Կառավարության թողարկած եվրոբոնդերից հետագայում ստացված գումարների մի մասը «Հայրենական ապրանք արտադրողների» նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ուղղել Երեւան ՋԷԿ-ի 2-րդ բլոկի կառուցմանը: Այս մասին այսօր պարոն Սաֆարյանն ասաց «Ֆորում» ակումբում:
Վազգեն Սաֆարյանի խոսքերով` Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման համար 400 միլիոն դոլար է անհրաժեշտ. «Իրանական գազի վրա աշխատող ՋԷԿ-ը յուրաքանչյուր 3 խորանարդ մետր գազի դիմաց կմատակարարի իրանական կողմին 9 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, իսկ մեր բաշխիչ ցանցերին կմատակարարի 3.2 միլիարդ կիլովատ ժամ էլեկրաէներգիա, որը մեր ամբողջ էլեկտրաէներգիայի ծախսի 50%-ն է կազմում: Սա կլինի ցածր արժեքով արտադրանք, այն կնպաստի էներգակիրների գնի իջեցմանը, իսկ էլեկտրաէներգիան այսօր տնտեսության լոկոմոտիվն է, ապարանքային արտադրության մեջ էներգիայի մասնաբաժնում էլեկտրաէներգիայի ծախսը կնվազի»:
Պարոն Սաֆարյանը նաեւ առաջարկում է եվրոբոնդերից ստացած գումարներից ուղղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերակառուցմանը, ձուլարանի, քիմիամետալուրգիական կոմբինատի կառուցմանը: Ըստ Վազգեն Սաֆարյանի. «Նախագծի ընդհանուր արժեքը 1,5 միլիարդ դոլար է, մենք առաջարկում ենք եվրոբոնդերից եկամուտը ուղղվի այդ ոլորտ, որտեղ նրանք կարող են բոնդերի դիմաց տոկոսավճարներ ստանալ ու արդյունավետ համագործակցել: Եթե այդ կոմբինատը կառուցվի, դա պոչամբարներում կուտակված արդյունաբերական պոչանքները վերամշակելու հնարավորություն կտա, տարեկան 1,2 միլիարդ դոլարի մաքուր շահույթ կբերի, 15 հազար աշխատատեղ կլինի, տարեկան կմշակվի 82 տոննա հանքանյութ»: Վազգեն Սաֆարյանը եվրոբոնդերից ստացած գումարներով եւս մեկ նախագիծ էլ է առաջարկում` գումարներն ուղղել Հայաստան-Իրան, Վանաձոր- Ֆիալետովո երկաթգծի կառուցմանը:
Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին, պարոն Սաֆարյանն ասաց, որ այն նորից սոցիալական ուղղվածության է, որը եւ լավ է, եւ վատ. «Վատ է այն իմաստով, որ ներդրումային ուղղվածության քաղաքականություն չունի, որքան հավաքում ենք, այդքան էլ ծախսում ենք սոցիալական խնդիրների, կառավարական ապարատի պահպանության համար:
Կարդացեք նաև
Դրական պետք է համարել այն հանգամանքը, որ այս եւ նախորդ տարի բյուջեից հատկացումներ են արվում արդյունաբերության զարգացման համար»:
Հարցին էլ, որ կառավարությունը հայտարարել է, որ բյուջեի եկամուտների հավաքագրման հարցում ճնշում չի գործադրի տնտեսվարողների վրա, այն դեպքում երբ նախատեսված է մոտ 90 միլիարդ դրամ ավել եկամուտ հավաքել, արդյոք այս բեռը նորից փոքր ու միջին բիզնեսի վրա չի ընկնի, պարոն Սաֆարյանն ասաց, որ միջազգային կառույցների հաշվարկներով մեր տնտեսությունում ստվերը մոտ 35%-է`1 միլիարդ դոլար. «Կարծում եմ կառավարությունը քաղաքական կամք կկարողանա կիրառել, եթե նա գնում է հարկերի բեռը չծանրացնելու ճանապարհով, ուրեմն նա կգնա ստվերի կրճատման միջոցին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ