Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները նոտարի աշխատանք են կատարում դատախազների մոտ

Հոկտեմբեր 11,2013 13:43

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակչուհի Արաքսի Դանիելյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:
Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

Ձեզ  ուղարկված մեր դիմումներն ուղարկվում են դատարան  կամ դատախազություն, այդ պատճառով ես որոշեցի «բաց նամակով» դիմել Ձեզ:

Ես 35 տարվա մանկավարժ եմ, իմ երեխաներին  դաստիարակել եմ որպես պետությանը պիտանի մարդիկ: Ես հասկանում եմ, որ օրենքով մեր երկրի դատարանն անկախ է եւ ոչ ոք իրավունք չունի միջամտել նրա գործին, սակայն ես արդեն համոզված եմ, որ մեր դատավորներն ուղղակի նոտարի աշխատանք են կատարում դատախազների մոտ եւ նրանց ֆունկցիան է դարձել ոչ թե արդար դատելը, այլ դատախազության առաջադրած մեղադրանքները հաստատելը: Մեր դեպքում դատավոր Վաղինակ Մկրտչյանը նույնիսկ իրեն նեղություն էլ չի տվել դատավճիռ գրելու, այլ դատախազի ճառն իր վրիպակներով, որից մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը դատարանում մեջբերումներ արեց, այդպես էլ այն չտրամադրելով կողմերին, վերնագիրը փոխելով՝ դարձրել է դատավճիռ: Մենք օրենքով սահմանված կարգով դիմեցինք վերաքննիչ դատարան, որն էլ իր հերթին իրեն նեղություն չտվեց մանրամասն ծանոթանալու գործին, այլ դատավորին ու դատախազին սիրաշահելով՝ վճիռը թողեց անփոփոխ: Չնայած դիմել ենք Վճռաբեկ դատարան, բայց տեսնելով մեր դատարաններում տիրող վիճակը, հույս չունեմ, որ նույնը չի կրկնվի նաեւ այնտեղ:

Իմ որդին` Մկրտիչ Վանիկի Դանիելյանը,  ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի հայցորդ է, մեղադրվել եւ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 2013թ. հունիսի 25-ին դատապարտվել է  7 տարվա ազատազրկման՝ այն բանի համար, որ իբր 2008թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեղավորն է, սակայն նրա «մեղավորությունը» կայանում է նրանում, որ այդ դեպքի ժամանակ նստած է եղել ավտովթարի մեղավոր, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքին՝ ուղեւորի նստատեղին, դուրս է շպրտվել մեքենայից, մեկ շաբաթ գտնվել կոմայի մեջ  եւ ողջ է մնացել:

Օգտվելով այն հանգամանքից, որ որդիս գտնվել է մահամերձ վիճակում, «Մերսեդես» մեքենայի վարորդ Գագիկ Հովսեփյանի հարազատները լուրեր են տարածել, որ, իբր, վթարի պահին «Մերսեդեսի» ղեկին նա է գտնվել, որն էլ իր հետագա ցուցմունքներում պնդել է Գ. Հովսեփյանը:

Գործում կան 4  փորձագիտական եզրակացություններ, որոնցից 3-ը միանշանակ պնդում են, որ վթարի պահին իր ավտոմեքենայի ղեկին գտնվել է Գագիկ Հովսեփյանը, եւ 1-ը տվել է հավանական եզրակացություն, ըստ որի՝ հնարավոր չէ կոնկրետ ասել, թե 2 անձանցից ո՞վ է եղել մեքենայի ղեկին, սակայն ավելի հավանական է, որ ղեկին գտնվել է Մկրտիչ Դանիելյանը: Ընդ որում, այդ եզրակացության հիմքը հանդիսացող մեքենայի ղեկանիվի տակ գտնված հետքը, որը, ըստ իրենց, առաջացել է Մ. Դանիելյանի շալվարից, հերքվել է վերջին` Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների տված եզրակացությամբ, ավելին, այստեղ ապացուցվում է, որ նշված հետքը պատկանում է Գ. Հովսեփյանի շալվարին: Փորձաքրեագիտական վարչության եզրակացությունը կազմվել է  2013թ. ապրիլի 15-ին, որտեղ «Սինթեզող մաս» բաժնում, նշելով տասնյակ անհերքելի հետքեր ու ապացույցներ, ֆիքսված է. «Վթարի առաջացման տվյալ մեխանիզմի պայմաններում «Մերսեդես Բենց-Ե-300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գտնվել է (մեքենան վարել է) Գ. Հովսեփյանը, իսկ Մ. Դանիելյանը նստած է եղել մեքենայի առջեւի աջ (ուղեւորի) նստատեղին»:

Մեղադրող կողմն իր սխալն ընդունելու փոխարեն, ներքին պայմանավորվածության գալով դատավորի հետ, հաջողացրեց մի վճիռ, որով դատավորն «անարժանահավատ» է ճանաչել 3 փորձագիտական եզրակացություններ, պատճառաբանելով, որ «իր մոտ կասկած է հարուցում այն, որ դրանք առաջադրված հարցերին տալիս են կատեգորիկ պատասխան, սակայն նրանք աշխատանք են կատարել, որի արժեքը պետք է վճարի ամբաստանյալը»: Պարտադիր չէ մասնագիտական բարձր գիտելիքներ ունենալ՝ հասկանալու համար, որ այդ եզրակացություններն ուղղակի ձեռնտու չէին դատախազին, եւ նա իր հորինած վարկածը հրամցրեց դատավորին իբրեւ ներքին համոզմունք: Նախկինում չէի հավատա, որ Վ. Մկրտչյանի նման մարդիկ կարող են դառնալ դատավոր, իսկ Հ. Մարտիրոսյանի նմանները` դատախազ եւ իրենց «ներքին համոզմունքներով» խեղել մարդկանց ճակատագրերը, բայց այժմ հավատում եմ, որ այս երկրում ամեն ինչ հնարավոր է: Ամեն գնով քավության նոխազ գտնելու եւ դատախազության հեղինակությունը, բացահայտման տոկոսները «բարձրացնելու» համար այդպիսի մարդիկ կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ:

Բայց, ի վերջո, հիմա անցած դարի 30-ականները չեն, եւ ինձ թվում է՝  Դուք շահագրգռված եք, որ քաղաքացին հավատ ունենա իր պետության եւ իշխանությունների նկատմամբ: Մենք դեռեւս այս երկրի քաղաքացիներն ենք եւ նախագահական ընտրությունների ժամանակ հավատացել ենք, որ այս երկիրը երկիր կդառնա եւ  հայցում ենք Ձեր անմիջական միջնորդությունը, որպեսզի անմեղ մարդը պատասխան չտա ուրիշի կատարած  հանցանքի համար, ես Ձեզանից միայն ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ եմ խնդրում:

ԱՐԱՔՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ամբաստանյալ

Մկրտիչ Վանիկի Դանիելյանի մայր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031