Օդանավակայանի հին ուղևորային համալիրի`Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր: Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները:
Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` 30 տարի ժամկետով, ընկերությունը որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել. «Սակայն ընկերությունը հիմա բացեիբաց հրաժարվում է կառավարության հետ կնքած պայմանագրից բխող պարտականություններից, ըստ որոնց պարտավորվում է պատշաճ ձևով օգտագործել այն և ցանկության դեպքում ներդրումներ և շինարարություն իրականացնել»:
Անահիտ Թարխանյանը նշեց, որ կառույցը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, և քանի որ սեփականատերը հրաժարվել է որևէ պատասխանատվություն կրելուց, ապա ինքն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել իր սեփականությունը հանդիսացող գույքը, նոր վարձակալ գտնել և շենքն օգտագործել փոքր ավիացիայի և մոտ տարածքներ չվերթներ իրականացնելու նպատակով: Հայտնում է Ankakh.com-ը:
«Առավոտ»-ի հետ զրույցում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պարզաբանեց իր առաջարկը Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորական համալիրի մասին. «Եթե վարձակալը, որը հանդիսանում է «Կորպորացիոն Ամերիկան», այլևս չի կարողանում կառավարել այդ շենքը և հրաժարվում է՝ դուրս է գալիս պայմանագրից, որով ինքը վարձակալել էր 30 տարով, ապա ես գտնում եմ, որ պետությունը պետք է հետ վերցնի Զվարթնոց օդանավակայանը և հանձնի այլ վարձակալի, որը և կօգտագործի ներքին ավիացիայի զարգացման համար: Նամանավանդ մենք մտել ենք Մաքսային միություն և Մաքսային միության շրջանակներում բազմաթիվ թռիչքներ կան, որի համար շենքը շատ ավելի լավ է աշխատելու և հենց այդ նպատակով էլ նախագծված է եղել»:
Կարդացեք նաև
Անահիտ Թարխանյանը նշեց, որ շենքը դիտարկվել է և այժմ էլ համարվում է ստրատեգիկ նշանակության հատուկ կառավարության ուշադրության շենք. «Այդպիսին են ընդամենը մի քանի շենքեր, որոնցից է ատոմակայանը, Սևան Արփա թունելը և մի քանի շենք, որոնք շատ բարձր սեյսմիկ պաշտպանություն ունեն և շինարարության ժամանակ թե՛ կառավարության, թե՛ անվտանգության համապատասխան մարմինների հատուկ հսկողության տակ են եղել: Այնպես որ՝ խոսակցությունները, որ նա թույլ է սեյսմիկ տեսակետից, բաբացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:
Երևանի փողոցներում անցկացված հարցման ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մի մասը շենքը համարում է խորհրդանիշ. «Ես մտածելակերպով, երևի թե, հին եմ, բայց, այնուամենայնիվ, ես այդ շենքը համարում եմ խորհրդանիշ: Շատ լավ հիշողություններ ունեմ նրա հետ կապված: Բայց եթե որոշել են, ի՞նչ արած, կարծում եմ, իրենք ավելի լավ գիտեն»:
Հարցման մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կան շենքեր, շինություններ, որոնք մեր մեջ ջերմ հուշեր են արթնացնում, որոնք Երևանի դեմքն են և ես կարծում եմ, ոչ մի կերպ չի կարելի նման շենքերը քանդել:
Մի թէ օդանավակայանի շենքի նման կառույցները մեր երկրում այնքան շատ են, որ կարելի է այն ոչնչացնել կոմերցիոն նպատակների համար։ Այսօր մենք դատապարտում ենք բոլշեվիկներին, որոնք վերացրեցին կրոնը խորհրդանշող հազարավոր պատմական հուշարձաններ (ՍՍՀՄ–ի տարածքում): Նույնը կատարվում է այսօր մեր երկրում։ Մենք փոքր երկիր ենք, ամեն մի կառույցի կորուստը, մեծ հարված է մշակույթային եւ ազգային արժեքներին։ Մենք փորձում ենք հանդես գալ որպես Եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ։ Մի թէ Եվրոպացիները այդպես են վարվում իրենց մշակույթային արժեքների հետ։
Իհարկե ես կողմ չեմ, որ ամեն հին կառույց քանդվի, սակայն տվյալ դեպքում այս կառույցը չի կարող համարվել ազգային արժեք: Անկեղծ խոսենք. սա անհրապույր, սովետական ժամանականերում կառուցված երկաթբետոնե մի կառույց է, որը հիշեցնում է մի հսկա թռչող ափսե: Այն նախագծված է շատ փոքր հոսքի համար և բացի այդ մութ և վերջապես անհարմար շենք է: Նույնիսկ մեր արտասահմանյան հյուրերի կողմից բազմիցս լսել եմ տվյալ կարծիքը: Վերջիվերջո այն խանգառում է օդանավակայանի արդի կոմպլեքսի ձևավորման աշխատանքներին: Բայց մենք հայերս ամեն ինչին հակառակվելու սովորություն ունենք: Լավ, միատ դուրս եկեք տեսեք ինչ մոդեռն օդանավակայաններ կան աշխարհում, միայն աղմկելով չէ. մերն ուրիշ է, մենք ամենաճաշակովն ենք և նման բաներ: Մի խոսքով ամեն ինչին պետք չէ հակառակվել: