Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Բոդրում քաղաքում անցկացվեց «Photomodel of the Universe -2013»`«Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթը, որին մասնակցում էին աշխարհի երեսուն երկրներից ժամանած քառասուն մասնակից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը:
Այս մրցույթ-փառատոնի հեղինակ հիմնադիրը եւս Աշոտ Խաչատրյանն է, նրա փոխանցմամբ`Հայաստանը մրցույթում ներկայացրել է հայտնի գեղեցկության մի շարք միջազգային մրցույթների մասնակից եւ մրցանակակիր Լուսինե Բեգլարյանը, որը 24 տարեկան է:
«Մրցույթում պայքարը շատ թեժ էր, քանի որ մասնակիցների թվում էին «Miss World», «Miss Universe», «Miss Model World», «Miss International» եւ այլ մրցույթների մասնակիցներ»,- նշեց Աշոտ Խաչատրյանը ավելացնելով, որ Լուսինե Բեգլարյանը շատ փայլուն ներկայացավ մրցույթում եւ հաղթեց «Միսս տաղանդ» մրցանակաբաշխության ժամանակ, ներկայացնելով Լարա Ֆաբիանի «Je t’aime» երգը: «Հոկտեմբերի 2-ին եզրափակչում հեղինակավոր ժյուրիի կողմից Լուսինե Բեգլարյանը արժանացավ նաեւ «Photomodel of the Universe -2013» առաջին մրցանակին: Այս մրցույթում գլխավոր մրցանակը բաժին հասավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Յանա Շիլովային, որը նաեւ «Krassa Russia» մրցույթի մասնակիցներից էր ու մասնակցել էր միջազգային մի շարք մրցույթների:
Կարդացեք նաև
Երկրորդ տեղը ստանձնեց Բելառուսի ներկայացուցիչ 27-ամյա Յաուհենիա Բաչարյակավան, որը շատ հայտնի մոդել է եւ հատուկ այս մրցույթի համար ժամանել էր Չինաստանից, որտեղ աշխատում է Շանհայի ամենահայտնի մոդելային գործակալությունում»,- նշեց Աշոտ Խաչատրյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել նաեւ «PRINCESS OF THE GLOBE-2013» միջազգային գեղեցկության եւ նորաձեւության աշխարհի եզրափակիչը, որտեղ էլ հաղթող են ճանաչվել Ուկրաինայի, Հարավային Աֆրիկայի, Լատվիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ