Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ն «կանաչ լույս» վառեց վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի համար

Հոկտեմբեր 09,2013 19:00

azatutyun.am․  Եվրոպական խորհրդարանը այսօր կողմ քվեարկեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ետընդունման համաձայնագրերին՝ փաստորեն հաստատելով իր պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ մարդկանց տեղաշարժի և նրանց ապահով վերադարձի հարցերի շուրջ:

Այսպիսով՝ Եվրամիությունը համաձայն է Հայաստանի քաղաքացիներին ավելի դյուրին պայմաններով տրամադրել Շենգեն արտոնագիրը, փոխարենը պարտավորեցնելով Հայաստանին ետ ընդունել Եվրոպայում ապօրինի գտնվող իր քաղաքացիներին:

Երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկել էին 2011-ին` արձանագրելով, որ Արևելյան գործընկերության ծրագիրը բացի քաղաքական և տնտեսական համագործակցությունից ընձեռում է հնարավորություն հարաբերությունները խորացնել նաև մարդկանց տեղաշարժի, վիզային քաղաքականության և ետընդունման հարցերում:

Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունից հետո Հայաստանում կարծիքներ էին հնչում, որ ԵՄ-ն կարող է չվավերացնել այս համաձայնագրերը: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, սա համագործակցության առանձին ոլորտ էր, որի սկիզբը դրվեց Ասոցացման համաձայնագրի համատեքստում, սակայն որպես «պարգև» մնաց Հայաստանին` անկախ Ասոցացման համաձայնագրի հետ ծագած խնդիրներից:

Եվրոպացի պաշտոնյաները, սակայն, հիշեցնում են, որ վիզայի դյուրացման համաձայնագիրը վերաբերում է միայն կարճաժամկետ վիզաների ընթացակարգերի դյուրացմանը:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով Շենգենյան գոտու երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես, պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ-ի երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ-ի երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների և այլոց համար: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան գոտի մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ azatutyun.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031