Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամաներե՞ն 80 միլիոն դրամի յուրացման մեջ կասկածվող Գյումրու նախկին պաշտոնյային

Հոկտեմբեր 11,2013 13:51

Երեկ Գյումրիում համառ լուրեր էին տարածվել այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտ ընկերոջը` կալանավորված Հովհաննես Գրքիկյանին համաներել են` նրանից պահանջելով վերականգնել Գյումրուն պատճառած 80 միլիոն դրամի վնասը: 

Հիշեցնենք, որ պարոն Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի նախկին առանցքային պաշտոնյաներից մեկն էր, երկար տարիներ զբաղեցնում էր բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնը և վերջերս կալանավորվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով , այն է`«յուրացնելը կամ վատնելը՝ ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով»:

Տվյալ պարագայում Հովհաննես Գրքիկյանը մեղադրվում է այն բանի համար, որ երկու անգամ 40 միլիոն դրամ է հատկացրել Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակին պատկանող` «Գյումրեցի ընկերներ» կազմակերպությանը, որը իր հերթին ոչինչ չի արել քաղաքի ասֆալտապատման համար:

Այս գործով 100 կասկածյալի անուն կա ՀՔԾ-ի ցուցակում, «Գյումրեցի ընկերներ»-ից մի քանիսը փախուստի մեջ են: Որպես կասկածյալ հարցաքննվում է նաև Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, ով ևս ստորագրել է այդ երկու փաստաթղթերի տակ: Եվ եթե վերջինիս չձերբակալեցին, այդ հարցում դերակատարություն ունեցավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խնդրանքը Գյումրի այցելած Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ փաստաթղթերի տակ չկա ոչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, ոչ էլ նրա որդու` Սպարտակի, ով սակայն «Գյումրեցի ընկերներ»-ի հիմնադիրներից է:

Ինչևէ, մենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ճշտեցինք, թե արդյոք պարոն Գրքիկյանը համաներվե՞լ է: Արմեն Մալխասյանը մեզ փոխանցեց, որ նա ազատության մեջ չէ, կալանավորված է, և նախաքննությունը շարունակվում է:

Ըստ իրավաբանների, համաներումը կիրառելի է Հովհաննես Գրքիկյանի նկատմամբ, այն տարածվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի վրա, սակայն կա մի նախապայման` եթե վերջինս վերականգնի, հատուցի պետությանը պատճառած վնասը: Ըստ մեր աղբյուրների, Վարդան Ղուկասյանը Սերժ Սարգսյանի հետ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու մեջ ունեցած առանձնազրույցից հետո, նախագահին այս նույն հարցով մեկ անգամ ևս դիմել է:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, խոստումներ եղել են, հատկապես, որ հայտարարված համաներումը հնարավորություն տալիս է պարոն Գրքիկյանին կալանավայրից դուրս գալու, նախկին այս պաշտոնյայի ֆինանսական հնարավորություններն էլ լիարժեք ներում են 80 միլիոն դրամը վերականգնելու համար,սակայն վերևներից դեռ կախյալ ու լարված վիճակում են պահում նախկին քաղաքագլուխ Ղուկասյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարույր says:

    ” Սակայն վերևներից դեռ կախյալ ու լարված վիճակում են պահում նախկին քաղաքագլուխ Ղուկասյանին:՞ Չափազանց գրագետ նախադասություն է, մի հատ խմբագրեք, vor էս նախադասության խելքը գլուխը գա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031