Էրեբունի-Երևան 2795-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, ընդգծելով, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք այս տարվա հուլիսին կնքված եղբայրացման մասին համաձայնագրով էլ ավելի ամրապնդվեցին, արդեն իսկ լավ հիմք են նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար. «Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը և իրականացնել տարբեր ծրագրեր ի բարօրություն մեր մայրաքաղաքների: Հուսով եմ, որ հերթական Ձեր այս այցից ևս տպավորված կվերադառնաք Ռիգա»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի տոնի կապակցությամբ, ապա ընդգծել, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Երևանում, ինչպես միշտ, ընդունելությունն իսկապես ջերմ է և յուրաքանչյուր անգամ ես այստեղից հեռանում եմ հրաշալի տպավորություններով: Հենց երկու մայրաքաղաքների միջև ձևավորված այս ջերմ ու բարեկամական հարաբերությունների արդյունքում է, որ մեր համագործակցությունն իսկապես համարում եմ հաջողված»,- նշել է Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն