Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի հարցին հետեւող անմիտ աժիոտաժը մեր քաղաքական դաշտի խեղճության հերթական ակնառու վկայությունն է

Հոկտեմբեր 10,2013 11:24

Մեր քաղաքական դաշտն առանց այդ էլ նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակի մեջ կորցրել էր կողմնորոշիչները, իսկ սեպտեմբերի երեքից հետո, իսկ հիմա էլ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցից հետո լրիվ շեղվել է երկրի գլխավոր օրակարգերից: Երբ հետեւում ես լրատվությանը, թվում էՙ մեր ողջ երկիրն այլ զբաղմունք չունի` Զարուհի Փոստանջյանով զբաղվելուց բացի: Ախր ի՞նչ է եղել` հարց է, հնչեց-անցավ, հարց տվողը եթե իսկապես քաղաքական հարց էր ուզում տալ, եւ գոնե ԵԽԽՎ-ում դրան կսպասեին, նախագահին կհարցներ, թե ո՞րն է մեր դիրքորոշումը լինելու Վիլնյուսում, եւ հստակեցում կպահանջեր առ այն, թե որ նա ասում էՙ շարունակելու ենք եվրոպական համագործակցությունը` միայն քաղաքական մասով փաստաթո՞ւղթ է ակնկալվում Վիլնյուսում, թե՞ մի ուրիշ բան: Նախագահն էլ ստիպված կլիներ հստակեցնել, անկախ իր ելույթում հնչեցրած ընդհանուր մոտեցումներից: Սակայն մեր ողջ քաղաքական եւ լրագրողական դաշտի նման` ընդդիմադրուհին նախընտրեց անձի հարթույթում տրված հարց: Իրականում եւ սեպտեմբերի երեքից հետո ստեղծված քաղաքական դատարկությունը, եւ Փոստանջյանի հարցին հետեւող, մեր կարծիքով, անմիտ աժիոտաժը մեր քաղաքական դաշտի խեղճության հերթական ակնառու վկայությունն են կամ միգուցե մեծ խաղի մի մաս` ո՞վ գիտե: Դե արի ու կասկածամիտ մի դարձիր: Նախՙ իշխանամետները կենտրոնացան Զարուհու դիմավորման վրա` այդպիսով նրան հերոսացնելու առիթ տալով հենց իշխանական դաշտից: Իսկ հետո երբ արդեն փուչիկը փչված էր, մամուլի հակադարձմանը ունկնդիր` օդանավակայան չգնացին, բայց քանի որ ջինը շշից բաց էր թողնվել, Փոստանջյանին միակողմանի դիմավորումը դարձավ նրա կողմնակիցների եւ նրա համար եւս մի առիթ` մյուսներին հեգնելու:

Հիմա էլ նույն կերպ քաղաքականներն ու նրանց մերձ լրատվամիջոցները կենտրոնացել են ԵԽԽՎ պատվիրակությունից Փոստանջյանին հանել-չհանելու վրա, կարծես այս երկրում ոչ մի ուրիշ կարեւոր բան չկա, ոչ մի խնդիր չկա լուծելու, բոլորը կենտրոնացել են այդ հազարերորդական հարցի վրա` Փոստանջյանի ԵԽԽՎ-ում լինել-չլինելու: Բոլորը ենթադրություններով են զբաղված` կհանեն եկող տարեսկզբի՞ն, ռոտացիայո՞վ, թե՞ հիմա, քանի որ Ազգային ժողովի նախագահն է այդպես որոշել: Ի սեր Աստծո, մի ուռեցրեք այս հարցը, Զարուհուն մոռացեք, մանավանդ` նախագահ Սարգսյանը նրան պատասխանեց հանգիստ եւ կարեւորություն չտալով. հարց է, էլի, հնչել է, ի՞նչ եք լվից ուղտ սարքում, կմոռացվի, ինչպես դրա նման հազարավոր հարցեր են տվել բոլոր երկրների ընդդիմադիրներն իրենց երկրների նախագահներին: Էսպես իրար խառնվելու իմաստը չեմ հասկանում: Ընդդիմություն է, էլի, ինչ ասես կարող է խոսել, իր գործն այդ է, իշխանության գործն էլ ուշադրություն չդարձնելն ու գործով զբաղվելն է: Էդպես որ լիներ` Բեռլուսկոնին պիտի ողջ օրն իր ընդդիմադիրներով զբաղվեր ու չաշխատեր, քանի որ Աստծու յոթ օրն էլ ամենաթունդ հայհոյանքների էր արժանանում, սակայն հանգիստ շարունակում էր աշխատել: Անգամ իտալական ազգի լեգենդ Ադրիանո Չելենտանոն երբ ուղիղ եթերում վիրավորական որակումներ էր թույլ տվել Բեռլուսկոնիի հասցեին, Բեռլուսկոնին կամ նրա կողմնակիցները չկենտրոնացան դրա վրա, անգամ Բեռլուսկոնին հենց ուղիղ եթերում այդ վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց. «Մեր Չելենտանոն է, հո չեմ նեղանալու»: Ասածս այն է, որ Զ. Փոստանջյանի թեման մեր քաղաքականների օրակարգում է մնում արդեն օրեր այն պատճառով, որ նրանք միգուցե պարապ են եւ իրենց անելիքը չգիտեն ու այդ պատճառով ակամա, լրագրողների հետ ձեռքձեռքի տված` փչեցին այդ փուչիկը: Առհասարակ` հիմա առավել քան պարզ է, թե մեր քաղաքական դաշտն ինչպես է կցված անձերին, եւ ինչպես է մեկ երկու- հոգու տրամադրություններին համապատասխանեցնում կուսակցական հավաքական-խմբայյին տրամադրությունը, ինչպես է խմբովին ու հընթացս վազքը թեքում այն ուղղությամբ, ուր ինչ-որ մեկն ուղղորդում է, առանց մտածել կարողանալու դույզն-ինչ կամք ցուցաբերելու: Եղբայր, երկիրը բազում խնդիրներ ունի, վերցրեք հատ-հատ զբաղվեք, ու ոչ թե խմբային արշավով այս ու այն անմիտ թեմայի հետեւից վազ տվեք:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031