Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարիո Բրունելոյի «երկնային նվագը» հասավ Երեւան

Հոկտեմբեր 11,2013 13:30

Իտալացի թավջութակահարը համերգ եւ վարպետաց դասեր է ունեցել
Վերջին շրջանում մշակութային տարբեր ոլորտներում մեզանում անցկացվող միջազգային, հատկապես երաժշտական փառատոների շնորհիվ Երեւանը անվանի արվեստագետների պակաս չի զգում: Մարզերի պարագայում պատկերը տխուր է:
Սեպտեմբերի 11-ին մեկնարկած Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այս տարի էլ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգաշարում, որոնց հաճախ անդրադարձել է «Առավոտը», ներկայացրել է «թանկարժեք» երաժիշտների, այդ թվում՝ ջութակահարներ Իզաբել Ֆաուստին (Գերմանիա), Բորիս Բրովցինին (Մեծ Բրիտանիա), թավջութակահար Նարեկ Հախնազարյանին (Ռուսաստան), Մատան Պոռատին (Իսրայել), դաշնակահար Կիրիլ Գերշեյնին (ԱՄՆ) եւ մյուսներին, այդուհանդերձ, մասնագետները, հատկապես երաժշտագետներն առանձնացրին հիշյալ փառատոնի շրջանակում իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին:
«Առավոտի» հետ զրույցում Լոնդոնի, Ֆիլադելֆիայի, Ճապոնիայի եւ այլ ճանաչված նվագախմբերի, ինչպես նաեւ դիրիժորներ Կլադուի Աբբադոյի, Վալերի Գերգիեւի, Ռիկարդո Մուտիի, Յուրի Տեմերկանովի եւ այլոց հետ հանդես եկած թավջութակահար Մարիո Բրունելոն առանձնակի ջերմությամբ խոսեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) եւ նրա գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասին:
Թավջութակահարը կարեւորեց մասնավորապես կամերային երաժշտության ասպարեզում ծավալած իր գործունեությունը՝ հայտնելով անվանի երաժիշտներ Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի, Մաուրիցիո Պոլինիի, Բորոդինի եւ Ալբան Բերգի կվարտետների եւ այլ երաժիշտների հետ իր համագործակցության մասին:
Մարիո Բրունելոն հիշատակեց նաեւ ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանի անունը, առանց մանրամասնելու էլ ասաց, որ, իր խոսքերով՝ տաղանդավոր հայ երաժշտի հետ առաջիկայում ծրագրեր ունի:
Հարցին՝ չի՞ կարծում, որ դասական արվեստում վաղուց կայացող շոուներից բացի, անհրաժեշտ է ինչ-որ նոր մտահղացում եւս կյանքի կոչել՝ եղած երաժշտասերներին պահելու եւ նորերին ներգրավելու համար, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը նման նախագծեր է իրականացնում եւ հանդիսատեսի հետ կապերի ընդլայնման ճանապարհը տեսնում է խոսքի, երաժշտության, գեղարվեստական կերպարների համատեղման մեջ:
Թավջութակահարի հետ զրույցին միացած ՀՊՖՆ-ի կոներցտմայստեր Կարմեն Թոսունյանը Մարիո Բրունելոյի նվագը որակելով «երկնային», շտապեց տեղեկացնել, որ դեկտեմբերին սպասվում է նաեւ հայաստանցի ունկնդրին արդեն ծանոթ, մեկ այլ անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի համերգը: Կոնցերտմայստերը նշեց, որ Մարիո Բրունելոն անցկացրել է նաեւ վարպետության դասընթաց. «Մեր նվագախմբի հետ նրա մեկնաբանմամբ հազվադեպ կատարվող Մյասկովսկու կոնցերտը պարզապես կարող եմ համարել գլուխգործոց, իսկ նման երաժիշտների կողմից Երեւանում անցկացվող վարպետության դասընթացները, նաեւ մեզ՝ ֆիլհարմոնիկի արտիստներիս համար էլ են կարեւոր»: Կարմեն Թոսունյանը հավելեց, որ փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031