Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը սուվերեն պետություն է, Կալինինգրադի մարզը՝ ՌԴ-ի մաս. համեմատությունն այստեղ զուտ տեխնիկական նշանակություն ունի»

Հոկտեմբեր 11,2013 14:15

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը` իր սկանդալային համեմատության մասին

Սկիզբը

 

– Հայաստանը չորս տարի բանակցում էր ԵՄ-ի հետ, ամեն ինչ կարծես նորմալ էր, բանակցող կողմերը գոհ էին, ու հանկարծ սեպտեմբերի 3-ին բոլորի համար անսպասելի հնչում է Հայաստանի նախագահի մոսկովյան հայտարարությունը: Համաձայն չե՞ք, որ ամեն ինչ շատ անսպասելի եւ կասկածելի էր:

– Անսպասելի էր, որովհետեւ մարդիկ չէին կարդացել Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը: Նույնը Ուկրաինայի տարբերակում. տեքստը գաղտնի էր, այն ոչ ոք չէր տեսել: Ոչ ոքի այդ տեքստը ցույց չէին տալիս` ոչ հայ ժողովրդին, ոչ գործարար հատվածին, ոչ մեզ: Իսկ Եվրասիական միասնական տնտեսական տարածքի կառույցի կայքում Մաքսային միության իրավահամաձայնագրային ողջ բազան հրապարակված է, բոլոր պայմանագրերը հասանելի են, եւ ամեն ինչ շատ պարզ է` Մաքսային միության անդամ դառնալու համար Հայաստանն ընդամենը պետք է միանա այդ համաձայնագրերին, որից հետո համապատասխան ճանապարհային քարտեզ ու համապատասխան գրաֆիկ կազմելու աշխատանքներ կլինեն:

– Ձեր հայտնի համեմատությունը Կալինինգրադի մարզի հետ Հայաստանում միանշանակ չընկալվեց, եթե չասենք՝ բավականին մեծ հակազդեցություն առաջացրեց: Ինչո՞ւ հենց այդ օրինակը բերեցիք: Հայաստանում միտում են տեսնում:

– Այստեղ սովերենության խնդիր չկա: Կալինինգրադի մարզի օրինակը բացարձակ պայմանական բնույթ է կրում` ընդհանուր սահմանի բացակայության մասով: Եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ստացվում է ընդհանուր մաքսային տարածք, որտեղ Հայաստանը դառնում է ընդհանուր սահման չունեցող կղզյակ:

Կալինինգրադի մարզն այլ կարգավիճակում է, այն ՌԴ-ի մաս է, բայց ՌԴ-ի հետ այն դառնում է միասնական մաքսային տարածքի մաս: Դա ընդհանուր մաքսային միության այն հատվածն է, որը ընդհանուր սահման չունի՝ այնպես, ինչպես Հայաստանը չունի: Բայց այդ համեմատությունը բնավ էլ միջազգային դրսեւորումների նպատակ չունի: Հայաստանը սուվերեն պետություն է, Կալինինգրադի մարզը ՌԴ-ի մաս է, եւ համեմատությունն այստեղ զուտ տեխնիկական նշանակություն ունի՝ այն իմաստով, որ կարելի է ընդհանուր մաքսային սահման ունենալ` չունենալով աշխարհագրական ընդհանուր սահմաններ: Այս տեխնիկական համեմատությունը սուվերեն պետության եւ մարզի համադրման նպատակ բնավ չունի:

– Հայաստանի վարչապետը, ինչպես հայտնի է, դեմ էր Հայաստանի` Մաքսային միությանը, ապա Եվրասիական միությանն անդամակցությանը, եւ անցած տարվա ընթացքում իր բոլոր հրապարակային ելույթներում նա բերում էր թեկուզ ընդհանուր սահմանի բացակայության հարցը, ինչն իր պնդմամբ՝ անարդյունավետ է դարձնում նման համագործակցությունը: Նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո, ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում չներկայացրեց: Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել մի պաշտոնյայի հետ, ով սկզբունքորեն դեմ էր նման կառույցին Հայաստանի անդամակցությանը:

– Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ: Հայաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրում, ինչպես ես արդեն ասացի, գրված է ոչ միայն այն, որ Հայաստանը կատարելու է Եվրամիության հրահանգները` տեխնիկական, սանիտարական, անասնապահական, առեւտրային կարգավորման ոլորտներում, այլեւ նույնիսկ գրված է, որ Հայաստանը պետք է կատարի ԵՄ-ի չափորոշիչները ձկնորսության եւ ծովային ոլորտներում եւ այլն: Այսինքն՝ հայկական բանակցողները նույնիսկ նեղություն չեն կրել կարդալ տեքստերը, որոնցում համանման պոչեր համանման պայմանագրերից մնացել են ԵՄ-ի եւ Արաբական երկրների ստորագրած փաստաթղթերից, որոնց հետ ԵՄ-ն ընդհանուր ծովածոց ունի Միջերկրական ծովում:

Ես սա ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ Հայաստանում հավուր պատշաճի չեն վերլուծել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախագիծը:

– Իսկ ի՞նչ հանգուցալուծում է սպասվում ԼՂՀ խնդրին: Հայաստանում այսօր շատ է քննարկվում հարցը, թե որտե՞ղ են դրվելու մաքսակետերը:

– Ես կարծում եմ՝ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպես հիմա: Հիմա այնտեղ կա՞ն, թե չկա՞ն մաքսակետեր: Եթե հայաստանա-ղարաբաղյան սահմանին այժմ չկան մաքսակետեր, չեն էլ լինի: Դա Հայաստանի ներքին խնդիրն է: Այն խնդիրը, որը կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Ադրբեջանի պահանջների մասով, Մաքսային միությունը չի տարածվում աշխարհաքաղաքական հարցերի մասով: Ինչպես արդեն ասացի՝ քանի որ Հայաստանի հետ ընդհանուր սահման չկա, միեւնույն է՝ Մաքսային միության սահմաններում ստիպված ենք Հայաստանից ՌԴ-ի տարածք ներմուծվող ապրանքների մոնիտորինգ անցկացնել, իսկ Հայաստանը ՌԴ-ից, Բելառուսից եւ Ղազախստանից ներմուծվող ապրանքների մոնիտորինգ պետք է անցկացնի, պարզապես հետեւի նրան, որ այդ ապրանքները համապատասխանեն արտադրման չափանիշներին: Իսկ այն, ինչը ներսում է գտնվում, դա Հայաստանի բացարձակ իրավունքն է, մենք Մաքսային միության իրավասության մեջ չենք ներառում մաքսակետերը: Ներսում գործող, ազգային մաքսակետերը մնում են եւ գործում են մաքսակետերի գործունեության կարգավորման ազգային օրենքների շրջանակներում: Պետական ծառայությունը մնում է, ուստի Հայաստանի մաքսավորները եւ սահմանապահները ինչպես կանգնած են, այնպես էլ կմնան: Այն ռեժիմը, որը կա Ղարաբաղի հետ, որեւէ կերպ կապված չի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության հետ:

– Դուք պնդում եք, որ ՌԴ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումներ չեն եղել Մաքսային միությանն անդամակցության հարցում, բայց Ուկրաինայի պարագայում դրանք ավելի քան ակնհայտ են:

– Ես չէի ասի, ուղղակի այդպես է մատուցվում, որ ՌԴ-ի կողմից ճնշումներ են լինում: Մենք պարզապես զգուշացնում ենք մեր ուկրաինացի գործընկերներին, թե ինչպիսիք կլինեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետեւանքները: Մենք նրանց չենք վախեցնում, նախապայմաններ չենք դնում, պարզապես ասում ենք, որ եթե դուք ձեր սուվերենությունը նվիրեք Բրյուսելին, մեզ գործընկեր չեք կարող լինել` դրանից բխող հետեւանքներով. մենք կդադարենք վստահել ձեզ ապրանքարտադրության ոլորտում, քանի որ դուք ենթարկվում եք Բրյուսելին, ստիպված կլինենք առավել կոշտ անասնաբուժահամաճարակային հսկողություն վարել, քանի որ դուք առանց հսկողության կներմուծեք եվրոպական գյուղատնտեսական ապրանքները եւ այլն, եւ այլն: Դա անհամատեղելի է այն հսկայական ճնշման հետ, որն Ուկրաինայի վրա բանեցնում են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: ԱՄՆ դեսպանը չի դադարում վախեցնել Ուկրաինային, որ նա պետք է անդամակցի ԵՄ-ին, Յանուկովիչն ամեն շաբաթ ստիպված է լինում ընդունել եվրահանձնակատարներին: Եվրաչինովնիկներն ընդհանրապես Ուկրաինայից դուրս չեն գալիս, նրանք անընդհատ գտնվում են այնտեղ: Եվրոպական դեսպաններն են շատ ակտիվորեն «մշակում» Ուկրաինայի քաղաքական գործիչներին: Այսինքն՝ ահաբեկումներն ավելի շուտ նրանց կողմից են լինում:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031