Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի դատախազին տեղյակ չեն պահել քավորի Հարութի որդու ազատ արձակման մասին

Հոկտեմբեր 09,2013 18:03

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էին քավոր Հարութի շրջապատի մարդիկ ու նաև ոստիկանական որոշ աղբյուրներ, երեկ համաներմամբ ազատ են արձակել Հարություն Խաչատրյանի լողի վարպետ որդուն` Գևորգ Խաչատրյանին, որին կալանավորել էին ապօրինի զենք կրելու համար:

Հիշեցնենք, որ քավոր Հարութի անչափահաս որդին ապրիլի 23-ին, լսելով, որ կրակոցներ են հնչում իրենց տան դիմաց ու փորձում են սպանել իր հորն ու իրենց մտերիմներից մեկին` Շեկոյին, վերցնելով իրենց տանը գտնվող AK 74 տեսակի ինքնաձիգը մայկայով դուրս էր նետվել տնից, սակայն զենքը չէր օգտագործել: Այդուհանդերձ նրան կալանավորել էին ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Aravot.am-ը ԱՆ քրեակատարողական վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանից փորձեց ճշտել՝ մի՞թե երիտասարդին ազատ են արձակել համաներմամբ, սակայն վերջինս հայտնեց, որ դատարանը փոխել է նրա խափանման միջոցը ու խորհուրդ տվեց դիմել նախաքննական մարմնին:

Մենք դիմեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին (լուսանկարում) ճշտելու, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակվել Գևորգ Խաչատրյանը, նրա խափանման միջո՞ցն են փոխել, թե՞ նրա վրա համաներում է տարածվել: Դատախազն այս մասին տեղեկացավ մեզնից:

Քիչ անց պարզաբանեց հետևյալը.  «Դատարանը փոխել է Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը` այն է` ստորագրություն բնակության վայրից չհեռանալու մասին, որի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումը դատախազությունը դեռևս չի ստացել: Իսկ Գ.Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Գևորգ Խաչատրյանը գտնվել է կալանքի տակ»: Ի դեպ, դատական նիստը նշանակված է վաղը:

Իսկ կիրառելի՞ է համաներումը Գևորգ Խաչատրյանի նկատմամբ, հետաքրքրվեցինք դատախազից: Նշենք, որ մեզ հետ զրույցում քավոր Հարութի շրջապատի մարդիկ, ովքեր շտապել էին ասել, թե նա համաներմամբ ազատ է արձակվել՝ պնդում էին, որ համաներում կիրառելիս հաշվի են առել Գևորգի` զենք կրելու պահին անչափահաս լինելը (նա վերջերս նոր միայն չափահաս է դարձել), նրա դրական բնութագիրը, համեստ երիտասարդ, սպորտսմեն լինելն ու հանրապետությանը լողի ասպարեզում մեծ հեղինակություն բերելը և այլն: Կարեն Շահբազյանը պարզաբանեց, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածի վրա տարածվում է համաներումը, իսկ այդ անձի նկատմամբ կիրառելի է, թե ոչ, գոյություն ունի ընթացակարգ, պիտի ուսումնասիրվեն ու ստուգվեն բազմաթիվ հանգամանքներ: Ըստ դատախազի, շատ «եթե»-ներ կան համաներում կիրառելու պահանջի մեջ , «եթե»-ները կստուգվեն, նոր միայն համաներումը կտարածվի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031