Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատարանն անցել էր ապացույցների հետազոտմանը, իսկ նիստերի դահլիճն էլ կիսադատարկ էր: Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց երկհատորանոց գործում առկա փորձագիտական եզրակացության արձանագրությունները, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից քրգործ հարուցելու եւ վարույթ ընդունելու որոշումները, հրապարակվեցին Արսեն Ավետյանի եւ Արկադի Վարդանյանի՝ նախկինում դատվածության մասին տեղեկատվությունը, որը ստացվել էր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից, ինչպես նաեւ բերման ենթարկելու մասին որոշումները:
Վարուժան Սավդալյանի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին հարցաքննել են որպես վկա եւ մեկ ժամ հետո բաց թողել, մինչդեռ հրապարակվեց, որ նա տարվել է ԱԱԾ որպես կասկածյալ:
Ի դեպ, ապացույցների հետազոտման ժամանակ պարզվեց, որ 2001թ Հայաստանի գյուղակադեմիայի դասախոս Արսեն Ավետյանի նկատմամբ քրգործի վարույթը կարճվել էր եւ կիրառվել էր համաներում:
Կարդացեք նաև
Դատարանում հրապարակվեց «Առագաստ» սրճարանում Արսեն Ավետյանի եւ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի միջեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրությունները, սակայն հայհոյանքներ լինելու պատճառով նիստերի դահլիճը լքեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ այս եռյակը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու համար: Ռոբերտ Ավետյանը ամբաստանյալ Արսեն Ավետյանի հայրն է: Մեղադրանքը հիմնավորվելու դեպքում նրան սպառնում է 12-20 տարվա ազատազրկում, կամ ցմահ ազատազրկում:
Այսօր այս գործով ներգրավվեց նաեւ Արկադի Վարդանյանի երկրորդ պաշտպանը՝ Գեւորգ Մելքոնյանը (Գայանե Գալոյանի հետ), որը նախաքննության ժամանակ իրականացրել էր ՌԴ քաղաքացու՝ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի պաշտպանությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ