Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր պաշտոնավարման մեկ տարին լրանալու կապակցությամբ երեկ բավականին երկար մամուլի ասուլիս տվեց՝ ներկայացնելով բոլոր ոլորտներում կատարված աշխատանքները: Քաղաքապետը իր խոսքը սկսեց նրանով, որ իրեն հաջողվել է Գյումրիում կայացնել ավագանու ինստիտուտը, թափանցիկ դարձնել ավագանու նիստերը` ի ցույց ամբողջ աշխարհի ցուցադրելով ուղիղ հեռարձակմամբ՝ on-line ռեժիմով: «Ես ասացի, որ ավագանին պիտի կայացնեմ, երեւի Հայաստանի Հանրապետությունում միակ քաղաքն է, պետք չէ մեծ խոսել, ինչ որ կա՝ դա եմ ասելու, մենակ այս դահլիճից կարելի է եզրակացնել, որ մենք պարտաճանաչորեն անցկացնում ենք խորհրդակցություններ ու ավագանու նիստեր: Ավագանու անդամները լուրջ մասնակցություն են ունեցել նիստերին. հաճախականությունը, ճիշտն ասած, չափել են` մոտ 90 տոկոս է, նման բան չկա Հայաստանի Հանրապետության որեւէ այլ տեղում, նույնիսկ Երեւանում երեւի թե ոչ այնքան ակտիվ են, ինչպես մեզ մոտ է»,- հպարտացավ Գյումրու քաղաքապետը:
Այնուհետեւ անդրադարձավ իր գլխավորած կառույցի ֆինանսական գործունեությանը` ինչ-որ տեղ նեղսրտելով, որ ինքը քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս լուրջ պարտքեր ժառանգեց: Անցած տարվա նոյեմբերին ստուգումներ են անցկացրել քաղաքապետարանում ու ֆիքսել են, որ նախորդ քաղաքապետը թողել է 1 միլիարդ 58 միլիոն դրամի պարտք: Ու քանի որ 144 միլիոն դրամի էլ աշխատավարձերի պարտքեր են կուտակված եղել, Գյումրու նորընտիր իշխանությունը այնքան է խեղճացել, որ նախագահի միջնորդությամբ օգնության է հասել կառավարությունը` 300 միլիոն փոխանցելով պահուստային ֆոնդից: Այժմ, Սամվել Բալասանյանի հաշվարկներով, հսկայական պարտքերից մնացել է ընդամենը 81 միլիոն դրամ, թեեւ ըստ նրա՝ նախորդ իշխանությունների կողմից կային նաեւ կուտակված ոչ իրատեսական պարտքեր: Գյումրու 2013 թվականի բյուջեն, քաղաքապետի զեկուցմամբ, 3 միլիոն 256 հազար դրամ է: «Առավոտ»-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է այդ խղճուկ բյուջեով քաղաք կառուցելու. կան մարդիկ, ովքեր այն համոզմանն են, որ եթե Գյումրու քաղաքապետն ու ավագանու անդամները հրեշտակներ ու սրբեր դառնան, այդ գումարով գլուխ չեն հանի: Եվ արդյոք կառավարությունը խտրականություն չի՞ դնում Գյումրու ու մայրաքաղաքի միջեւ` մեծ գումարներ ուղղորդելով Երեւանի զարգացմանը ու փոխարենն անտեսելով Գյումրին: Սամվել Բալասանյանն ասաց. «Ասում եմ` բերեք էնպես լավ աշխատենք, որ իրենք էլ տեսնեն, որ մենք աշխատում ենք, մեզ էլ գումարներ տան: Օրինակ` 300 միլիոն կառավարությունը տվեց մեզ, եթե մարզպետարանից 300 միլիոնը չտային, մենք Վարդանանց հրապարակի ու չորս փողոցների կապիտալ նորոգումը չէինք կարողանա անել: Հիմա ասում են` եթե 100 տոկոս հավաքեցիր քո եկամուտները, իսկ ես արդեն ասացի, որ կհավաքեմ վարչական մասը, ուրեմն մեզ կընդառաջեն: 300 միլիոն տվեցին, որ ես կարողացա էդ աշխատավարձերի պարտքերը փակել: Ես աշխատել եմ Ազգային ժողովում ու գիտեմ, թե բյուջեն ինչ բան է, բյուջեն ինչպես է ընդունվում եւ այլն, եւ այլն, եւ ինչպիսին է բյուջեի հավաքագրումը: Հիմա ասել, թե պետությունը մեզ նվերներ պետք է տա, ես չեմ գտնում այդպես. եթե կա հստակ ծրագիր, ծրագիրը մենք կներկայացնենք, կասենք, որ այ, մեր վիճակը էսպիսին է: Օրինակ` հիմա 70 միլիոն եվրոյի ծրագիր է իրականացվում ջրամատակարարման ու կոյուղաջրերի հետ կապված: Էդպիսի բան Գյումրին որտե՞ղ է տեսել՝ չի տեսել: Հիմա ճիշտ է` դժգոհում են, ես էլ եմ դժգոհում, գնում ես Նորավան թաղամաս, տեսնում ես՝ ինչ վիճակ է` ցեխ է դպրոցի բակում, երեխաները կանգնել են, բայց մյուս կողմից՝ բարձրորակ ջրամատակարարում են ապահովելու. դա թիվ մեկ խնդիրն է մեր հասարակության: Օրինակ` մշակութային մայրաքաղաքը բերեցին մեր քաղաք, գնահատեցին, մոտավորապես 500 միլիոն գումար տվեցին: Սա նույնպես առավելություն է. ինչքան լավ աշխատենք, այնքան մեզ լավ կնայեն»: Գյումրու քաղաքապետը նաեւ նշեց, որ տարբեր դեսպաններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Գյումրու նկատմամբ, գալիս, ուսումնասիրում ու խոստումներ են տալիս: «Տեսնում են՝ ավագանին կայացա՞վ, թե՞ չէ, էս փողերը, որ հավաքագրում ենք, կերա՞նք, թե՞ քաղաքը սարքեցինք: Էնպես չէ, որ ոչինչ չգիտեն, բոլորն էլ գիտեն էս ամեն ինչը, պետք է պետությունը գնահատական տալով մեզ աջակցի: Էնպես պետք է անենք, որ ստիպենք մեզ աջակցեն, ցույց տանք, որ իրոք գործ ենք անում ու բնակիչների համար ենք անում: Այս ամենը կհանգեցնի նրան, որ մեզ վստահեն ու շատ դեպքերում մարզպետարաններից բացի՝ նաեւ քաղաքներին գումար հատկացնեն` հանձին Գյումրի քաղաքի»,- հասկացրեց քաղաքապետը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` ճի՞շտ է, որ Վերահսկիչ պալատը արդեն իսկ բացահայտումներ է կատարել Գյումրու քաղաքապետարանում` կապված հրավառության, աղբանոցի ճանապարհը մաքրելու եւ այլնի հետ: Քաղաքագլուխն ասաց, որ անիմաստ լուտանքներ են թափվում, պատվեր է իրականացվում իր դեմ, քանի որ Վերահսկիչ պալատը դեռ ուսումնասիրությունները չի ավարտել, ակտ դեռ չի կազմել, իսկ հրավառության հետ կապված, ըստ Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետարանը ընդհանրապես կապ չի ունեցել: «Ընդհանրապես 4 միլիոն է ծախսվել, ոչ թե 8 միլիոն, իսկ հրավառությունը կազմակերպել է հիմնադրամը, ի՞նչ կապ ունեն քաղաքապետարանն ու քաղաքապետի որդին: Քաղաքապետի տղայի շատ էլ պետքն է, որ հրավառություն կազմակերպի, մենք ունենք մեր բիզնեսը, որով զբաղվում է հենց իմ որդին, այնպես որ՝ մենք խնդիր չունենք: Մենք ընդհակառակը՝ մտածում ենք բերենք-գումար դնենք այս քաղաքում, ոչ թե հրավառությունից գումար տանենք»,- զայրացավ քաղաքապետը:
Ի դեպ, Սամվել Բալասանյանը մի առանձնահատուկ հպարտությամբ շեշտեց, որ ինքը թափանցիկ է աշխատում, լավ է շփվում լրագրողների հետ: Նույնիսկ ակնարկեց, որ խստորեն կպատժի քաղաքապետարանի այն պաշտոնյային, ով կխուսափի տեղեկատվություն տրամադրել կամ հրաժարվել հարցազրույցից: Մեր կողմից նշենք, որ մեկ տարվա քաղաքապետին թերեւս շատ հարցերում, մանավանդ կադրերի ընտրության հարցում, արժե քննադատել, սակայն նրա ամենամեծ առավելությունը լրագրողների հետ իրոք հոյակապ շփվելն ու աշխատելն է: Ամենեւին չափազանցած չենք լինի, եթե փաստենք, որ այս առումով թե Գյումրու քաղաքապետը եւ թե նրա մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը երեւի թե մրցակիցներ չունեն:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ