2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Բուլղարիա-Հայաստան հանդիպումից հետո, որը կայացավ 2013թ. սեպտեմբերի 11-ին՝ Սոֆիայում եւ ավարտվեց բուլղարացիների նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակով, հայ երկրպագուները, կարելի է ասել, հանիբալյան երդում կերան, որ հենց Բուլղարիայի հավաքականը պատասխան խաղի համար ժամանի Երեւան, նրանց կյանքը դժոխքի է վերածվելու։
Բուլղարացիները շատ լուրջ էին ընդունել այս ամենը ու հասկանալի է, թե ինչի համար։ Նախ, Սոֆիայում մի քանի միջադեպ եղավ, երբ բուլղարացիները հարձակվել էին հայ երկրպագուների վրա, մարմնական վնասվածքներ հասցրել, տարբեր իրեր նետել նրանց վրա։
Հետո խաղը, որը դեռ երկար կհիշվի. Բուլղարիայի հավաքականի խաղացողների ընդգծված կոպիտ խաղը մեր տղաների նկատմամբ, միտումնավոր եւ անպատիժ վնասվածքներ հասցնելը, սադրանքները, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ մեր հավաքականի տղաներից երկուսը հեռացվեցին դաշտից, իսկ խաղի ամբողջ ընթացքում անընդհատ լարված մթնոլորտ էր տիրում խաղադաշտում։
Ահա երեկ եկավ «հատուցման» ժամը, ինչպես եւ խոստացել էին հայ մարզասերները։ Այսինքն, հենց Բուլղարիայի հավաքականը ժամանեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, հայ երկրպագուները նրանց դիմավորեցին «վախենալու» դեմքերով, սուլոցներով, վանկարկումներով, ձեռքի հայտեի ժեստերով։
Եթե նույնիսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր եկել օդանավակայան՝ պաշտպանելու բուլղարացիների անվտանգությունը՝ դա մի բան արժեր։
Միայն թե անհասկանալի էր, թե ինչու էին բուլղարացիներին նաեւ «գնչու» անվանում։ Գնչուները կազմում են Բուլղարիայի բնակչության ընդամենը 5%-ը, իսկ թե նրանցից հավաքականում ընդգրկված կա՞, դա դեռ հարց է:
Մ. Ղ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Լուսանկարները՝ armsport.am-ի