Այսօր «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» թեմայով սեմինարի ժամանակ փորձագետ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Եվրամիության եւ Մաքսային միության անդամ երկրների պետական գնումների համակարգերի համեմատական վերլուծությունները, եւ բավականին հետաքրքիր տվյալներ ներկայացնելով՝ մի սարկաստիկ միտք արտահայտեց, թե մի հարցում Հայաստանը էականորեն կշահի Մաքսային միություն մտնելուց, դա այն է, որ մենք նույն կենցաղ-տնտեսական մշակույթի կրողն ենք:
Նա դառը հեգնանքով նկատեց, որ ՄՄ երկրների եւ Հայաստանի հասարակական մշակույթը՝ կոռուպցիոն բարձր ռիսկեր, խնամի-ծանոթ-բարեկամ համակարգի ծաղկուն վիճակ եւ այլն, լիովին համադրելի են: Եվ եթե մեր նպատակը՝ այս առումով համադրելի եւ հոգեհարազատ միջավայր գտնելն է, ապա Մաքսային միությանը միանալը ճիշտ որոշում էր:
Այս հարցի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց ազգագրագետ Աղասի Թադեւոսյանի հետ: Որքանո՞վ է նա համամիտ, որ Հայաստանը եւ ՄՄ երկրները կենցաղային, տնտեսական մշակույթի առումով համադրելի են, եւ արդյոք պե՞տք է մնալ այդ համադրելի, բայց վատ միջավայրում, թե ձգտել դեպի այլ, ավելի քաղաքակիրթ մշակույթ:
Ըստ Աղասի Թադեւոսյանի. «ՀՀ եւ ՄՄ երկրների միջեւ մշակութային ընդհանրությունը սովետական ժառանգությունն է, որը պետք է փորձենք հաղթահարել եւ ոչ թե փորձել ինտեգրվել այդ բացասական ժառանգության միջավայրին: Իհարկե, Ռուսաստանը կոռուպցիայի մեծ ավանդույթներ ունեցող երկիր է՝ դեռեւս ցարական շրջանից եկող, եւ մենք որպես Ռուսաստանի գաղութ՝ նաեւ սովետական շրջանում, բավականին այդ «մշակույթը» կլանել էինք, դրա համար ունենալով նաեւ ասիական ժառանգությունը: Բայց այսօր խնդիր ունենք հաղթահարել այդ գաղութատիրական մշակույթը»:
Կարդացեք նաև
Պարոն Թադեւոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ըստ Թադևոսյան Աղասու,ինքն իր կյանքի զգալի մասն անցկացրել է ,,գաղութացված,, երկրում՝ ստրուկի կարգավիճակո՞ւմ և 1991 թվականից աչք ու երեսը բացվել է ու հիմա միանգամից ուզում է կտրվել նաև ասիական միջավայրից ու նետվել մեզ գրկաբաց սպասող՝ բավականին կասկածելի ու այլասերված արժեհամակարգի ճահճուտ՝ ,,Եվրոբարդել,, հասարակաց տուն…Բայց թե նա ի՞նչ բարոյական իրավունքով է խոսում ողջ ազգաբնակչության անունից՝ անհասկանալի է…Խորհուրդ կտայի ազգագրագետին ևս 1 անգամ ուսումնասիրել անցյալ դարասկզբին եվրոօլոխների կողմից մեզ թուրքական յաթաղանին հանձնած եվրոհանցագործության փաստին…