Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ր եվրոպացուն ինչքա՞ն խավիար են կերակրել ադրբեջանցի խորհրդարանականները

Հոկտեմբեր 11,2013 14:25

«Խնդիրն այն է, թե այդ թատերական շոուի ժամանակ ինչպե՞ս էր կազմակերպված այն թատրոնը, որը կոչվում էր ընտրություններ»,- այսպիսի վերաբերմունք ունի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը`Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Նա կարծում է, որ սրանից էլ բխում են եվրոպական դիտորդների տարբեր գնահատականները:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ի եւ ԵԽԽՎ-ի  դիտորդները դրական գնահատեցին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում Իլհամ Ալիեւը 85 տոկոս հավաքեց, իսկ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի դիտորդները ճիշտ հակառակ կարծիքն արտահայտեցին:

Դիտորդների հակասական գնահատականների մասով, մեր զրուցակիցը նաեւ ասաց. «Նայած ո՞ր կառույցում ադրբեջանական պատվիրակությունն ինչպիսի՞ մեխանիզմների, խավիարային դիվանագիտության ի՞նչ միջոցով եւ ո՞ւմ է կարողացել ներգրավել այդ խմբերում, ինչի արդյունքում էլ ստացել են հենց այդ գնահատականները: Փորձել դա կապել իրականության հետ ու դրանից հետեւություններ անել, հավանաբար, սխալ մոտեցում կլինի: Պարզապես պետք է ընկալել, որ Սահմանադրությունը փոխվեց, որ Ալիեւը կարողանա արդեն երրորդ անգամ ընտրվել: Այն ժամանակ պետք էր կանխատեսել, թե ո՞ւր է գնալու այդ ամենը: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ ամեն կառույց ունի իր մի փոքր քաղաքական խնդիրներն Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում էլ ստացվեցին այդ գնահատականները: Չեմ կարծում, որ լուրջ պետք է վերաբերվել դրանց, նույնիսկ, ելնելով նաեւ մեզ մոտ`Հայաստանում տեղի ունեցած, այսպես ասած, ընտրությունների մեխանիզմներից, հաշվի առնելով, որ ինչպես մեզ մոտ տարբեր քաղաքական խնդիրների պատճառով կարող ենք ստանալ տարբեր գնահատականներ, այնպես էլ Ադրբեջանում»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի ղեկավարությունը, մասնավորաբար Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն որպես հիմք ընդունեցին ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները, քանի որ վերջիններս երկարաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել մեր հարեւան երկրում: 

Այն, որ ՀՀ նախագահը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանի համար լավ կլինի, որ Ալիեւն ընտրվի, Թեւան Պողոսյանը համարում է ոչ միայն ՀՀ նախագահի ցանկությունը, այլ աշխարհի, քանի որ միջազգային կառույցներում այլ ցանկությունների արտահայտություն ինքը չի տեսել. «Կարծես կար կոնսենսուս եւ բոլորը ցանկանում էին, որ Ալիեւն էլ ընտրվի»:

Այս հարցից դուրս մեր զրուցակիցը նկատեց, որ տեղեկություններ կան, որ Մինսկի խումբը սկսելու է ակտիվացնել իր գործունեությունը` հնարավորություններ ստեղծելով երկու երկրների նախագահների հանդիպման համար. «Այն, որ երկու նախագահներն իրար ճանաչում են`ինչքանո՞վ կօգնի այդ հանդիպմանը կամ խնդրի կարգավորման մեջ ի՞նչ դեր կունենա, ամեն ինչ կպահպանվի՞ ստատուս-քվոյի շրջանակներում, հետո կերեւա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031