Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Տիգրան Առաքելյանին ներելու իրավունք ոչ ոք չունի»

Հոկտեմբեր 11,2013 14:30

Այսօր Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստից հետո Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դատավճիռ է սպասում: Նա պատասխանեց. «Դատավճիռն արդեն վաղուց կայացված է: Այսօրվա դատավարությունն էլ կայացրեց այդ դատավճիռը: Դա դատավճիռն էր՝ այս ռեժիմի նկատմամբ: Անարդարության, կաշառակերության, փչացվածության մեջ թաղված ռեժիմի դատավճիռն էր, որն այսօր կայացավ: Մենք ուրիշ դատավճիռ չենք սպասում»:

Մեր հարցին՝ Տիգրան Առաքելյանը նախորդ դատական նիստում պաշտոնապես հրաժարվեց համաներումից, Դուք այդ որոշումն ինչպե՞ս եք գնահատում՝ նա պատասխանեց. «Հո բանտի ճաղերից բռնված չի՞ մնալու: Բայց հրաժարվելը ճիշտ է անում, որովհետեւ նրան ներելու իրավունք ոչ ոք չունի: Ինքը ունի ներելու իրավունք, եւ ինքը պիտի որոշի՝ կօգտվի՞ այդ իրավունքից, թե՞ չէ՝ ներելու այս բոլոր իշխանավորներին, ներելու Սերժ Սարգսյանին, ներելու Եվա Դարբինյանին, դատախազներին, քննիչներին: Համաներում բառն այս դեպքում վերաբերում է այդ ամբողջ համակարգին: Տիգրան Առաքելյանը ներելու իրավունք ունի, իսկ իրեն ներելու իրավունք ոչ ոք չունի: Այնպես որ, ինքը շատ ճիշտ է վարվում»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, ռեժիմն արդեն ըստ էության հանձնվել եւ բաց է թողել Տիգրան Առաքելյանին. «Սա վերջին նրանց ջանքերն են՝ ամեն ինչ տեղավորելու իրենց ուզած շոուի սահմաններում: Բայց արդեն ակնհայտ է, որ այս ճնշումները, այն հսկայական աջակցությունը, որ հասարակությունը ցույց տվեց, այն հանգամանքը, որ բռնապետն ամեն օր արթնանում էր եւ ՀՀ բոլոր հեղինակավոր թերթերում կարդում էր, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է եւ որ պահանջվում է նրա ազատությունը, այդ պահից արդեն կատարվել է հետեւյալը՝ այն, ինչ մեր գլխացավանքն էր, դարձավ Սերժ Սարգսյանի ռեժիմի , Սերժ Սարգսյանի անձնական գլխացավանքը: Այդ պահից մենք հաղթեցինք: Այն պահից, երբ որ գլխացավանքը դարձավ իրենը՝ մենք հաղթեցինք: Նրանք գնացին լուծումների, որ կարողանան Տիգրան Առաքելյանին ազատել: Դա կատարվեց՝ շնորհիվ ժողովրդի համառ պայքարի, որը պսակվեց հոյակապ հաջողությամբ: Ամբողջ հասարակությունը մտավ այս գործընթացի մեջ: Ամբողջ հասարակությունն ասեց, որ եթե Տիգրան Առաքելյանը նստած է բանտում, մենք մեզ ազատ չենք զգում»:

Լեւոն Զուրաբյանը շնորհավորեց այն բոլոր թերթերի խմբագիրներին ու լրագրողներին, որոնք աջակցեցին եւ ապացուցեցին՝ կան սկզբունքներ, որոնց համար պայքարելու են մինչեւ վերջ. «Ես երախտապարտություն չեմ հայտնում: Նրանք դրանով իրականում մեծ լավություն են արել իրենց երեխաներին: Ես ուղղակի շնորհավորում եմ բոլորին՝ այս կեցվածքի եւ այս հաղթանակի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031