Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղերն այս տարի էլ կջեռուցվեն ավանդական եղանակով

Հոկտեմբեր 09,2013 22:37

Եղանակները ցրտելուն պես Սյունիքի մարզի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առջեւ են կանգնում: Հատկապես մեծ դժվարությունների են բախվում մարզի չգազաֆիկացված գյուղերը, որտեղ գյուղացիները ամեն անգամ ձմռան շեմին վառելափայտի հայթայթման  դժվարին գործին են լծվում:

Tcav-gyugh

Գյուղաբնակների դժգոհությունը նույնն է՝ անտառից օգտվել չի թույլատրվում, հատկացվելիք թափուկներով ամբողջ ձմեռը հնարավոր չէ տուն տաքացնել, իսկ վաճառվող փայտի գինն էլ գյուղացու գրպանի համար թանկ է: Հատկապես դժվարանում է արգելոցի հարակից գյուղերի բնակիչների գործը:

Կապանի տարածաշրջանի Ծավ, Ներքին Հանդ եւ հարակից «Շիկահող» պետական արգելոցի սահմանակից մյուս գյուղերի բնակիչները մշտապես իրենց դժգոհությունն են արտահայտել այն մասին, որ փայտ բերելու տարածք չունեն, քանի որ մոտակա անտառները արգելոցի տարածքում է գտնվում, որտեղից էլ փայտ բերելն արգելվում է: Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղը հարակից չէ  արգելոցին, բայց այստեղ նույնպես վառելափայտի հոգսը մեծ է:  Գյուղացիներն անկեղծանում  են, ով ինչպես կարողանում է՝ հարցը լուծում է. ոմանք այգու պտղատու ծառերն են կտրում՝ ձմեռը տունը տաքացնում, ոմանք էլ փայտ են գնում: Գյուղապետ Արծրունի Հարությունյանը նշեց, որ ջեռուցման հարցը բազմիցս է բարձրացրել, երկու տարի առաջ էլ դիմել էր նախկին մարզպետին:

«Ջեռուցման հարցը դժվար է մեր գյուղում, փայտի հոգսն ընկած է բնակիչների վրա:  Գյուղացիներին նեղած են պահում, գիտեն, թե անտառն իրենց սեփականությունն է: Անտառտնտեսությունը շատ խիստ է, 8 խ.մ թափուկների համար չեկ են բաժանել, բայց էդ չեկ տվողը չի իմանում, թե որ տարածքից տրամադրի գյուղացուն էդ 600 խ.մ թափուկը՝ հավաքի, ինքնահոսի մեջ է, ով ոնց ցանկանում է, ոնց կարողանում է, հոգում է ձմռան փայտի հոգսը: Գյուղը գազաֆիկացված չէ եւ մոտակա 10 տարում հավանական է, որ չգազաֆիկացվի, բայց հույսեր կան, խոստումներ նախկին մարզպետի կողմից: Չգիտենք մեր էսօրվա լավ մարզպետը էդ հարցը ոնց կվճռի, բայց հուսով սպասում ենք»,- ասաց գյուղապետը: Նրա համոզմամբ՝ գազաֆիկացման պայմաններում գյուղացիներն ի վիճակի կլինեն վճարել ծախսած գազի վարձավճարը: «Քանի որ հիմնականում մեծահասակներ են մնացել գյուղում, նրանց բարեկամները դրսից գումարներ են ուղարկում, կարող են վճարել: Գազը մեր գյուղի համար ձեռնտու կլինի», – հավելեց Արծրունի Հարությունյանը:

Իսկ թե ե՞րբ կգազաֆիկացվեն Սյունիքի գյուղերը դեռ պարզ չէ, համենայնդեպս այս տարի էլ գյուղացիները ստիպված կլինեն տների ջեռուցման հարցն հոգալ ավանդական եղանակով: Իսկ մարզում բավականին մեծ թվով չգազաֆիկացված գյուղեր կան՝ հատկապես Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031