Շիրակի մարզի Վարդաքար համայնքն արդեն 3 տարուց ավելի է, ինչ դպրոց չունի, մինչդեռ աշակերտների թիվը գյուղում գերազանցում է 100-ը։ Վարդաքարցի աշակերտները դասապրոցեսն անցկացնում են գյուղապետարանի ու մանկապարտեզի կիսախարխուլ շենքերում։ Աշակերտների ծնողները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց առաջարկվել էր աշակերտներին ուղարկել հարեւան գյուղի դպրոց, որը բավականին հեռու է, եւ, վերջապես՝ ինչո՞ւ պետք է երեխան մի գյուղից մի այլ գյուղ գնա։ «Մեծ գյուղ ենք, մի դպրոցն ի՞նչ ա, որ չունենք…. հին դպրոց ունեինք, քանդեցին-կերան, խոստանալով նորը կառուցել, բայց մինչ օրս ոչ մի բան էլ չի կառուցվել»,- դժգոհեցին նրանք։
Խնդրի հետ կապված՝ զրուցեցինք նաեւ Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանի հետ։ Վերջինս հաստատեց բնակիչների դժգոհությունը՝ նշելով, որ դպրոցի կարիք գյուղում իրոք կա, բայց թե երբ կկառուցեն, ինքն էլ չգիտի. «Նոր դպրոցի կառուցումը տարիներ առաջ կառավարության որոշմամբ մտավ պետբյուջեի ծրագիր, մրցույթ հայտարարվեց, սկսեցին հին դպրոցը քանդել, քանի որ նախագծով նոր դպրոցը կառուցվելու էր հնի տեղում։ Էդպես քանդած թողեցին ու գնացին՝ չավարտելով հին դպրոցը քանդելը ու չսկսելով նորի կառուցումը»։
Գյուղապետն ասում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է կառավարություն. «Մի 200 անգամ նամակներ եմ ուղարկել, որտեղից պատասխանել են, թե տնտեսապես ձեռնտու չէ, ու հետո էլ՝ գումար չկա»։
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում