Նախօրեին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով, ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեց ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի ամիս առաջ էր սահմանադրական փոփոխություններ կատարել`հանելով նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումը`Իլհամ Ալիեւի համար ապահովելով հավերժ նախագահելու հնարավորություն:
85 տոկոս ձայն հավաքած Իլհամ Ալիեւի ընտրությունները ԱՊՀ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները դրական գնահատեցին: Իսկ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի դիտորդները ճիշտ հակառակ կարծիքն արտահայտեցին:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դիտորդական առաքելությունների իրար հակասող գնահատականներին, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այդ հակասությունների բացատրություններն իրենց մամուլի ասուլիսներում հնչեցրեցին հենց ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ի առաքելության ներկայացուցիչները`փաստելով, որ Եվրախորհրդարանի եւ ԵԽ-ի դիտորդական առաքելությունները կարճաժամկետ են եղել ու ոչ մեծաթիվ: Իսկ ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ-ը Ադրբեջանում մոտ վեց ամիս դիտորդական առաքելություն է իրականացրել, ինչի արդյունքում էլ համապարփակ հետեւություններ է ներկայացրել:
Կարդացեք նաև
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԵՄ-ի ղեկավարությունը, մասնավորաբար Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն որպես հիմք ընդունեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները: Հետաքրքրվեցինք`արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումներ կլինեն կամ ինչ-ինչ սահմանափակումներ կդրվեն այդ երկրի առջեւ: Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այս պահին դժվար է հստակ ճնշումների կամ սահմանափակումների մասին խոսել, բայց որ Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունք կլինի`միանշանակ է. «Կլինի մոտավորապես նույն վերաբերմունքն, ինչ-որ Ռուսաստանի նկատմամբ»:
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների մասին՝ ասել էր, որ մեզ համար լավ կլինի, որ Ալիեւն ընտրվի. Ալիեւն ընտրվեց, Սերժ Սարգսյանի ցանկությունը կատարվեց`ի՞նչ լավ բան է դա մեզ տալու, Aravot.am-ի այս դիտարկմանը քաղաքագետն ասաց, որ ճիշտ կլինի հարցն ուղղենք հենց Սերժ Սարգսյանին: «Ես համոզված եմ, որ Հայաստանի շահերից է բխում, որ Հայաստանի հարեւանները լինեն ժողովրդավարական պետություններ: Մասնավորապես Ադրբեջանի առումով, այո, դեմոկրատական Ադրբեջանը Հայաստանին ավելի ձեռնտու է թեկուզ այն պատճառով, որ ղարաբաղյան բանակցություններում դեմոկրատական ճանապարհով ընտրված եւ դեմոկրատական ռելսերի վրա դրված իշխանության հետ բանակցելը կոնֆլիկտի վերաբերյալ շատ ավելի արդյունավետ կլինի, քան նման ռեժիմի հետ, որը պարզապես իր գոյությունը լեգիտիմացնելու համար պահպանում է ատելություն` հակառակ կողմի նկատմամբ: Փաստորեն, այդ կոնֆլիկտն իր լեգիտիմության գլխավոր աղբյուրն է հանդիսանում: Բայց, սա, իհարկե, տեսություն է եւ ի վերջո, թե Ադրբեջանի ղեկավարն ինչպիսի՞ն կլինի կամ չի լինի`Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանի քաղաքական ուժերի գլխացավանքն է»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ մեր խնդիրը մեր հարցերը լուծելն է:
Հարցին`Հայաստանը կարո՞ղ է Ադրբեջանի այս ոչ ժողովրդավարական ընտրություններին իր ձեռքում խաղաթուղթ ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ, պարտավոր է, բայց դա անել ուղղակի չի կարող, որովհետեւ Հայաստանի իշխանությունները առանձնապես ժողովրդավարությամբ չեն փայլում: Չնայած, համեմատելու չեն Հայաստանի եւ Ադրբեջանի իրավիճակները`իրենց դրսեւորումներում, բայց հիմքում, ես կարծում եմ, որ մենք գործ ունենք նույն հետխորհրդային, կիսափտած, կրիմինալ-օլիգարխիկ համակարգի հետ: Ուղղակի, Հայաստանը չունի այդքան հունք, այդքան հեշտ փողեր եւ դա Հայաստանի իշխանությանն ուղղակի ստիպում է ավելի ընդառաջ գնալ քաղաքացիներին»:
Ընդհանուր առմամբ, Մեհրաբյանի կարծիքով, Ադրբեջանում հետխորհրդային տարածքին հատուկ իրավիճակ է. «Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ կար միասնական պետությունը, որում Ադրբեջանն առանձնանում էր խորհրդային կարգերի ավելի այլանդակ դրսեւորումներով`քծնանք, կոմպրոմատներով կառավարում, տոտալ կաշառակերություն, հիմա, սովետը չկա, կա պուտինիզմ: Ադրբեջանն այսօր էլ դրսեւորում է պուտինիզմն`իր առավելագույն այլանդակ դրսեւորումներով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ