Որ վերնագրում «մաքսայինը» «մարքսային» է գնացել, դա ոչ սրբագրական սխալ է, ոչ էլ` իմ կողմից հեղինակային սրամտություն: Պարզապես դա ուրիշի ուղղակի խոսք է, դրա համար էլ չակերտների մեջ եմ առել, և էդ ուրիշն էլ մեր նախարարություններից մեկի վարչություններից մեկի պետն էր, որի հետ վերջերս բախտ ունեցա առնչվել ռեստորանում` ընկերներիցս մեկի ծննդյան օրվա կապակցությամբ:
Վերոնշյալ վարչության պետը ժամերով սեղանակիցներիս բացատրում էր Հայաստանի` Մաքսային միության մեջ ընդգրկվելու առավելությունները` մշտապես ու հետևողականորեն «մաքսայինը» « մարքսային» անվանելով: Եթե գոնե մեկ անգամ ճիշտ արտասաներ, կմտածեի, որ մյուս վրիպումները պատահականություն են, բայց ինքը տասը և ավելի անգամ «մարքսային» ասաց, և եթե գոնե մեկ անգամ էդ բառը ճիշտ ասեր, էդ պահերին ու հիմա էլ կփորձեի մտածել, որ «մարքսայինն» է վրիպում եղել:
Հիմա ոչ իր անունն եմ գրում և ոչ էլ իր վարչության ու նախարարության անունը` ոչ միայն էն պատճառով, որ էդ մարդու դեմ անձնական որևէ բան չունեմ, այլև էն պատճառով, որ մարդկանց գրավոր վարկաբեկելու սեր ու սովորություն չունեմ:
Այդուհանդերձ, սրտանց ուզում եմ հավատաք, որ էս պատմածս զուտ իրողություն ու իրականություն է, ու պիտի հավատաք նաև, որ նման պատմություն հորինելու համար նվաստիս երևակայությունը չէր բավարարի:
Կարդացեք նաև
Չնայած էդ չինովնիկի դեմ որևէ բան չունեմ, և էդ մարդու պետական չինովնիկ լինելը ոչ թե էդ մարդու մեղքն եմ համարում, այլ` նրան նշանակողների, այդուհանդերձ, էս պատմությունից ուզում եմ որոշ եզրակացություններ անել:
Հիմնական եզրակացությունս այն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունն էս կարգի ու էս մակարդակի չինովնիկներ ու պաշտոնյաներ ունի, առանձնապես էական չէ` Մաքսային միություն կմտնենք, թե Եվրոպային կինտեգրվենք. համենայն դեպս, էս պահին էսպես եմ մտածում, որովհետև էս պահին մտածում եմ, որ, ինչպես Եվրամիությունում, Մաքսային միությունում էլ են շահողներ ու տուժողներ լինելու, որովհետև, եթե հույսդ ոչ թե քո վրա ես դնում, այլ` Եվրոպայի ու Ռուսաստանի, երկու դեպքում էլ պոչից քարշ եկողի դերում ես հայտնվելու, ավելի ճիշտ` մուրացկանի դերում: Եվ հույսներս ուրիշների ու հզորների վրա դնելը մեզանում արդեն սպառնում է դառնալ համազգային մտածողություն, ավելի ճիշտ` համազգային հիվանդություն, և մեր մասին չափազանց դիպուկ է արտահայտվել մեր դերասաններից Լևոն Հարությունյանը, որն ասում է, որ հայերիս մեջ մի արտառոց օրգան է առաջացել` մուննաթ:
Դժվարանում եմ ասել` էդ օրգանը մեր մեջ նոր է առաջացել, թե առաջներում էլ է եղել, այդուհանդերձ, էսօր ավելի քան առկա է, ընդ որում` բոլոր ուղղություններով է առկա, և փաստ է, որ մենք Արևմուտքի ու Եվրոպայի վրա շարունակաբար մուննաթ ենք գալիս, որ մեր փոխարեն Հայաստանում արդար ընտրություններ չեն անցկացնում, և Ռուսաստանից էլ պահանջում ենք, որ մեզ ամենաէժան գներով գազ տա, և ուրիշներից էլ այլ բաներ ենք պահանջում, մոռանալով, որ ինքներս էլ որոշակի պարտավորություններ ունենք, ընդ որում` ոչ թե այլոց, այլ մեր իսկ խնդիրների հետ կապված:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Ծաղրանկարը՝ https://www.toonpool.com-ից
“…պոչից քարշ եկողի դերում ես հայտնվելու, ավելի ճիշտ` մուրացկանի դերում…”
Միթե՞ մենք նոր ենք հայտնվելու մուրացկանի դերում: Ես որքան հասկանում եմ՝ մենք այդ դերում ենք առնվազն մի երկու հարյու տարի:
Տարբերություն/եվրոմիության հետ ,թե մմ-ի/ անշուշտ կլինի,եվ շոշափելի ձեվով;Ե-միության հետ ասոցացվելու դեպքում կառաջանա օրենքի գերակայության դաշտ,չինովնիկի աշխատանքը կդառնա առավել թափանցիկ եվ վերահսկելի,կոռուպցիան չի խեղդի եվ կհասնի,կիջնի նվազագույն չափերի,մեզ հետ չեն վարվի որպես գաղութի եվ օտար պետության ներկայացուցիչները մեր սահմաննեչից ներս մեր քաղաքացիներին ղուզարկումների չեն ենթարկի…եվ այդպես շարունակ;Իսկ մաքսային միությանն անդամակցելու հեռանկարում մի 70 տարի եվս ,, կվայելենք,, առկա բոլոր արատների ,,հաճույքը,,..ՄՄ-ն ձեռնտու է միայն գործող համակարգին՝հյուսիսային Տիզբոնից աջակցություն ստանալու եվ իրենց վերարտադրությունն ապահովելու համար;
Ошибка по Фрейду!