Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնում է՝ փաստաբաններին ձեռնաշղթաներ հագցնեն, որ իմանան՝ ո՞վ որտեղ է»

Հոկտեմբեր 11,2013 13:55

Փաստաբանները պահանջում են շրջանառությունից հանել նախագծերը

Արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում  տեղադրել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Ըստ այդ նախագծերի, նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, եւ այդ լիազորությունները վերապահվել է արդարադատության նախարարությանը:

Օրենքի նախագիծն անցնելու դեպքում, ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանից, փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի հաշվառելու դեպքում, գանձվելու է պետական տուրք՝  60 000 դրամի չափով: Սա այն դեպքում, երբ փաստաբաններն արդեն իսկ տարեկան այդչափ գումար են տալիս պալատին, իսկ առեւտրային իրավաբանական անձը գրանցվելու համար միանվագ 12 000 դրամ է տալիս:

Փաստաբանները նախ համարում են, որ նախագիծն  իրենց ինստիտուտի անկախության դեմ է, եւ այս վիճակը ստեղծվեց ընտրություններից հետո, երբ որեւէ պետական մարմին չկարողացավ անհարկի միջամտել, ապա ուզում են հասկանալ, թե ի՞նչ հաշվարկի հիման վրա է  60 000 ՀՀ դրամը գործադիրին տրվելու, եւ նաեւ ինչո՞ւ պիտի իրենց հաշվին հանրային պաշտպանի գրասենյակը պահի, երբ այդ պարտականությունները դրված է պետության վրա:

Պետությունը տարեկան գումար է փոխանցում հանրային պաշտպանի գրասենյակին, որի միջոցով էլ իրականացվում է անվճար իրավաբանական օգնություն:

Փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Սուքիասյանը երեկ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին դեմ արտահայտվելով՝ մտավախություն հայտնեց, թե այն ուղղված է իրենց՝  փաստաբանների դեմ:

Նա ասաց, որ իրենց միավորել է պատվախնդրությունը, այն, որ չպիտի թույլ տալ, որ գործադիրի օրինագիծն անցնի:

Փաստաբանի կարծիքով՝ իրենք այս օրինագծով գերի են ընկել հարկայինի Ալավերդյանի ճանկին, գործադիրին. «Մնում է՝ մեզ էլեկտրոնային ձեռնաշղթաներ հագցնեն, ու ասեն, ուր ենք, որտեղ ենք գտնվում»,- ասաց նա:

Փաստաբան Ամալյա Ավագյանն էլ մեր զրույցի ժամանակ ասաց. «Պետության կողմից իր պարտականությունների կատարումը փաստաբանների հաշվին անազնիվ եմ համարում: Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման անվան տակ քողարկվելով, պետությունը  60 000 դրամ է ակնկալում փաստաբաններից:

Ինչու, երբ Սահմանադրությամբ նախատեսված է. «Նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Պետությունն իր պարտականությունները չի կատարում: Փաստաբանները չպետք է վճարեն պետության պարտականության համար»:

Փաստաբան Մելանյա Առուստամյանի կարծիքով էլ, ամեն անգամ գործադիրն իրենց դնում է մի այնպիսի իրավիճակում, երբ իրենց վստահորդների իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ ներքաշվում են պայքարի մեջ:

Ռուբեն Ռշտունին կասկած հայտնեց, թե Ազգային ժողովի «ցմփոները» կկարողանան հարցին լուծում տալ, նա հիշեց Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վերադարձնելու հետ կապված իրենց մեկօրյա գործադուլները, ասաց, որ դրանք քիչ են, եթե պետք լինի, մեկ ամիս գործադուլ պետք է արվի՝ հանուն փաստաբանների իրավունքների պաշտպանման:

Նա կասկած հայտնեց, թե նախագիծը նախարար Թովմասյանի նախաձեռնությունն է:

«Արդարադատության համակարգը փտած է», եւ ճանաչված փաստաբանի կարծիքով, ողջ համակարգը՝  դատավորներով, դատախազներով, գործադիրով արժանի են ուղղիչ հիմնարկներին:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաք կկազմակերպվի նաեւ մարզերում, կստեղծվի աշխատանքային խումբ, մինչ օրինագծի ուժի մեջ մտնելը, եւ հանդիպում՝ վարչապետի հետ:

Նա մի այսպիսի միտք հայտնեց. կան փաստաբաններ, որ իրենց կապերով ավելի ուժեղ են, քան պալատը:

Իմ գործընկերներից մեկը սադրիչ հարց տվեց, թե արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծում կա՞ գոնե մեկ դրական փոփոխություն: Փաստաբանները միանշանակ մերժում են «բացասական օրինագծում» որեւէ դրական միտումը, որը իրենց անկախության դեմ է, ինչն ամեն գնով պետք է պահպանվի:

Նշենք, որ նախատեսված է, որ պետական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունները հրապարակային են, հետեւաբար, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որեւէ գործողություն չի կատարվում փաստաբանի համար, որից օգտվելու համար վճարվի պետական տուրք: Ի դեպ, փաստաբանության մասին գործող օրենքի համաձայն էլ՝ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը, այն էլ՝ անվճար: Ուրեմն, ինչ. ճի՞շտ են այն փաստաբանները, որոնք պնդում են, թե գործադիրի նախագծում ծուղակ կա պահված:

Արդարադատության նախարարությունից որեւէ մեկը երեկ ներկա չէր, հետեւաբար, ինչպես շատ հարցեր, այդ հարցը նույնպես մնաց առկախ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031