Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկության մեկնարկից ամբողջ երկրի ընտրատեղամասերում խախտումներ են տեղի ունենում, որոնք՝ «լրջորեն ազդում են ընտրության արդյունքների վրա», ասված է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (ԺՈւԱԽ) դաշինքից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական շտաբի հայտարարության մեջ: Հաղորդում է «Կավկազկսի Ուզել» լրատվականը:
«Խախտումները զանգվածային բնույթ են կրում ամբողջ երկրով մեկ և արվում են հօգուտ «Ենի Ադրբեջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևի: Այդ խախտումները Ջամիլ Հասանլիի հաղթանակը կանխելու նպատակ ունեն: Քվեարկության մեկնարկային ժամերից արդեն սկսվել էին Հասանլիի վստահված անձանց և անկախ դիտորդների նկատմամբ ճնշումները: Շատ դեպքերում ընտրողներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր: Որոշ տեղերում թույլ չեն տվել դիտարկում կատարել կամ հեռացվել են ընտրատեղամասից», – ասված է հայտարարության մեջ:
«Ենի Ադրբեջան» կուսակցությունն իր հերթին հայտարարել է, որ ԺՈւԱԽ-ի դիտորդները և Ջամիլ Հասանլին փորձել են սադրանքներ իրականացնել ու «խախտել ընտրական գործընթացը»:
ԱՊՀ-ի դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկությունն անցնում է հանդարտ մթնոլորտում և գրանցվել են մանր խախտումներ: ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, ամերիկացի Բարբարա Միլլերը հայտնել է, որ Ադրբեջանի ընտրություններն անցնում են բարձր մակարդակի վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ