Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Մաքսային միությանը միանալը՝ առանց ընդհանուր սահմանի, աննախադեպ է եւ մեզ ոչինչ չի տալիս» (տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2013 17:51

6850Այսօր «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա թե Ռուսաստան» թեմայով սեմինարի ժամանակ  տնտեսագետ Վահագն Ղազարյանը ներկայացրեց այն հիմնական տարբերությունները, որոնք կան Մաքսային միության եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի միջեւ:

Պարոն Ղազարյանին «Առավոտը» խնդրեց առանց բարդ տերմինների, պարզ եւ մատչելի լեզվով մեր ընթերցողների համար ներկայացնել այդ երկու այլընտրանքների (թեեւ հիմա արդեն պարզ է, թե որ ուղղությամբ է մեր երկիրը շարժվում) միջեւ տարբերությունը:

Ըստ փորձագետի՝ դասական ազատ առեւտրի եւ դասական մաքսային միության միջեւ կա մեկ հիմնական տարբերություն. «Մաքսային միության պարագայում երկիրն իր արտաքին տնտեսական սահմանը ամբողջությամբ տրամադրում է ի տնօրինումն Մաքսային միության մարմիններին, որոնք էլ դառնում են հիմնական որոշում կայացնողները: Իսկ ազատ առեւտրի ժամանակ երկիրը, փոխադարձ առեւտրից բացի, իր արտաքին սահմանը բոլոր երրորդ երկրների հետ օգտագործում է եւ իր տնտեսական քաղաքականությունը իրականացնում է իր իսկ տնտեսական եւ այլ շահերից ելնելով»:

Ավելի կոնկրետացնելով, եւ անդրադառնալով հենց մեր դեպքին՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին (ԽՀԱԱՀ) եւ Մաքսային միությանը, պարոն Ղազարյանը ասաց. «ԽՀԱԱՀ դեպքում մենք արդեն իսկ ունեինք ակնկալելի բավականին լուրջ ֆինանսական աջակցության ռեսուրս, որը պետք է փակեր մեր ողջ ծառայությունների դաշտը՝ եվրոպական պահանջներին եւ չափանիշներին մեր տնտեսության համադրելիությունը ապահովելու համար: Մաքսային միության դեպքում մենք չունենք դա, մշուշոտ է, եւ պարզ չի, թե ինչ ռեսուրսներով ենք համապատասխանեցնելու մեր արտաքին սահմանի ընթացակարգերը ՄՄ պահանջներին»:

Սեմինարի ժամանակ իր ելույթում պարոն Ղազարյանը նկատեց, որ աշխարհում գոյություն ունեցող մի քանի մաքսային միություններից եւ ոչ մեկում չկա նախադեպ, որ այդ միությունների որեւէ անդամը Միության հետ չունենա ընդհանուր սահման: Իր պատասխան խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա Գագիկ Քոչարյանը փորձեց համոզել, որ եղել են լուրջ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ՝ այդ արգելքը հաղթահարելու ճանապարհներ գտնելու համար, եւ այդ հարցը, ըստ էության, լուծված է: «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ էր այդ բացատրությունը ընդունելի իր համար, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Բացատրությունները ցանկացած պարագայում ընդունելի են,որովհետեւ իրենք իրենցով ռացիոնալ ինչ-որ բան պարունակում են, բայց … Ի՞նչ է նշանակում Մաքսային միություն, դա նշանակում է, որ քո արտաքին սահմանը դա ընդհանուր սահման է: Մեր դեպքում, չունենալով ընդհանուր սահման, պարփակվում ես, կղզիանում ես… իմ արտաքին սահմանը դառնում է մաքսային միության սահման… Է՝ իմ սահմանն էր, ինչի՞ տրամադրեցի նրան…»:

Բացի այդ, Մաքսային միությանը միանալով՝ չունենալով ընդհանուր սահման, մենք այսպես թե այնպես չենք ազատվում մաքսային ընթացակարգերից, որը հենց նման միությունների նպատակն է: «Փաստորեն, մենք մաքսային ընթացակարգերից չենք ձերբազատվում,ինչը անհրաժեշտ է Մաքսային միության ժամանակ, որպեսզի ապրանքը տեղափոխվելու ժամանակ ընթացակարգ չանցնի: Վանաձորից Երեւան ապրանքը տեղափոխվում է առանց մաքսային ընթացակարգի, բայց այս պարագայում անցնելու է այդ ընթացակարգերը, լինի դա Վրաստանի սահմանին, թե Պարսկաստանի, թե այլ տարածքով: Դա նշանակում է, որ մաքսային միությունը իր դասական իմաստով չի գործում: Ինչն էլ բավականին բարդացնում է, դարձնում է գրեթե անհնար՝ ստանալ բոլոր այն առավելությունները, որոնք հնարավոր են մաքսային միություն ձեւավորելու դեպքում»:

Պարոն Ղազարյանը խոսեց նաեւ մաքսատուրքերի հնարավոր բարձրացման մասին. «Մաքսատուրքերը բարձրանալու են միանշանակ՝ երրորդ երկրների հետ: ՄՄ երկրների հետ դրանք զրոյական են լինելու, բայց մենք հենց զրոյական էլ ունենք, ոչինչ չենք շահում այդ պարագայում: Այլ երկրների հետ մենք ունենք պարզեցված ընթացակարգ՝ 0 եւ 10: ՄՄ անդամ երկրները կիրառում են բավականին բարդ ընթացակարգ. օրինակ, թարմ մսի ներմուծման դեպքում ՄՄ երկրներ՝ գանձվում է 5% մաքսատուրք, երբ Հայաստանում 10% է: Թվում է, թե ավելի ցածր է, բայց այստեղ կա մի «բայց», այդ 5%-ը միայն այն դեպքում է, եթե կազմում է ոչ պակաս, քան 8000 եվրո մեկ տոննա ապրանքի համար: Այսինքն՝ ութ եվրո մեկ կգ -ի համար 5%-ը կդառնա միայն այն դեպքում, եթե ապրանքի մեկ կիլոգրամը լինի 200 եվրո: Բայց մենք ներմուծում ենք 4 եվրոյանոց միս, այդ դեպքում 200% է:

Այդ պարագայում ինչո՞վ է ձեռնտու Մաքսային միությանը միանալը՝ մեր այս հարցին ի պատասխան փորձագետը ժպտաց. «Բավականին բարդ հարց եք տալիս: Տնտեսական դաշտում ես չեմ տեսնում արտոնություններ, քաղաքական դաշտում միգուցե կան, որ չեմ տիրապետում»:

Իսկ գազի գի՞նը՝ հարցրեցինք, դա՞ էլ է անորոշ: Պարոն Ղազարյանը պատասխանեց, որ գազի գինը գուցե բնակչության համար իջնի, բայց դա սոցիալական հարց է, ոչ թե տնտեսական:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031