Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբր Հայաստանը եվրոպական ժողովրդավարական դրախտ էր, հիմա էլ դարձավ ասիական դժո՞խք»

Հոկտեմբեր 11,2013 11:56

Հատվածներ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հարցազրույցից:

– Հայաստանում իրողությունների ընկալման երեք շերտ կա,- նշեց պարոն Շիրինյանը։- Առաջինը՝ ժողովրդի հսկայական զանգվածը, որը բնազդով է զգում, թե ինչ է կատարվում, տեսաբան չէ, քաղաքական վերլուծող չէ։ Հասկանում է, որ իր համար գլխավորն անվտանգության հարցն է, ու այլ ճանապարհի պարագայում Արցախի հարցը կունենա շատ աղետալի ընթացք։ Իրական փոթորիկը մեկ բաժակ ջրում է, որտեղ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ են, որոնք հաճախ համապատասխան կրթություն էլ չունեն, իրենց գործը թողած, վերլուծությամբ են զբաղվում։ Հիմա այս երկրորդ շերտը փակուղում է, որովհետև չորս տարի վերլուծել է մի բան, չգիտեմ՝ ինչ հիմքով համոզվել է, որ այդպես պիտի լինի, ու առաջացել է Եվրոպայի պատրանքը։ Երևի մտածել են, որ Եվրոպա գնալով «ձրի» լավ կապրեն։ Բայց «ձրի» լավ ապրել հնարավոր չէ, այն էլ՝ Եվրոպայում։ Իհարկե, նրանց համոզմունքներում կա անկեղծ բան. մեր շփումը ԵՄ կառույցների հետ Հայաստանին թույլ կտար դառնալ իրավական պետություն։ Հայաստանի օլիգարխիկ համակարգի ջախջախումը կամ գոնե զսպումը պայմանավորում էին Եվրոպայի հետ շփմամբ, որովհետև եվրոպական քաղաքական համակարգը դա չի հանդուրժում։

Կա նաև երրորդ շերտը, որի մեջ տեղավորվում է նաև իմ տեսակը։ Ըստ իս, մենք եվրոպական մշակույթ, քրիստոնեական քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ ենք, և Եվրոպայից հեռանալը մեզ համար մշակութային առումով անթույլատրելի է։ Իսկ տնտեսական առումով առայժմ տալիք-առնելիք չունենք։ Մշակութապես մենք միշտ իրենց հետ ենք եղել, դարերով տվել ու վերցրել։ Այստեղ է վտանգը։

Իսկ Ռուսաստանի՞ն ինչ ենք «տալու» և «վերցնելու»։

– Եղավ մի բան, որը պայմանավորված է ուժային բևեռ դառնալու Ռուսաստանի ցանկությամբ։ Պուտինը, ռուսական էլիտան, որն ունի կայսերական ամբիցիաներ, որոշել է, որ Ռուսաստանը պիտի դառնա ուժային կենտրոն, որն իրական հիմքերի վրա է կառուցվում՝ նավթադոլարներ, երկրի կայունացում, ռուս ժողովրդի մեջ արևմտյան, եվրոպական հովերի «թաղում», այլ խոսքով, ռուսական կյանքի վերածնունդ։ Բայց մենք անհանգստանալու շատ բան չունենք, որովհետև այդ ուժային կենտրոնն առանց Ուկրաինայի երբեք կայսրություն չի լինելու։

Այսօր ընդդիմադիրները հայտարարում են, թե այդ որոշման հրապարակումից հետո Հայաստանն արդեն կորուստներ ունի։

– Դա արհեստական խնդիր է։ Ընդդիմադիրների վրա հույս են դրել, իսկ նրանք սխալվել են, թեև գրանտ են ստացել պարտավորվելով լավ ինֆորմացիա, վերլուծություն տալ։ Իրենք տվել են այն, ինչ հրապարակային խոսվել է, ներքին գործընթացները Արևմուտքի համար անհասկանալի են մնացել։ Չնայած կարծում եմ, որ հետախուզությունը լավ էլ ենթադրել է, թե ինչ է լինելու։

Ամեն դեպքում, սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 11-ը քաղաքականության մեջ ոչինչ չի կարող փոխվել, բացառված բան է։ Այդ մի քանի օրերին ի՞նչ պիտի փոխվեր։ Իբր Հայաստանը եվրոպական ժողովրդավարական դրախտ էր, հիմա էլ դարձավ ասիական դժո՞խք։ Ոչ մի բան էլ չի փոխվել. ՀՀԿ-ն ողջ ու առողջ կառավարում է, հայ ժողովուրդն էլ՝ իր համար թափառում, ինչպես տարիներ շարունակ եղել է։ Ի՞նչն է փոխվել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031