աշխատանքի հիմնական օղակը: Այժմ նախարարության միջոցով ենք իրականացնում հայապահպանությանը նպաստող բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են մեր ազգային ինքնության պահպանմանը, մայրենի լեզվի և հայ մշակույթի տարածմանը, հայկական ավանդույթների պահպանմանը:

Նախարարության կարևոր խնդիրներից է՝ բացահայտելով Հայրենիքի և Սփյուռքի ներուժը, նպաստել առանձին ուղղություններով համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Մասնագիտական համաժողովների միջոցով արդեն հաջողվել է իրար կապել տարբեր մասնագիտությունների տեր հազարավոր մարդկանց: Սա, կարծում եմ, բավականին արդյունավետ ճանապարհ էր:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայության համախմբվածությունը և մեր համատեղ ներուժը կարող են բազմապատկել մեր մրցակցային առավելություններն արդի աշխարհում: Անցած ժամանակաշրջանում նախարարությանը հաջողվել է Սփյուռքի կառույցների և կազմակերպությունների հետ հաստատել փոխվստահության ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է հետևողական աշխատանքի համար։

Այդ կազմակերպություններն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հայապահպանության հիմնասյուներն են: Նրանց շնորհիվ սերնդեսերունդ են փոխանցվում մեր հոգևոր ժառանգությունը, Հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացմունքները։ Անհրաժեշտ է առավելագույնս համադրել պետության և համահայկական կառույցների ծրագրերը։ Պետք է ձգտել յուրաքանչյուր կառույցի հետ ունենալ մի քանի երկարաժամկետ ծրագիր:

Այս տարիների լավագույն ձեռքբերումների շարքում կարող ենք նշել հայ մշակութային ժառանգության պահպանմանը միտված քայլերը: Նշված ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում հոգևոր կառույցների, առաջին հերթին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Սիրելի՛ բարեկամներ,

Սփյուռքի նախարարությունը ոչ միայն կայացել է, այլև դարձել է զարգացող և հեռանկարային կառույց, որը լծված է հայության օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառույցն է այն շաղախը, որ կապում է Սփյուռքը Հայրենիքին, ամրացնում և ուղղորդում է այդ կապը: Նախարարությունն իր 5-ամյա գործունեությամբ ապացուցեց Սփյուռքի հետ հարաբերությունների համակարգման և պետության հետ առնչությունների կենտրոնացման նպատակահարմարությունը։ Այս տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել է փոխըմբռնման, վստահության և համագործակցության բարենպաստ մթնոլորտ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար և մեր մի խումբ հայրենակիցների` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահը հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևներ և ՀՀ Նախագահի շնորհակալագրեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031